Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգահեռ իրականության  «քրքիջ»

Դեկտեմբեր 26,2015 16:32

Շատ տարիներ առաջ գայթակղություն ունեցա ինձ համար որոշել, որ պոեզիայի ժամանակն անդարձ կորսվել է, եւ բանաստեղծելն այլեւս ոչ այնքան անպտուղ, որքան ծիծաղելի զբաղմունք է: Չափածո տեքստը վանում էր: Բայց պատահեց այնպես, որ նպատակադրվեցի գրել Տերյանի քաղաքական ֆիասկոն՝ գործունեությունը բոլշեւիկյան Ազգությունների կոմիսարիատում, բանավեճը Ստալինի հետ, պաշտոնաթողությունը, Մոսկվայից հեռանալը՝ ահա այդ հայտնի պատմության ներքին գալարներն էին հետաքրքրում, իսկ փաստական նյութն անբավարար էր եւ ստիպված էի վերընթերցել նրա վերջին բանաստեղծությունները:

Եւ միտքս մեխվեց Օ՜, կգան օրեր ավելի դժնի տողի վրա: Արխիվային եւ ոչ մի փաստաթուղթ, հուշագրության ոչ մի վկայում այդպես դիպուկ, լրիվ-ամբողջական չէ , ինչպես ստույգ մատնանշում է այդ բանաստեղծությունը: Բայց դա դեռեւս գյուտ չէր: Տեքստը հրաժեշտի շեշտադրություն է հուշում՝ Տերյանի խոսքում նման նշումները բազմաթիվ են: Այստեղ հրաժարումի բացահայտում կա նաեւ, իսկ ընդհանրացումը գրեթե մարգարեական է՝ գալիք արհավիրքների, կործանումների ստույգ կանխազգացում:

Տերյանն ինձ վերադարձրեց պոեզիայի հանդեպ երկյուղածությունը: Որովհետեւ հասկացա՝ բանաստեղծական տեքստը կենդանի իրողություն է, որ պրագմատիկ աշխարհի իրադարձություններին զուգահեռ գոյում է, եւ մենք հաճախ այդ իրականության մեջ ավելի երկար ենք ապրում, քան՝ մեր երկրային կյանքն է:
Այսքանն ինչու՞ գրեցի:

Հարցիս պատասխանն այս միջարկումն է, երեւի: Կարդում էի ակադեմիական մի աշխատություն: Նորագույն շրջանի պատմությունն է: Էպոխան մերն է, դեռ չի փակվել, բայց պատմաբանների հեղինակային խումբը հավակնություն է ունեցել անսանձ երամակի վարգի նման փոթորկվող իրադարձությունները խցկել անհույզ շարադրանքի մի քանի տողերում: Ակադեմիական պատմագիտությունն, իրոք, եթե կեղծ չէ հիմնովին, ապա հաստատ կոնյունկտուրային է: Ժամանակը սահմանում է գեղարվեստը:

Սիրեցեք իմ երկիրը,
Նա այնքան լավն է.
Արծիվները ժայռերի
Կատարներին
Կտցում են ամպի
Ծվենները՝
Զգաստ՝
իրենց
Սահմաններին…

Սլավի- Ավիկ Հարությունյանն է: Չգիտեմ՝ որքանո՞վ եմ հեղինակային ընկալմանը հասու, բայց եթե անգամ սխալվում եմ, միեւնույն է՝ պիտի ասեմ, որ հայրենիք նշելու այս իմացությունը հենց էպոխայի ճշմարիտ բնութագիրն է: Անվարան ասելի է՝ արժանապատվության բացարձակում, որի շուրջ կարելի է նույն հարթություն բերել ՛՛ողբի հայրենիք, որբի հայրենիք՛՛՝ հայ դասական պոեզիայի մորմոքներն ու վերջնականապես համոզվել, որ մենք, այո, հաղթանակած ժողովուրդ ենք, որովհետեւ չի ասում՝ ՛՛փրկեք իմ հայրենիքը՛՛, ասում է՝ ՛՛սիրեք իմ հայրենիքը՛՛, քանզի արծիվներն այնտեղ իրենց սահմաններին զգաստ կանգնած են եւ ամպ են կտցում,- հասկանու՞մ եք:

Ես չեմ հարցնում, բանաստեղծության տեքստն է այդպես թրթռում.
Սեւանում թռչում են
Սպիտակ ճայերը՝
Մայրամուտի
Ջրերին
Թեւերը՝
Թաց:
Բաց երկնքի վրա
Առավոտին
Այս՝ Արարատը
Խոհուն՝
Երեւանն իր
Ափի մեջ
Առագաստի նման
Աստծուն պարզած:

Բիբլիականն ու այսօրը: ՛՛Այնտեղ մի քիչ խառն է՛՛,- մեր երկրում: Բայց ՛՛այստեղ սեւ աչքերով-խոշոր աղջիկներ կան կույս, ցավի-հույսի ճամփաներին նայող թաքուն՛՛,- իրականությունը, սակայն, մնում է պոետական զուգահեռի վրա.
Սիրեցեք իմ երկիրը
Այստեղ՝ դեռ մայրամուտին
Արեւներ են
Պառկում
Պատարագին՝
Սառչող հողում,
Զանգերն են եկեղեցու
Աղաղակում
Ղողանջ-ղողանջ:
Տեսե՜ք-տեսե՜ք-տեսե՜ք
Ինչպես՝
Այստեղ՝
Այսօր-դեռ
Սպիտակ ճայերն են
Սեւանի
Մայրամուտին
Արեւի
Պաղ
Ցոլքերի
Տակ
Հպարտ
Բացված՝
Թեւերը լայն՝
Թեթեւ՝
Թռիչքի մեջ՝
Խաչված:

Երբ պրագմատիկ իրականությունը հաղթահարվում է, ավելի ճիշտ՝ հաղթվում, գոյավորվում է զուգահեռի իրականությունը: Ահա գեղարվեստի, տվյալ դեպքում՝ պոեզիայի, կոչումը: Սլավի- Ավիկ Հարությունյանը երկրային ժամանակի սոցիալ-քաղաքական խառնաշփոթը հաղթահարել է, իրականությունը, եթե կարելի է ասել, տրվել է նրա բանաստեղծական ներհայեցողությանը, եւ ծնվել է զուգահեռի իրականությունը, որ վաղը լինելու է:
Մեր տեղը
Նոր մարդիկ
Նոր տներ կսարքեն
Նոր մարդիկ
Նոր հողը կհերկեն
Կսիրեն նոր կանանց
Առվույտի կապույտում-ցորենի
Արտերում
Եւ միայն
Երկնքում
Ամպեր կլինեն
Կապույտ-սպիտակ-բաց
Երբեմն մոխրագույն:

Բանաստեղծությունը չի հանդուրժում, երբ հեղինակային տեքստի ընթացքը փորձում ես տանել ՛՛ամփոփման՛՛: Մոլորություն է, թե կարող ես գուշակել՝ վաղն ի՞նչ ՛՛խելագարություն՛՛ է բերելու: Ամեն ինչ սիրելի է, եթե հանդիպում ես բնազանցականի հանդեպ քո անիմացության վրա պոետական ՛՛քրքջոցի՛՛:
P.S. Հանդգնություն ունեմ կարծելու, որ տեխնիկայի բոլոր գյուտերը՝ Արքիմեդի էվրիկայից մինչեւ ռազմական տեխնիկայի ռոբոտացում, համաշխարհային Ոգու կոդավորումներ են, որ էպոխա առ էպոխա տրվում են մարդկային ցեղին: Աստված չի կոդավորել միայն ստեղծման գաղտնիքը: Բայց որպեսզի մենք աշխարհից բացարձակապես անգետ չմնանք՝ նա կոդավորել է խոսքի ստրուկտուրան: Երեւի՝ աշխարհստեղծման այն նույն ռիթմով, ինչ Աստվածաշունչն է պատմում: Եւ ում տրված է, հաղորդակցվում է Ստեղծման հրաշքին: Աստվածաշնչից վեր՝ բանաստեղծական տեքստ չկա: Ես Աստվածաշունչը մինչեւ վերջ չեմ կարդացել: Ամենաձանձրալի տեքստն է, եթե չես հավատում…

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Լուսանկարում Սլավի-Ավիկ Հարությունյանն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031