Այս դիտարկմանը համաձայն չէ Երեւանի փոխքաղաքապետը
Ամանորի տոնածառային ներկայացումները մեծագույն տոն են երեխաների համար: Անկասկած, մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների ծնողների եւ տատիկ-պապիկների համար դա նույնքան սիրելի տոն է, որքան իրենց թոռնիկների համար: Բայց տասնամյակներ շարունակ «ամեն ինչ ունեցող» խորհրդային տարիներից մինչեւ օրս ամանորյա այդ տոներին մասնակից չի դառնում պատանին, թեեւ ժամանակին ամենաակտիվ գործող թատրոններից մեկը Պատանի հանդիսատեսի թատրոնն էր, որը նույնպես ներկայացնում էր, հիմա էլ ներկայացնում է մանկական տարիքին սպասարկող ներկայացումներ: Կարճ ասած, այն ժամանակներից մինչ օրս պատանի տարիքի հանդիսականը չի մասնակցում «տոնածառային» ներկայացումներին այն պարզ պատճառով, որ պատանեկան շերտի համար ներկայացումներ ու համերգներ պարզապես չեն արվում: Պատանի տարիքը դա «մանուկ» եւ «չափահաս» տարիքների միջին հատվածի անցումային 6 տարիներն են, որոնք այդպես էլ դուրս են մնում «ստեղծագործական» հասարակության ուշադրությունից եւ Ամանորի տոնական օրերին (դեկտեմբերի 24-ից հունվարի 23) իրենց տեղը չեն գտնում հանդիսային արարողությունների «գունեղ» հարահոսում:
Խոսքը 12-18 տարեկանների մասին է, քանզի մինչ այդ տարիքը նրանց «տանում են տոնածառի», իսկ չափահաս դառնալուց հետո արդեն իրենք իրենց «իրավունք են վերապահում» ինքնուրույն ընտրելու տոնական օրերը, կազմակերպելու տարբերակները՝ նախ բավականին երկչոտ, ապա երիտասարդ դառնալուն զուգընթաց՝ ավելի համարձակ, իսկ հետագայում՝ նույնիսկ երբեմն սանձարձակ: Իսկ անցումային դեռահաս տարիքը այդպես էլ տասնամյակներ շարունակ մնում է «խաղից դուրս»: Ոչ մի թատրոնում չեք հանդիպի «պատանեկան» ներկայացման կամ համերգի ու ոչ մի գովազդ իր մոտ չի հրավիրի պատանիներին: Փաստորեն՝ մի դպրոց, ու ոչինչ իրենց համար: Ստացվում է՝ պատանիները փոքրի համար մեծ են, իսկ մեծ լինելու համար՝ փոքր: Եվ այդ պոռթկուն ու ավյունով լի տարիքը հայտնվել է համընդհանուր ուշադրությունից դուրս:
Տեսնես ե՞րբ մի ստեղծագործական օղակ կզբաղվի «պատանեկան տարիքով», քանզի վաղուց արդեն սովորել ու համակերպվել ենք, որ պետությունը ժամանակ չունի այդ խնդիրներով զբաղվելու: Նրանք ավելի առաջնահերթ ու կարեւոր խնդիրներ են լուծում: Իսկ թե ո՞ր խնդիրն է ավելի կարեւոր, ստացվում է, որ այդպես էլ ոչ ոք երբեք ոչ այդ հարցն է հասկանում, ոչ էլ դրա պատասխանը: Իսկ պատանիների իսկապես շնորհալի ու տաղանդավոր շերտը իր համար մոգոնել է տոնական ծառ՝ գրքերով (լուսանկարում):
Վերը շարադրվածի առիթով Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը «Առավոտին» ասաց հետեւյալը. «Դեռահասների համար հանրապետության երաժշտական եւ արվեստի դպրոցներում կազմակերպվում են տարեվերջյան տոնական համերգներ, հաճախ էլ հենց դեռահասների ուժերով պատրաստվում են ու ներկայացվում բեմադրություններ: Դրամատիկական եւ Պատանի հանդիսատեսի թատրոններում տոնածառային ներկայացումները ուղղված են պատանիներին կամ դրանք, այսպես ասած՝ ավելի պատանեկան են: Ի վերջո, ամանորյա բոլոր միջոցառումները երիտասարդների համար, ըստ էության, ուղղված են նաեւ պատանիներին, օրինակ՝ հունվարի 6-ին Սուրբ ծննդյան տոնին նվիրված միջոցառումները եւ այլն»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015