Այս օրերին մարզաձեւերի ազգային ֆեդերացիաներն ամփոփում են մրցաշրջան 2015-ը, միմյանց ամանորյա բարեմաղթանքներ ասում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հրավիրել էր մարզիչներին, մարզիկներին եւ լրագրողներին: Նա ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկած մարզիկներին եւ մարզիչներին շնորհեց նվերներ եւ դրամական խրախուսանքներ: Թեեւ մեր բռնցքամարտիկները առայժմ օլիմպիական ուղեգրեր չունեն, սակայն տարվա ընթացքում հաջողություններ արձանագրել են: Մասնավորապես, նրանք միջազգային մեկնարկներում ընդհանուր առմամբ նվաճել են 18 ոսկե, 15 արծաթե, 17 բրոնզե մեդալ:
Ֆեդերացիայի նախագահը ակտիվ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնեց մի խումբ մարզական լրագրողների, որոնք ամբողջ տարվա ընթացքում բազմակողմանի լուսաբանել են ֆեդերացիայի աշխատանքը, մեր բռնցքամարտիկների ունեցած մրցելույթները թե հանրապետության, թե արտերկրի ռինգերում:
Կարդացեք նաև
Արթուր Գեւորգյանը արարողության ավարտին հաջողություններ մաղթեց տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչներին, լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ եկող տարվա գերնպատակը օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելն է լինելու, որքան էլ որ վարկանիշ տվող մեկնարկները լինելու են մեզ համար անբարենպաստ երկրներում ու որքան էլ դա դժվար լինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ