ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝
հաջորդ տարի այս հարցը այլ լուծում կստանա
«Ղարաբաղը տեսադաշտից դուրս». ռուսական մամուլի արձագանքը օրեր առաջ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին այսպիսին էր: Անկախ ռուսական մամուլի արձագանքից՝ փաստ է այն, որ ԼՂՀ-ին այս անգամ կայացած գագաթնաժողովին, ինչպես նախորդին՝ Դուշանբեում, այդպես էլ անդրադարձ չեղավ: Ինչո՞ւ է շարունակ ստորադասվում ԼՂ հարցը ՀԱՊԿ գագաթնաժողովներում:
«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այս հարցին ի պատասխան՝ հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այդ մասին խոսել է անուղղակի ձեւով, երբ անդրադարձ էր կատարել այն խնդրին, թե Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն է վարում: Արամ Սարգսյանը նկատեց. «Բոլորը հասկանում էին, որ դա ԼՂ հիմնահարցի հետ է կապված: Իհարկե, նա չէր ուզում դա կապել ուղղակի ՀՀ-ԼՂ խնդիրներին, քանի որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ԼՂ-ն եթե ինչ-որ հարձակումների ենթարկվի, ապա ՀԱՊԿ-ը պարտավորված չէ, բայց Հայաստանի հետ կապված պարտավոր է»: Դառնալով այն հարցին, թե ինչու կրկին ստորադասվեց ԼՂ հարցը ՀԱՊԿ-ի կողմից՝ Արամ Սարգսյանը նշեց. «ՀԱՊԿ-ի պարտականությունները միջպետական հարաբերություններն են: Մենք միջպետական հարաբերություններում երբ պայմանագիր ենք կնքել, դրանում ներքին հակամարտության վերաբերյալ կետ չկար: Եթե այս կամ այն երկիր, որը ՀԱՊԿ անդամ չէ, հարձակում է կազմակերպում որեւէ ՀԱՊԿ անդամ երկրի վրա, ապա այդ դեպքում ՀԱՊԿ-ը պետք է միջամտի: Բայց, իհարկե, սրանով հանդերձ՝ մենք ունենք հնարավորություն զգուշացնելու նաեւ Ղազախստանին եւ մյուս գործընկերներին, որ տեսեք՝ այս տարածաշրջանում սպառնալիք կա, եւ այն սպառնում է բոլորիս: Սերժ Սարգսյանը հենց դա է նկատի ունեցել»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը այս առիթով մասնավորապես հայտարարել էր. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետներ եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշքեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ»: Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանի սահմաններին Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ էլ, միեւնույն է, ՀԱՊԿ-ից հասցեական հայտարարություններ չենք ստանում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «ԼՂ հիմնահարցի քննարկման հիմնական ձեւաչափը կա. դա Մինսկի խումբն է: Այս պարագայում պնդում եմ, որ մեր ԱԳՆ-ն պարտավոր է դիմել ՄԱԿ անդամ երկրներին եւ ներկայացնելով իրավիճակը՝ ասել, թե ինչ կարող է լինել այս ամենի արդյունքում: Հիշենք Դավութօղլուի հայտարարությունը, որ «ամեն գնով պետք է ազատագրվեն օկուպացված տարածքները, որովհետեւ դրանք սուրբ տարածքներ են»: Սա շատ լուրջ հայտարարություն է, քանի որ մուսուլմանը հայտարարում է այն մասին, որ այս հողերը նրանց համար սուրբ են, նրանք առանձնահատուկ վերաբերմունք ունեն: Դրա մասին տագնապ պետք է տարածել ու զգուշացնել բոլորին, թե ինչ վտանգի հետ գործ ունենք»:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ գագաթնաժողովում շատ վերլուծաբաններ աննախադեպ կոշտ համարեցին: Հետաքրքրվեցինք՝ գոնե այս ելույթից հետո ՀԱՊԿ-ից հասցեական հայտարարություններ ակնկալե՞նք, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Չի կարող դա լինել մի պարզ պատճառով, որ Հայաստանը նման բան չի պահանջում, այլ ընդամենը ասում է, որ ձեր գործողություններում սովորեք ՆԱՏՕ-ի երկրներից, թե ոնց են միահամուռ դիրքորոշում ընդունում: Խոսքը հայտարարությունների մասին չէ, այլ դիրքորոշումների»: Մեր այն հարցին՝ իսկ ի՞նչ հետեւանքներ կունենա Սերժ Սարգսյանի՝ «աննախադեպ», «սենսացիոն» բնութագրված ելույթը գագաթնաժողովին, Արամ Սարգսյանը կրկին նույն տոնայնությամբ պատասխանեց. «ՀԱՊԿ-ը չի կարող հիմա միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դա իր կանոնադրությամբ իր իրավասությունների մեջ չէ: Բայց Ռուսաստանը համազոր այնպիսի զենքեր է տրամադրում Հայաստանին, որով կարողանում է պարիտետ պահպանել: Այլ հարց է, որ հաճախ ենք Ռուսաստանին քննադատում, թե Ադրբեջանին զենք է վաճառում: Բայց արձանագրենք, որ նրանց վաճառում է, մեզ տրամադրում»:
Մյուս հարցը, որ հետաքրքրում է ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, այն է, թե ինչը խանգարեց, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը, այդպես էլ գլխավոր քարտուղարի հարց չբարձրացվեց, մինչդեռ այս տարվա սեպտեմբերի 15-ից, երբ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, լուրեր հրապարակվեցին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՀԱՊԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարի փոխարեն։ Այս առիթով ՀԴԿ նախագահը նկատեց, թե այդ նշանակման պարագայում ՀՀ-ն միանգամից կստանձներ երկու պաշտոն, ու մանրամասնեց. «Տիգրան Սարգսյանը ըստ էության ստանձնում է համարյա ԵՏՄ-ի վարչապետի պաշտոնը, եթե ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնն էլ ՀՀ-ն ստանձներ, ապա դա որոշակի տագնապ էր առաջացնելու: Ուստի մեկ տարով հետաձգվեց»: Կանխատեսելով մեկ տարի հետո այս հարցի հանգուցալուծումը՝ պարոն Սարգսյանը եզրափակեց. «Ռուս-թուրքական հարաբերություններն այս հարցում լուրջ ազդեցություն ունեն, քանի որ այդ նշանակումը թուրքերը շատ դժվար էին մարսելու: Եթե մեկ տարի հետո նորից վերադարձ կատարվի այդ հարցին, ապա այն կլուծվի ոչ թե այբբենական կարգով, այլ ավելի կարեւոր հանգամանքով, թե այդ պահին որ որոշումը կլինի ավելի ճիշտ՝ ելնելով զուտ աշխարհաքաղաքական շահերից»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015
մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի արամ սարգսյան, պետք չի տերերի վարքագիծը ամեն գնով փորձել արդարացնել․․․ ամոթ է