Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՜նչ մի տղեք են մեր չեմպիոնները, ինչպես ասում են՝ մորթեցին». Գյումրու քաղաքապետը հրճվանքի մեջ է (Ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2015 19:00

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգեւատրեց Հայաստանին փառք ու պատիվ բերած սպորտսմեններին ու նրանց մարզիչներին: Քաղաքապետը նրանց բարեւելուն պես հարցրեց. «Լավ չարեցի՞նք տաշի-տուշին վերացրեցինք, գոնե մի բազմազավակ ընտանիքի համար տուն կգնենք: Այնպես որ կներեք, որ այս անգամ համեստ ձեւով եմ Ձեզ պարգեւատրում»:

Այնուհետ Սամվել Բալասանյանը թվարկեց, թե ինչ հաջողություններ  է ունեցել Գյումրին  սպորտային ոլորտում 2015 թվականին: «Շատ մեծ հաջողություններ ենք ունեցել աշխարհի առաջնություններում. 5 ոսկե մեդալ են բերել եւ երկրորդ տեղում՝ երկու հատ: Ուրեմն Եվրոպայի առաջնություններում 5 հատ ոսկե մեդալ ենք ունեցել, երկրորդ տեղ՝ արծաթե 4 հատ եւ բրոնզից 6 հատ: Բերենք ծափահարենք, մեր քաղաքի պատվը բարձր եք պահում: Միջազգային մրցաշարերում 18 հատ ոսկե մեդալ ենք ունեցել, 21 արծաթե մեդալ, եւ 3-րդ տեղ՝ 38 հատ բրոնզե մեդալ: Բերեք իրենց էլ ծափահարենք: Հայաստանի Հանրապետության առաջնությունը, մի հատ խոսք կա, ասում են՝ մորթել եք էլի , առաջին տեղ 130 ոսկե մեդալ, երկրորդ տեղ՝ 123 արծաթե եւ 3-րդ տեղ բրոնզե՝ 131 մեդալ: Ընդհանուրը մեդալների թիվը…»:

Քաղաքապետի խոսքը բերանում մնաց, քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանն ասաց՝ 483 է, քաղաքապետը ծիծաղով  շարունակեց. «490 կլրացնենք, ի՞նչ է եղել , ոսկին ասացի 158, արծաթը՝ 150 եւ բրոնզը՝ 175»:

Պարգեւատրումների ժամանակ Գյումրու քաղաքապետը երեխայի պես հրճվում  էր՝ նրանցից յուրաքանչյուրին հաճոյախոսություններ անելով:IMG_1758 IMG_1768

Առաջինը պարգեւատրեցին աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որին Սամվել Բալասանյանը գրկել ու բաց չէր թողնում: «Հալալ է, հալալ է, Աստված տա Արթուրս օլիմպիական չեմպիոնով հետ գա: Էգ տարի 4 միլիոնի չափով պարգեւատրեցինք Արթուրիս, էս է մեր հնարավորությունները», -ասաց քաղաքապետը:

Մեկ միլիոն դրամով էլ պարգեւատրեցին չեմպիոնի մարզիչին, որը նրա հայրն է՝ Գեւորգ Ալեքսանյանը, որն ասաց՝ կարեւորը գումարի չափը չէ, կարեւորն այն է, որ ի սրտե է արվում:

Քաղաքապետը մեկ անգամ հիշեցրեց, որ այս ամենն արվում է  համայնքի կողմից, որի բյուջեն ձեւավորվում է գյումրեցիների հարկերով:

Սամվել Բալասանյանն այնպես էր ոգեւորվել, որ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանին պարգեւատրելիս, ասաց՝ «սիրուն էլ տղա է , ամուսնացա՞ծ ես», մարզիչ Վահան Բիչախչյանին էլ պարգեւատրելիս, բացականչեց. «Օ՜հ, հին ոսկոր ես»: Այնուհետ նստածներին հրահանգեց. «Մի հատ ջիգյարով ծափ տվեք»: Իսկ փոքրիկ Արտակ Սարիբեկյանին, որը փոքր տարիքային խմբում դարձել է Եվրոպայի երրորդ մրցանակակիր, Սամվել Բալասանյանն ասաց. «Հլը արի մի հատ գրկեմ քեզի»:IMG_1769 IMG_1770

Այնուհետ բարձրացրեցին շամպայնի բաժակները, Գյումրու քաղաքապետը խնդրեց սպորտսմեններին երկու օլիմպական ոսկի բերել, ու Գյումրիի նման քաղաք աշխարհում չի լինի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031