Դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Ազգային գրադարանում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ամփոփեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, գրահրատարակչության, գրադարանների գործունեության և միջազգային համագործակցության ոլորտների ծրագրերը:
Ի թիվս այլ հարցերի, Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ օրենսդրական դաշտի իմաստով ոլորտը լիարժեքորեն կարգավորված է, կա համապատասխան օրենք եւ ինը որոշում, մանրամասներն էլ կարգավորում են ընթացիկ հրամաններով: Նա նշեց, որ բաց հասանելիության սկզբունքով մոտ 3 միլիոն թվայնացված էջ է տեղադրված համացանցում, հայ հնատիպ գրքերի թվայնացումը՝ Հայաստանում առկա եւ դրսի, ամբողջությամբ ավարտվել է ու հասանելի է համացանցում: Պարբերական մամուլի պակաս հասանելի եւ հազվագյուտ նմուշներն էլ են արդեն թվայնացվել: Նշվեց, որ մարզային եւ համայնքային գրադարանները համալրվել են 58 838 միավոր գրականությամբ, միան մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում ընթերցողներին տրամադրվել է 3 585 316 գիրք:
Համացանցում առկա Հայաստանի գրադարանների բոլոր գրքերը կարելի է համացանցում տեսնել՝ ALEPH (Հայաստանյան գրադարանների ավտոմատացված ցանց)-ի շնորհիվ: Թվայնացվել է 675 գիրք (200 793 էջ) եւ 20 քարտեզ:
Կարդացեք նաև
Փոխնախարարը հավելեց, որ Հայաստանի ազգային գրադարանի կարգավիճակի հարցն է ներկայումս կարեւորվում: Այսօր արդեն 34 հավատարմագրված գրադարան կա արդեն Հայաստանում:
Այս պահին ավելի ընդլայնվելու է 2016-ի համար աջակցության ծրագիրը՝ ի հաշիվ պետական պատվերի, որպեսզի հրատարակիչները կարողանան ավելի մատչելի դարձնել ընթերցողին գիրքը, նաեւ պետական քարոզչության համատեքստում կարեւոր գրքերն են հրատարակվելու: Օրինակ Արտավազդ Փելեշյանի մասին պատմող ալբոմային գիրքը կհրատարակվի, կթվայնացվեն Հրանտ Մաթեւոսյանի անտիպ գործերը: Թարգմանական գրականությանն էլ անդրադարձ եղավ: 2015 –ին ընձեռվել է արտերկրի թարգմանական հրատարակչություններին օժանդակելու ծրագիր, օրինակ, Մահարու «Այրվող այգեստանները» եթովպերեն կհրատարակվի: Փաստվեց, որ Ռուսական հայտնի «Զնամյա» ամսագրի հատուկ համարը նվիրվել է հայ գրականությունը, «Դրուժբա Նարոդով» ամսագիրն էլ կհրատարակի Լեւոն Խեչոյանին:
Փոխնախարարը նշեց, որ տարվա ընթացքում հրատարակվել են նաեւ բազմաթիվ գործեր, որոնք վերջին անգամ Խորհրդային տարիներին են հրատարակվել:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Եղեռն Եղեռնից հետո» գրքին էլ անդրադարձ եղավ, որ հրաշալի պատկերացում է տալիս, թե ինչ է եղել Եղեռնից հետո:
«Ավանդաբար մասնակցում ենք գրքի միջազգային ցուցահանդեսներին, այս տարի 11 ցուցահանդեսի»,-փաստեց նախարարի տեղակալը, հավելելով, որ Նյու Յորքի եւ Գոթեբորգի ցուցահանդեսներին առաջին անգամ է մեր երկիրը մասնակցել: 35 երկրում 400 միջոցառում է տեղի ունեցել այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: 9 մշակույթի օր է անցկացվել Հայաստանում եւ արտասահմանում, միջազգային համագործակցության 8 միջազգային պայմանագիր է ստորագրվել, Հայաստանը միացել է EURIMAGES ծրագրին, որը համատեղ կինոարտադրության հնարավորություն է տալիս հայ կինոարտադրողին:
Aravot.am-ը Ներսես Տեր-Վարդանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում մշակույթի նախարարությունը, որ հրատարակիչների մաքսային ու հարկային բեռը թեթեւացվի: Փոխնախարարը խոստովանեց, որ ԵՏՄ-ի հետ համագործակցության համատեքստում ինչ-ինչ խնդիրներ էին ծագել, ու մշակույթի նախարարության, գրահրատարակիչների եւ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում հարցը տարվա ընթացքում լուծվել է, հավելյալ որեւէ նյութ՝ կապված գրահրատարակչության հետ, հարկային դաշտ չի մտել: Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի հետ կապված ինչ-ինչ խնդիրներին, այս մասին էլ նշեց, որ ԱԱՀ-ն տվյալ պարագայում վերաբերում է միայն գրքերի փոքր հատվածի:
Ասուլիսից հետ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Զարգարյանը գրադարանում շրջայց կազմակերպեց լրագրողների համար՝ ներկայացնելով նորոգված, բարեկարգ սրահները եւ հաճելի ընթերցանությանն անհրաժեշտ պայմանները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ