Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը տեղի կունենա ամանորյա տոնական համերգ, որին կմասնակցեն թատրոնի մի շարք մենակատարներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Այսօր կայացավ համերգի գլխավոր փորձը:
«Այս նախագիծը բավականին հետաքրքիր է եւ նոր գաղափար է կրում, քանի որ որոշ գործեր կատարելու ենք էստրադային երգիչների հետ: Նման մտահղացմամբ մեր հանդիսատեսին մեկ քայլով էլ կմոտենանք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը, որն ի թիվս այլ կատարումների, երգիչ Էրիկ Կարապետյանի հետ երգելու է նեապոլիտական երգ: «Դասականի եւ էստրադայի համադրությունը ունկնդրի համար հետաքրքիր է, բայց կարծում՝ եմ այսպիսի նախագծերին պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է պետք»,-ասաց Լիպարիտ Ավետիսյանը:
Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ օպերային երգիչների հետ հանդես են գալու սիրված երգիչ-երգչուհիներ, մասնավորապես՝ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Էմման եւ Արամոն, Էրիկը, Ռադիկ Գաբրիելյանը. «Շատերը հանդես են գալու հանդիսատեսի համար անսովոր կատարողական որակներով: Սա ավելի շատ ոչ թե էստրադայի եւ դասականի մեկտեղման խնդիր է, այլ հենց այդ ոճում հանդես եկող արտիստների համադրության: Օրինակ՝ Արշակյան քույրերը հանդես կգան սիմֆոնիկ նվագախմբի փառահեռ գույների ներքո»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ