Չգիտեմ, թե որտեղից հիշեցի, ում խոսքն էր, թերեւս իմ միտքն էր գուցե. բացեցի դուռը եւ մտա գիշերվա մեջ, ուր, չտեսնելով աշխարհը տեսանելի, մնացի ես մենակ` կորցնելով նույնիսկ սեփական ստվերս: Այնինչ ես միտք չունեի փախչել իմ ստվերից, քանի որ իմ ստվերը, ըստ էության, ես եմ եւ իմ հիշողությունը:
Եվ ինչպես մարդը չի կարող փախչել սեփական կենսագրությունից, այնպես էլ ազգերը զորու չեն անտեսել իրենց ապրած պատմությունը, ինչպես նաեւ հայրենազրկությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ ողնաշարի պես դարձնում շոշափելի սեփական ինքնությունը, որն է` ցեղի ներքին, արյան հիշողության սահմանադրությունը, ուր մարդը սկսում է սրտով հիշել այլեւս:
Եվ կարծես թե բոլորովին էլ կարեւոր չէ, թե որ կողմից է արեւը լուսավորում մարդուն` դիմացի՞ց, թե՞ թիկունքից, բայց մեկ բան էական է հաստատ, թե որտեղ է հայտնվում քո ստվերը` քո պատմություն-ստվերը, քո դիմա՞ց, թե՞ թիկունքում: Եվ եթե քայլքիդ ընթացքը այնպես է, որ ստվերդ միշտ քո դիմացն է, այսինքն թե` ինքն է առաջնորդում քեզ, ուրեմն դու ոչ թե համընթաց ես ժամանակին, այլ անվերջ գնում ես դեպի քո պատմությունը, ուր խորանալով՝ խճճվում ես յոթհազարամյա հիշողության սարդոստայնում` շարունակ փնտրելով արդարությունը բաղձալի:
Այնինչ քո միակ իրականությունը քո երկրում ապրելու ցանկությունն է, ուր եւ ձեւավորվել է սրտիդ հիշողությունը, չնայած քո հիշողությունն այնքան լայնածավալ է, որ պատառոտվել է հին աշխարհների քարտեզների մեջ…
Այսինքն թե` դարձյալ պետք չէ քայլել սեփական ստվերի հետքով եւ պետք չէ նաեւ մոռանալ քեզ հետապնդող քո իսկ ստվերը, այլ պիտի այն ունենալ ներսում, որպես հիշողության սահմանադրություն` չմոռանալով, որ քո ներկա հայրենիքն է երկար փնտրված պատմական ճշմարտության հասնելու քո միակ ճանապարհը…
Կարդացեք նաև
Ամեն տարի Ծիծեռնակաբերդում սրբագործ կրակը բոլորող ծաղիկների պատը շարունակ բարձրանում է` ի հիշատակ մեր Սուրբ նահատակների հոգիների, որոնք ծնվեցին, եկան աշխարհ, բայց չգնացին աշխարհից, չարժանացան բոլորին հասու մի բուռ հողի եւ, մնալով անշիրիմ, ամեն տարի արդեն աշխարհը ծածկած դեպի երկինք բարձրացող ծաղիկների պսակի շուրջ հավաքվում եւ շրջապատում են իրենց ապրեցնող կրակը Հիշողության:
Ու հիմա ես չգիտեմ, թե խիղճը հայրենիք ունի, թե ոչ, կամ հայրենասիրությունը` խիղճ, ինչպես նաեւ մի բան նույնպես հաստատ չգիտեմ, որ եթե մի օր հնչեր նույնիսկ Աստծո ձայնը եւ ասեր մեզ.
– Թաղիր քո հիշողության մեջ ապրող նահատակներին եւ ապրիր երջանիկ…
Մենք ի՞նչ կպատասխանեինք Աստծո հորդորին…
Չգիտեմ՝ որտե՞ղ վերջակետ դնեմ… Գուցե Նարեկացին դնի վերջակետ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015