Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվության 100 օրը

Դեկտեմբեր 26,2015 13:56

Հարցազրույց Քանաքեռ-Զեյթուն
վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի հետ

– Պարոն Հանիսյան, լրանում է Ձեր պաշտոնավարման 100 օրը, այս ժամկետն ընդունված է համարել աշխատանքների առաջին փուլի ամփոփման սահմանագիծ: Ամփոփելու համար էլ պետք է հասկանալ՝ ինչ ենք ստացել նախորդից: Ի՞նչ կպատմեք ստացված ժառանգության մասին:

– Նախորդից ստացել եմ զարգացող համայնք, աշխատանքները եղել են թիմային, որի անդամներից մեկն էլ ես եմ եղել: Հենց թիմում աշխատանքի շնորհիվ, կարելի է ասել, արմատապես ճանաչում եմ համայնքը՝ իր առավելություններով եւ խնդիրներով հանդերձ: Աշխատանքների հաջողությունների եւ բացթողումների մեջ ունեմ իմ ներդրումը եւ պատասխանատվությունը՝ այն տարբերությամբ, որ հիմա պատասխանատվությունն ու պարտականությունները ավելի մեծ են:

– Եթե ի մի բերենք 100 օրվա կուտակած փորձը, ի՞նչ խնդիրներ եք նկատել համայնքում եւ դրանց լուծման ի՞նչ ծրագիր եք դրել Ձեր առջեւ:

– Կրկնեմ, որ համայնքի հետ իմ աշխատանքի փորձը չի սահմանափակվում այս 100 օրով: Հետեւաբար նաեւ խնդիրներին եմ տիրապետում վաղուց: Խնդիրները բազմազան են՝ ընթացիկ, իրավիճակային: Համայնքի ղեկավարի աշխատանքի բարդությունը կայանում է նաեւ նրանում, որ դու ապրում ես ոչ միայն վարչական տարածքի հոգսերով եւ դրանց լուծումներով, այլեւ, ըստ էության, մասնակից ես լինում համայնքիդ բնակիչների անձնական խնդիրների լուծմանը: Գիտեք, յուրաքանչյուր անձի համար իր անձնական խնդիրն ամենակարեւորն է, եւ երբ, օրինակ, համայնքի բնակիչը դիմում է որեւէ հարցով, որը հակասում է համայնքի շահին, եւ մերժվում է, շատ դժվար է նրան բացատրել, որ անձնականը պետք է ստորադասել ընդհանուրի շահին: Բոլոր ոլորտներում է այդպես: Սիրում եմ իմ աշխատանքն այնպիսին, ինչպիսին կա՝ իր ողջ պատասխանատվությամբ եւ բարդությամբ:

– Ամեն համայնք ունի իր առանձնահատկությունները՝ ե՛ւ խնդիրների մասով, ե՛ւ առավելությունների: Քանաքեռ-Զեյթունում ինչո՞վ եք Դուք ուժեղ եւ ի՞նչ գլոբալ հարցեր եք նկատել:

– Որպես այդպիսին, չէի ցանկանա առանձնացնել որեւէ խնդիր: Միայն կնշեմ, որ մեր թիմը անում է առավելագույնը՝ ունենալու ավելի բարեկարգ, մաքուր ու զարգացած համայնք:

– Արդեն ունեք աշխատանքային պլան, քայլերի հերթականություն: 2016-ին ի՞նչ կարող են սպասել համայնքի բնակիչները:

– Բնականաբար, կա աշխատանքային պլան եւ քայլերի հերթականություն՝ ըստ հրատապության եւ խնդրի մեծության: Մեր հիմնական նպատակն է լինել բնակչի կողքին. բնակիչ-վարչական շրջանի աշխատակից կապը պետք է լինի մշտական՝ շփման հարցում առանց որեւէ խոչընդոտի: Դա ամրապնդում է բնակիչների հավատը, որ համայնքի ղեկավարությունն իր կողքին է, իր խնդիրները լուծելու համար է: Ունենք «մեկ պատուհան»՝ բնակիչների ընդունելության օր՝ համայնքի պատգամավորի մասնակցությամբ: Կա հստակ աշխատելաոճ՝ համայնքում չպետք է լինի խնդիրը, դիմումը, հարցը հասցեատիրոջը հասցնելու խոչընդոտ, բյուրոկրատական քաշքշուկ: Ինքս մշտապես զգում եմ իմ հարեւանի, բնակչի հետ շփվելու, խնդիրներին ծանոթանալու, օրենքի սահմաններում հարցին լուծում տալու, ինչո՞ւ չէ՝ նաեւ իրենց խորհուրդներն ու առաջարկությունները լսելու կարիքը: Դա է նորմալ մոտեցումը, որն իր պտուղներն է տալիս բնակչության վստահության եւ հարգանքի տեսքով: Ասում են՝ սերը քաղաքական, տնտեսական կատեգորիա չէ, սակայն հարգանքի եւ սիրո արդյունքում է, որ ենթականերդ սկսում են ավելի ջանասիրաբար աշխատել, երբ բնակիչդ սիրով, պատրաստակամությամբ մասնակցում է համայնքային միջոցառմանը, երբ խնդիրներին մոտենում է ըմբռնումով, փորձում է համատեղ լուծում գտնել, համայնքն ընդունում է որպես մի մեծ ընտանիք:

– Ձեր՝ որպես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար նշանակվելը եւ, ընդհանրապես, Քանաքեռ-Զեյթուն համայնքը կապվում է Միհրան Պողոսյանի անվան հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ինքս Քանաքեռ-Զեյթունի բնակիչ եմ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմում աշխատում եմ 2008թ.-ից, եղել եմ առեւտրի բաժնի պետ, ավագանու անդամ, ապա՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Ինձ համարում եմ համայնքի լիարժեք անդամ: Ուրախ եմ, որ մեծ թիմի անդամ եմ, թիմ, որը հավատաց ինձ եւ վստահեց այս պատասխանատու աշխատանքը:
Միհրան Պողոսյանին ճանաչում եմ վաղուց, նա միշտ համայնքի հետ է, բնակիչների կողքին: Հավատացնում եմ Ձեզ, նա օգնել է համայնքի բազմաթիվ քաղաքացիների, սակայն հաճախ նույնիսկ հասցեատերը չի իմացել իրեն աջակցող անձի մասին:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

26.12.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031