2016 թվականը արտաքին քաղաքական բարդ տարի է լինելու Հայաստանի համար
Տարեվերջին ամփոփում ենք 2015 թվականը: Հայաստանում եւ Հայաստանի շուրջ կարեւոր իրադարձությունների պակաս չզգացվեց անցնող տարում, սակայն Հայաստանի սահմաններում եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածությունը, թերեւս, քաղաքացիների ուշադրության կիզակետում գտնվող ամենակարեւոր խնդիրն էր:
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են հայտնվել նոր սպառնալիքների առջեւ: Հարավային Կովկասում ազդեցությունների իրական պայքար է գնում տարածաշրջանի երկրների միջեւ, խոշոր հաշվով` Հարավային Կովկասի համար է պայքար ընթանում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը չեն ցանկանում մի կողմ դնել իրենց շահերն այս տարածաշրջանում: Տարածաշրջանի երկրների խնդիրն է այս ձգտումներից հնարավորինս օգտվել:
Հնարավոր վտանգների, անկանխատեսելիության բարձր աստիճանի պայմաններում նույնիսկ պետք է փաստել, որ Հայաստանը հայտնվել է որոշակիորեն բարենպաստ իրավիճակում:
Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության, Արեւմուտքի վերաբերմունքը խիստ բացասական է: ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, մասնավորապես, այն աստիճան խնդրահարույց են դարձել, որ Ալիեւն արդեն դիմում է ոչ ադեկվատ քայլերի` Ադրբեջանում արդեն ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծ են առաջ քաշել: Ադրբեջան-Արեւմուտք լարվածությունն իր հերթին Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների էլ ավելի ջերմացում է խոստանում:
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթ Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարեւոր հնարավորություն ընձեռեց՝ նշել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին` հավելելով. «Նախագահներն իրենք ընդունեցին, որ տեղում իրավիճակը վատթարացել է, եւ մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառման հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ: Նրանց պահանջով Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել բռնության սպառնալիքը նվազեցնելուն ուղղված առաջարկների վրա»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: Քըրբին հավաստիացրել է, որ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը «վճռականորեն նվիրված է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդությանը»:
Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է շեշտել, որ սատարում է շփման գծի երկայնքով բռնության սպառնալիքի նվազեցման առաջարկներին, Հայաստանը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին, մինչդեռ Ադրբեջանը համառորեն երկարաձգում է իր պատասխանը:
Համանախագահող երկրները ամենայն հավանականությամբ կշարունակեն պնդել իրենց առաջարկը եւ ուշադրություն չեն դարձնի պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ կարգավորման վերաբերյալ տարբեր «հիշարժան» հայտարարություններին: Ադրբեջանի իշխանությունները, որպես կանոն, երբ «նեղն են ընկնում», հիշում են «խաղաղության մեծ համաձայնագրի» ստորագրման անհրաժեշտության մասին, բայց մերժում են այդ պահին միջնորդների արած կոնկրետ որեւէ առաջարկը` սկսած դիպուկահարներին հեռացնելուց, մինչեւ սահմանային միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունը:
Նույնիսկ Ռուսաստանը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մակարդակով այս փուլում հայտարարեց, թե Մոսկվան Երեւանի եւ Բաքվի միջեւ «առարկայական երկխոսություն» է ակնկալում: Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներին:
Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջեւ ստորագրվեց 2016թ. համագործակցության պլան: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ռուսական ռազմաբազայի ուժեղացման ու հայկական բանակին տեխնիկական օգնության տրամադրման հարցեր: Շոյգուն Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24»-ի վրա հարձակումը որակել է «գրեթե դավաճանություն». «Մեզ համար, իսկապես, այդ ակտը գրեթե դավաճանություն էր, ես դա այսպես կանվանեի: Այդ պատճառով մենք բացարձակապես նման գործողություններ չէինք սպասում մարդկանցից, ովքեր ողջ աշխարհին հայտարարում են ԴԱԻՇ-ի, Սիրիայի տարածքում գործող մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ հակաահաբեկչական օպերացիային իրենց մասնակցության մասին»: Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանը Մոսկվայում ստորագրեցին Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ կարգադրել էր Հայաստանի հետ ստորագրել ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
2016 թվականը արտաքին քաղաքական բարդ տարի է լինելու Հայաստանի համար: Տարածաշրջանում զարգացումները, գործընթացները շատ արագ են ընթանում՝ պահանջելով արագ ու հավասարակշռված որոշումներ, որոնք նախաձեռնողականությամբ եւ ինքնուրույնությամբ կնպաստեն նախեւառաջ ՀՀ քաղաքացիների եւ Արցախի բնակչության շահերին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015