Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես վարվել, երբ գործատերը ստիպում Է աշխատողին խաբել հաճախորդին

Դեկտեմբեր 26,2015 13:30

Լինում են դեպքեր, երբ գործատերը ստիպում է աշխատողին ստել ու խաբել հաճախորդին, որպեսզի ավելացնի եկամուտը: Եթե քրիստոնյաներն ու ազնիվ մարդիկ մասնակցեն հաճախորդին խաբելու գործատիրոջ պահանջին, ապա նրանք կոպիտ կխախտեն 9-րդ պատվիրանը, թե սուտ վկայություն մի տուր: Տեսնել, թե ինչպես է ղեկավարը խաբում արդեն բավական անհանգստացնող է, իսկ երբ այդ նույն ղեկավարը ձեզանից սպասում կամ պահանջում է, որ դուք էլ խաբեք, արդեն տանջալից բան է: Եկեք հասկանանք, թե ինչու է այսպես, եւ ինչ կարող են մարդիկ անել այս վիճակում իրենց ազնվությունը պահպանելու ու Աստծո սիրո մեջ մնալու համար:

Մենք գիտենք ինչն է ճիշտ, բայց տատանվում ենք կատարել ճշմարտությունը: Ինչու:
1. Ձեր ղեկավարն այնպես է ներկայացնում հարցը, որ ստելը թվում է ողջամիտ: Ստելու համար ձեզ ներկայացվում են ծանրակշիռ պատճառներ:

2. Ձեզ թվում է ձեր ղեկավարն ավելին գիտի, քան դուք: Դուք գիտեք, որ խաբելը սխալ է: Լավագույն դեպքում սկսում եք կամուկաց կմկմալ, իսկ նա ձեր առաջ դնում է գործի կարեւորության հետ կապված համոզիչ փաստարկներ:

3. Դուք պարզապես վախենում եք ձեր աշխատանքը կորցնել:

4. Դուք մտածում եք, որ ձեր ընկերները ձեզ չեն հասկանա, քանի որ խաբելը նրանց համար խնդիր չէ: Նրանք դա անում են:

5. Դուք ուզում եք պարզապես յոլա գնալ ու մի կերպ յոլա տանել իրավիճակը:

6. Դուք ուզում եք, որ խաբելու դիմաց ձեր շեֆը բարձրացնի ձեր պաշտոնը կամ աշխատավարձը:

Սիրելի քրիստոնյա ու արդարություն սիրող մարդիկ, դուք պիտի իմանաք, որ այս ամենի մեջ երկու շատ մեծ խնդիր կա:

Առաջին: Եթե դուք ազնիվ մարդ եք, մի օր ձեր խիղճը կտանջի ու դուք կսկսեք այս մասին խոսել ու այս մասին կասեք ձեր ղեկավարին: Բայց դուք սա կանեք այն ժամանակ, երբ արդեն ձեր խիղճն այնքան է տանջում Աստծո զավակներին ստելու ու խաբելու համար, որ դուք արդեն ատում եք ինքներդ ձեզ: Իսկ եթե դուք խաբում եք, ու ձեր խիղճը դեռ չի տանջում, ուրեմն՝ ավելի վատ:

Երկրորդ: Ձեր ղեկավարը, երբ ձեզ մի անգամ պարտադրի խաբել, նա այդ միանգամով չի բավարարվի: Հենց անբարո ու անաստված ղեկավարը հասկացավ, որ դուք կամենում եք ստել, ապա նա ձեզ կդարձնի իր ստերի գործիքը: Նա կանգ չի առնի՝ մտածելով որ դուք կամենում էք մասնակցել իր չար որոգայթներին:

Բա լավ, ի՞նչ կարող եք դուք անել:

Դուք պիտի հասկանաք, որ ձեր ամբողջությունը Աստծու առաջ չափվում է ձեր ազնվությամբ ու շիտակությամբ:Ստախոս ու խաբեբա մարդը չի կարող մոտենալ Աստծուն: Դուք Աստծուն Հայր Մեր եք ասում: Ձեր երկնավոր Հոր զավակները գալիս են ձեր մոտ: Եթե դուք ձեր եղբայրներին ու քույրերին խաբեք, թեկուզ ղեկավարի պարտադրությամբ, ի՞նչ եք կարծում, ձեր երկնավոր Հայրն ի՞նչ պիտի անի: Ինչպե՞ս պիտի պաշտպանի իր զավակներին: Եթե դուք եք ծնողը ու ձեր երեխաները խաբում են իրար, դու՞ք ինչպես կվարվեք: Կշոյե՞ք ստախոսի գլուխն ու կկատարեք նրա բոլոր ցանկությունները: Հնարավո՞ր է, որ մարդ անցնի կրակի միջով ու չայրվի:
Ուրեմն Առաջին: Քաղաքավարի կերպով ձեր ղեկավարին ասեք «Ո՛չ»: Ասեք ոչ, եթե ձեր Աստծու պատվիրանը կատարելը ձեր համար ավելի կարեւոր է քան թե անազնիվ ղեկավարի գայթակղությանը զոհ գնալը: Սա առաջին պատվիրանին հավատարիմ մնալն է՝ սիրել Աստծուն ամբողջ սրտով: Ասեք «Ո՛չ», եթե դուք ուզում եք պաշպանել ձեր հաճախորդին ու կուլ չգնալ ագահությանն ու ստախոսությանը: Ձեր հաճախորդը ձեր հարեւանն է, ձեր եղբայրն է, ձեր քույրն է, ձեր Աստծո զավակն է: Սա անելով դուք հավատարիմ կմնաք 2-րդ ամենամեծ պատվիրանին՝ սիրել մերձավորին, ինչպես սեփական անձը:

Երկրորդ: Բացատրեք ձեր ղեկավարին, որ ձեր համար Աստծու պատվիրանները պահելն ավելի կարեւոր է, քան այս աշխատանքը ու գտեք փոխզիջում: Պատմեք նրան, որ Աստծո առաջ կողմնակալություն չկա ու գտեք փոխզիում: Պատմեք նրան, որ մեղք է ստիպել մարդուն աշխատանքի դիմաց ստել եւ մեծ պատիժ կա դրա համար Աստծուց: Տեր Հիսուսն ասաց. «Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, եւ նա սուզվի ծովի խորքը»։ (Մաթ. 18:6)

Երրորդ: Նոր աշխատանք փնտրեք: Գիտեմ սա ամենաանգրավիչ տարբերակն է, հատկապես, երբ չկա շատ գործ: Բայց եթե ձեր ղեկավարը չի ուզում փոխվել, դուք պիտի ընտրություն կատարեք, թե ում եք մնալու հավատարիմ՝ Աստծո՞ւն, թե՞ մամոնային:
Չորրորդ: Եթե ղեկավարի վերեւում էլ ավելի բարձր մարդ կա, ապա դիմեք նրան՝ գրավոր:
Հինգերորդ եւ ամենակարեւոր: Մշտապես աղոթեք եւ օգնություն խնդրեք մեր տեր Հիսուս Քրիստոսից: Պարզ բառերով, պարզապես ասեք. «Տեր Աստված իմ, ես ուզում եմ ապրել քո պատվիրաններով ու համաձայն չեմ այս խաբեությունների ու գայթակղությունների հետ: Աղաչում եմ, օգնիր ինձ ու օգնիր իմ ղեկավարին, որպեսզի հավատարիմ մնանք քեզ ու արդար ապրենք: Ուժ տուր մեզ քո կամքը կատարելու եւ ճանապարհ ցույց տուր մեզ քո ողորմությամբ»: Աղոթեք ու մի կասկածեք: Աղոթեք ու հավատացեք, որ երբ դուք ցանկացած իրավիճակում փնտրում եք ձեր երկնավոր Հոր կամքը ու ուզում ապրել նրա պատվիրաններով, ապա ոչ մի չար չի կարող ձեզ մոտենալ, ու ոչ մեկը չի կարող ձեզ հափշտակել տեր Հիսուսի ձեռքերից: Վերջապես, ձեզանից ո՞վ է այն հայրը, որի որդին, երբ հաց կամենա, մի՞ թե քար կտա նրան:

ԱՐՄԵՆ ԿԻՍԱՍԱՐԿԱՎԱԳ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար գրեք իմ էջին

 

«Առավոտ» օրաթերթ
25.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031