Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս գտնել երեսուն միլիարդը

Դեկտեմբեր 26,2015 13:09

«Այդպիսի բազմաթիվ ծախսեր կարող եք մատնանշել, բայց երկրի բնականոն կյանքը չպիտի խաթարվի, բայց մեր ուշադրությունից որեւէ բան չի վրիպել, եթե դրամական հատուցումներ չկան, այլ ուղղություններով փորձել ենք փոխհատուցել»,- այսօր տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի Արտեմ Ասատրյանը: Նախարարից հետաքրքրվեցինք`եկող` 2016 թվականի բյուջեով ոչ աշխատավարձերի, ոչ թոշակների բարձրացում չի նախատեսվում, փոխարենը, կառավարության համար երկու թանկարժեք մեքենա պետք է գնվի, ԿԲ նախագահի աշխատավարձն է բարձրացվելու, ֆինանսների նախարարության համար թանկարժեք սպասք կգնվի եւ այլն.ինչո՞ւ չընդդիմացաք եւ չպնդեցիք, որ այդ շռայլությունների փոխարեն գոնե թոշակների չնչին բարձրացում ապահովվի: Արտեմ  Ասատրյանը կարծում է, որ նշված ծախսերն ու աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացման համեմատականը համարժեք չէ: «Երեսուն միլիարդ էր պետք, որ տասնհինգ տոկոսով թոշակ բարձրացվեր: Նախատեսված 365 միլիարդից 265-ը թոշակների համար են նախատեսված, 80-ը նպաստների: Ունենք այլ ծրագրեր, որոնք դրամական հատկացումների տեսքով չեն, բայց կարեւոր են`միայնակ անժառանգ թոշակառուների համար եւ այլն»,-ասաց նախարարը`հավելելով, որ սոցիալական համագործակցության տարբեր համաձայնագրեր են ստորագրվել: Թեպետ լրագրողները փորձեցին առավել հստակեցնել`հնարավոր չէ՞ր անհրաժեշտ երեսուն միլիարդը ստանալ`հենց կառավարության շքեղ ծախսերի կրճատումից, նախարարն այդպես էլ հստակ չպատասխանեց, միայն ասաց, որ ինքը պատասխանատու է իր ոլորտի ծրագրերի պահպանման համար եւ փորձում է իր տեղում իր աշխատանքը լավ կատարել:

Ասուլիսում, ընդհանրապես, նախարարը փորձեց խոսել անցնող տարում իրենց ձեռքբերումների մասին: Ըստ այդմ, ինչպես ներկայացրեց նախարարը, 2014-2015 Զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունն արմատապես փոխվել է` հիմքում դնելով աշխատանք փնտրող անձին աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը: Այդ ծրագրերում այս տարի ընդգրկվել է 11 հազար 270 մարդ, 15 782 մարդ տեղավորվել է աշխատանքի, որից 6285-ը սեզոնային զբաղվածության ծրագրով, շուրջ 400-ը` Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով: Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրի շրջանակներում 2014-ին 2583 հողօգտագործողի աջակցելու համար տրամադրվել է 240 միլիոն 867.3 հազար դրամ, իսկ 2015-ին` 4793 հողօգտագործողի 849.3 միլիոն դրամ:

Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրում ներգրավվել է 44 սահմանամերձ համայնք: Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերին ու երկու ամիսներին իրականացված փորձնական ծրագրի արդյունքները գոհացուցիչ են նախարարության համար: Այդ ընթացքում 397 անձ ընդգրկվել է ծրագրում` մեկ աշխատանքային օրվա համար ստանալով 7 հազար դրամ:

«Բոլոր պլանավորված սոցիալական ծառայությունները իրականացվել են»,- ասաց նախարարը`մանրամասնելով, գործարար միջավայրի բարելավման, երեխաների աշխատանքների կանոնակարգման, կենսաթոշակային ապահովության եւ պետական նպաստների, ընտանեկան դրամագլխի օգտագործման, հաշմանդամների եւ տարեցների օգնության, դեմոգրաֆիական խնդիրների, բնակարանային ապահովման եւ այլ ծրագրերի մասին:

Հարցին`ինչո՞ւ չցանկացաք բացթողումներից եւ ձախողումներից խոսել, նախարարն ասաց`մամուլն ամբողջ տարվա ընթացքում այդ իմաստով բավական լավ աշխատել է, ուստի ինքն էլ նախընտրում է խոսել ձեռքբերումներից: «Խնդիրներ, բացթողումներ իհարկե, կան, դրանք աշխատանքի մաս են կազմում, բայց կարեւոր է`դրանք ուշադրության կենտրոնում ե՞ն, թե՞ ոչ»,- ասաց նա: Նախարարը հրաժարվեց կոնկրետ պատասխան տալ Aravot.am-ի հարցին`կա մեկ կոնկրետ ոլորտ կամ ծրագիր, որի ձախողման համար ինքը ցավ է ապրում: Ճշտող հարցին ասաց, որ կուտակային համակարգը քաղաքացու համար եկամտաբերություն ապահովեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031