Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվեց, որ ոչ ՀԱՊԿ-ն է իրենից մի լուրջ բան ներկայացնում, ոչ էլ Հայաստանի պահվածքն է օգտակար միտումներ պարունակում»

Դեկտեմբեր 26,2015 15:00

ԼՂՀ նախկին արտգործնախարարը՝
հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին

«Ես, գուցե, անգամ դրվատանքով վերաբերվեի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հասցեին պարոն Սարգսյանի կողմից հնչեցված կշտամբանքներին, եթե դրանց նախորդած լինեին ստեղծված իրավիճակի կանխմանն ուղղված հայկական կողմի գործադրած առարկայական ջանքերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Անշուշտ, ՀԱՊԿ-ը չի կարելի համեմատել ՆԱՏՕ-ի հետ՝ որոշումների կայացման հստակ մեխանիզմներ ունենալու տեսանկյունից, բայց, այդուհանդերձ, անգամ ՀԱՊԿ-ի պարագայում պետք է գոյություն ունենան որոշումների նախապատրաստման ու կայացման աշխատող ընթացակարգեր: Ես երբեւէ չեմ լսել, որ ՀԱՊԿ-ում իր գործունեության շրջանակներում հայկական կողմը շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի որեւէ որոշման նախագիծ պատրաստած ու դրած լինի շրջանառության մեջ, ուր տրված լիներ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը եւ ներկայացվեին ՀԱՊԿ անդամ այլ պետություններից ունեցած մեր ակնկալիքները: Սա այն մասին, թե ինչ պետք է վաղուց արված լիներ, բայց չի արվել: Կարծում եմ, որ վատ չէր լինի, եթե անհետեւանք կշտամբանքներ հնչեցնելու փոխարեն հայկական պատվիրակությունը պնդեր, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ-ի գործադիր քարտուղարի պաշտոնում պետք է տեղի ունենա՝ անկախ ամեն ինչից: Իսկ այսպես՝ ստացվեց, որ ոչ ՀԱՊԿ-ն է իրենից մի լուրջ բան ներկայացնում, ոչ էլ Հայաստանի պահվածքն է մեր երկրի համար առարկայորեն օգտակար միտումներ պարունակում»,- ասում է պարոն Մելիքյանը:
Նա նշում է, որ բոլորին էլ հայտնի է, որ ՀԱՊԿ-ի գործունեության առանցքն է կազմում ոչ թե դրա բոլոր անդամների ընդհանուր շահերի կոլեկտիվ պաշտպանության գաղափարը, այլ Ռուսաստանի հետ առանձին-առանձին՝ Բելառուսի, Հայաստանի ու կենտրոնաասիական երեք հանրապետությունների (Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան) ռազմական համագործակցության խնդիրը: «Մեծ հաշվով, ՀԱՊԿ-ի գործունեության ռազմավարական նշանակությունը, բացի Ռուսաստանից, մեկ ընդհանուր դաշտ չի ապահովում իր մնացած անդամների համար,- ասում է նա՝ մատնանշելով օրեր առաջ կնքված ռուս-հայկական ընդհանուր ՀՕՊ համակարգի ներդրման համաձայնագիրը:- Հավանաբար, դա էլ հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում»:

Պարոն Մելիքյանը, ինչպես շատ փորձագետներ, կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած սուր ռազմաքաղաքական ճգնաժամն իր ազդեցությունն է թողնում նաեւ մեր տարածաշրջանում գործող ՌԴ ռազմական օբյեկտների ու զինուժի ռազմատեխնիկական ապահովման մակարդակն ավելացնելու նպատակով ռուսաստանյան կողմի ձեռնարկած քայլերի մասով: «Հայաստանյան հասարակությանն այդ քայլերի նպատակահարմարությունը համոզիչ դարձնելու համար էական է մշտապես ցույց տալ, որ Թուրքիան անմիջական ռազմական վտանգի աղբյուր է Հայաստանի համար: Իհարկե, մենք պետք է աչքի առաջ ունենանք նաեւ այն, որ որքանով ավելանա Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմական պոտենցիալը, այնքանով կավելանա նաեւ Հայաստանի տարածքը որպես ռազմական թիրախ դիտարկելու Թուրքիայի եւ իր դաշնակիցների տրամադրվածությունը»,- ասում է պարոն Մելիքյանը:

Մեր դիտարկմանը, որ արդեն Հայաստանում պաշտոնական շրջանակները հայտարարում են, որ սահմանում պատերազմ է, ոչ թե հրադադարի խախտում՝ Ռուսաստանի հետ ՀՕՄ համաձայնագիրը որեւէ կապ կարո՞ղ է ունենալ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցողի հետ, պատերազմող Հայաստանը ո՞ւմ հետ պետք է փորձի համագործակցության եզրեր գտնել, պարոն Մելիքյանը պատասխանում է. «Գործող իշխանության պաշտոնավարման շրջանում Հայաստանի ռազմաքաղաքական ու դիվանագիտական մանեւրի հնարավորությունները խիստ սահմանափակ են լինելու: Ամեն դեպքում, եթե այս պահին հակամարտության գոտում պատերազմը վերսկսվի, Ռուսաստանն է լինելու այն պետությունը, որն ունակ կլինի ռազմական գործողությունների ընթացքի վրա որոշիչ ազդեցություն գործել: Իրադարձությունների նման զարգացման պարագայում համատեղ ՀՕՊ համակարգը կարող է կանխել թուրքական օդուժի ներթափանցումը ՀՀ կամ ԼՂՀ օդային տարածք: Սակայն կան նաեւ այլ տիպի վտանգներ, որոնց կանխարգելման համար այդ համակարգի կիրառումն անհնարին է կամ անօգուտ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031