Մոտենում են ամանորյա տոները, եւ կանայք որքան էլ տարատեսակ պատրաստություններ են տեսնում, չեն մոռանում նաեւ գեղեցիկ եւ հրապուրիչ տեսք ունենալ: Անհրաժեշտ է ոչ միայն տարատեսակ սնուցիչ քսուքներ օգտագործել, այլ նաեւ՝ դիմակներ, որոնք արագ եւ արդյունավետ կբարելավեն ձեր մաշկը:
Հրապուրիչ տեսք եւ թավշյա մաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում լվացվել հանքային ջրով։ Պետք է հնարավորին չափ շատ միրգ ու բանջարեղեն ուտել եւ շաբաթը մեկ անգամ դեմքի ու պարանոցի մաշկը մաքրող ու սնուցող դիմակ դնել։
Մաշկը հարթ ու թավշյա դարձնելու, մանր կնճիռները հարթելու համար գիշերը դեմքը տրորել վարսակի փաթիլների եփուկով (2 թեյի գդալը եռացնել 7-8 րոպե, 1 լիտր ջրի մեջ)։ Այդ եփուկով կարելի է վերացնել ձեռքերի մաշկի ճաքճքվածությունը, թեփոտվածությունը, ինչպես նաեւ՝ կարմրությունը։ Առաջարկվում է 10-15 րոպե ձեռքերը դնել եփուկի մեջ։
Սնուցող դիմաքսուքներ պատրաստելու համար անհրաժեշտ է մանկական քսուք, խառնել որեւէ յուղ` ձիթապտղի, նուշի, կոկոսի, լավ հարել։ Ապա դնել ապակե ամանի մեջ եւ պահել սառնարանում։ Օրը մեկ անգամ քսել դեմքին ու պարանոցին։ Մանկական քսուքին կարելի է օգտագործելուց անմիջապես առաջ խառնել նաեւ E վիտամին եւ դրանով սնուցել դեմքի եւ պարանոցի մաշկը:
Յուղոտ մաշկի համար շատ օգտակար է հետեւյալ միջոցը, օրվա մեջ մի քանի անգամ դեմքը թրջել 60 միլիգրամ վարդաջրի, 20 գրամ բնական մեղրի եւ 4 գրամ շիբի խառնուրդ-լուծույթով։
Սնուցող մեղրաքսուք առաջարկվում է. 120 գրամ մեղր, 240 գրամ լանոլին (բրդաճարպ) եւ 0,5 գավաթ նշայուղ։ Գոլորշու վրա մեղրը տաքացնել, ավելացնել լանոլինը, որի լուծվելուց հետո ավելացնել նաեւ նշայուղը։ Լավ խառնել, հանել կրակի վրայից ու հարել։ Հրաշալիորեն սնում է մաշկը։
Բացառապես չոր, նուրբ մաշկ ունեցողներին առաջարկվում է հին իսպանական բաղադրատոմսով դիմակ. մեկ գավաթ լոբահատիկները մի քանի ժամ թրջել, ապա եփել քիչ քանակությամբ ջրով, մինչ լոբին կփափկի։ Քամիչի մեջ տրորելուց հետո ստացված զանգվածը տաք վիճակում խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի, կես լիմոնի հյութի հետ։ Այս բաղադրությամբ դիմակն ունի սնուցող եւ հարթեցնող հատկություն։ Խորհուրդ է տրվում ունիվերսալ դիմակ, որն առաջարկվում է տարբեր մաշկ ունեցողներին, կարող եք պատրաստել հետեւյալ կերպ. կաթնաշոռը ձիթապտղի յուղը, կաթը եւ գազարի հյութը 1:1:1:1 հարաբերությամբ լավ խառնել եւ քսել դեմքին։ Մաշկը թարմանում, դառնում է թավշյա։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015