Փաստաբան Ստեփան Ոսկանյանը այսօր հանդիպել է իր պաշտպանյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Փաստաբանի խոսքով, Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ:
«Մենք առողջական խնդիրների մասին բարձրաձայնեցինք նաեւ առաջին ատյանի դատարանում, որ, եթե դատարանը, ելնելով մեղադրանքից, գտնի նրա նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում, հաշվի առնի առողջական խնդիրներն ու նշանակի գրավ՝ որպես այլընտրանքային միջոց: Բայց դատարանը հաշվի չառավ, այսօր վերաքննիչ բողոք եմ ներկայացրել»,- ասաց փաստաբանը:
Պարոն Ոսկանյանն ասաց, որ Շիրխանյանն այս ընթացքում մի ցուցմունք է տվել, որտեղ պատմել է, որ ճանաչում է Արթուր Վարդանյանին եւ այդ գործով կալանավորված հայր Անտոն Թութունջյանին. «Ասել է՝ սովորական, գործնական շփումներ են եղել, հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր: Այլ գործնական ու կազմակերպչական բնույթի հանդիպումներ չեն եղել»:
Պարոն Ոսկանյանը նաեւ ասաց, որ թեեւ ըստ մեղադրանքի՝ պարոն Շիրխանյանը ճանաչում է խմբի անդամներին, կապ է ունեցել նրանց հետ եւ հանձնարարություններ ստանձնել. «Բայց որեւէ ապացույց չունենք նշվածի վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Շիրխանյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար:
Ըստ նախաքննական մարմնի, Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի, թիրախում եղել են քաղաքացիներ, իշխանության առանձին ճյուղեր, ու պետական մարմիններ: Այդ գործի շրջաններում կալանավորվել են 2 տասնյակից ավելի անձինք, այդ թվում նաև` կանայք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ