Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդնոկլասնիկով» «պրիվետ, ինձ հիշո՞ւմ ես» կարգի ծանոթությունն ավարտվեց 6 տարի ազատազրկմամբ

Դեկտեմբեր 26,2015 14:30

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին դիմելով՝ երիտասարդ ամբաստանյալն ասաց. «Իմ նորաստեղծ ընտանիքի ճակատագիրը Ձեր ձեռքերում է»:

Մեղադրողը իր մեղադրական ճառի ժամանակ միջնորդել էր նույնքան, որքան որ դատավճռով դատապարտեցին երիտասարդին:

Թե ամբաստանյալի, թե տուժողի՝ Ռուսաստանում բնակվող կնոջ անուն-ազգանունը չենք հրապարակում, քանի որ բռնաբարության մասին է խոսքը, անհատական տվյալների, նաեւ նրանց իրավունքների հարգման՝ չհրապարակել իրենց տվյալները:

Պաշտպանական ճառով հանդես եկած ամբաստանյալի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին ասաց. «Բավականին անհամբեր եմ սպասել մեղադրողի ճառին, որովհետեւ ինձ շատ էր հետաքրքրում, թե ո՞րն է սույն գործով «գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությունը», որը թույլ է տալիս հարգելի մեղադրողին իրեն իրավունք վերապահել 6 տարի ազատազրկում պահանջել հայ երիտասարդի, ՀՀ քաղաքացու համար, որը ծառայել է բանակում՝ ԼՂՀ-ում, նոր է ստեղծել ընտանիք: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չմեղադրվի եւ չդատապարտվի»:
Նա վերլուծեց մեղադրանքի կողմի փաստարկները: Ըստ մեղադրանքի կողմի, տուժողը 2014թ. օգոստոսի 16-ից «Օդնոկլասնիկ» կայքի միջոցով ծանոթացել է ամբաստանյալի հետ:

Կայքից արտատպված նյութերում, որոնք տրամադրվել էր դատարանին, հստակ երեւում էր, որ նրանց ծանոթությունը սկսվել է դեռ հունիսին, իսկ հուլիսին տուժողը գրել է ամբաստանյալին, «պրիվետ, ինձ հիշո՞ւմ ես»:

Մինչ Ռուսաստան՝ ամուսնու եւ երեխայի մոտ գնալը, տուժողը դատարանում հայտնել էր, որ իրենց շփումը եղել է զուտ ընկերական: Մինչդեռ, ըստ պաշտպան Ռշտունու, կայքից երեւում է, որ հենց տուժողն է ուղարկել հայ երիտասարդին բավականին երկիմաստ նամակներ, «LOVE», սեր բառով, համբույրներով եւ անգամ գրել է, թե՝ սիրահարվել է:
Ըստ տուժողի ցուցմունքի, Հայաստան գալով, հանդիպել է երիտասարդին, որն էլ առաջարկել է գնալ սրճարան, սակայն ինքը մերժել է, գնացել են բար, ապա հյուրանոց, ուր, իր կամքին հակառակ՝ բռնաբարել է:

Պաշտպանն ասաց, թե նախաքննության ժամանակ այդ վարկածը հերքվել էր, քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, որոշվել էր նաեւ, երիտասարդի կողմից առեւանգում կատարելու դրվագով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: «Այսինքն, քրեական գործով կատարված նախաքննությամբ չի հիմնավորվել երիտասարդի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու հանգամանքը, այն է՝ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, եթե բացակայում է անձին պատանդ վերցնելու հանգամանքը: Փաստորեն, նախաքննությամբ հերքվել են տուժողի ցուցմունքներն այն մասին, որ իր համացանցային ընկերը իրեն տարել է բար՝ իր կամքին հակառակ, բռնի ուժով, ձեռքից քաշելով, հրելով ավտոմեքենա նստեցնելու եղանակով: Մեղմ ասած, արժանահավատ չեն հնչում նաեւ տուժողի ցուցմունքները, թե իրեն տարել են հյուրանոցային համալիր՝ «մորթելու» սպառնալիքով»,- ասաց Ն. Ռշտունին:

Փաստաբանն անդրադարձավ նաեւ տուժողի, նրա սկեսրայրի, սկեսուրի ցուցմունքներին, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի կողմից կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Դատարանը մերժել էր պաշտպանության կողմի միջնորդությունը փորձագետին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու մասին: Մինչդեռ, ըստ փաստաբանի, դատարանը պետք է նշված փաստին տար համապատասխան գնահատական:

Արդյոք, տուժողը կարո՞ղ էր փախչել, փորձե՞լ է:

Տուժողը հայտարարել էր, թե ինքը փորձել է փախչել, ինչի համար պատռել է հյուրանոցի սենյակներից մեկի պատուհանի ցանցը: Ի դեպ, պաշտպանի կողմից տուժողին է ներկայացվել պատուհանի լուսանկարը եւ նա պնդել էր, որ դա հենց այդ սենյակի պատուհանն է: Կինը հայտնել էր, որ պատուհանի պատռված մասի չափսերը այնպիսին են եղել, որ նա կարողացել է գլուխը հանել եւ նայել ներքեւ:
Հյուրանոցի աշխատակիցները նկարագրել էին, որ նրանք թեւանցուկ են մտել, խաղաղ, իրար գրկախառնված, ոչ մի կասկածելի կամ արտառոց բան չեն նկատել:
Անդրադառնալով ամբաստանյալին, որը մի քանի ամիս էր, ինչ ամուսնացել էր, փորձագետը նշել էր, որ նրան հատուկ են այնպիսի անհատական-հոգեբանական առանձնահատկություններ, ինչպիսիք են, մասնավորապես, բարությունը, անհիշաչարությունը, ենթարկվողականությունը, գթասրտությունը, իրավիճակային բռնկվողականությունը, եւ որ «Ամբաստանյալին բնորոշ անհատական -հոգեբանական առանձնահատկությունները կապ չունեն նրան առաջադրված մեղադրանքի հետ»: Պաշտպանն իր զարմանքը հայտնեց իրեղեն ապացույցների հետ կապված, մասնավորապես, կնոջ ներքնահագուստների եւ ոսկյա զարդերի, որոնք չեն հետազոտվել դատաքննության ընթացքում:

Քննիչը որոշում էր կայացրել բռնաբարվողի վարտիքն իրեղեն ապացույց ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ «վարտիքը հանցավոր գործողությունների օբյեկտ է եւ ունի կարեւոր ապացուցողական նշանակություն քրեական գործով»: «Ինձ մտահոգում է, որ եթե այս իրեղեն ապացույցն այդպիսի լուրջ ապացուցողական նշանակություն ուներ, ինչո՞ւ մեղադրողը չմիջնորդեց այն զննել դատարանում: Ի՞նչ է դա, ինքնավստահություն, որ առանց ապացույցների կարելի է անմեղ մարդու ազատազրկել 6 տարով, թե՞ տարրական անփութություն: Իմ կարծիքով, արժե այդ հարցը տալ ՀՀ գլխավոր դատախազին»,- նշեց Ն. Ռշտունին: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի իր կալանավորված պաշտպանյալն արդարացվի, սակայն դատարանն ազատազրկեց: Ն. Ռշտունին մտադիր է բողոքարկել այս դատավճիռը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031