Նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս ու Ոսկեպար գյուղերում «Կարգին» ու «էսքիզ» ստուդիաների կողմից բարեգործական հիմունքներով ցուցադրվել է «Սիրո գործակից» ֆիլմը: Ֆիլմի տուր մենեջեր Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից ավանդույթ է դարձել ամեն տարվա դեկտեմբերի վերջերին սահմանամերձ գյուղերում բարեգործական հիմունքներով ցուցադրություններ կազմակերպելը:
Ֆիլմի ստեղծագործական խումբը՝ երկու գլխավոր դերակատարներ Հայկ Մարությանն ու Գարիկ Պապոյանը, ինչպես նաեւ ֆիլմի ռեժիսոր Արման Մարությանը ու սցենարի հեղինակ Ռոբերտ Մարտիրոսյանը եւս ներկա են գտնվել ֆիլմի ցուցադրությանը: Հետաքրքիրն այն է, որ ֆիլմի ցուցադրության նախօրեին հակառակորդը գիշերային ժամերին կրակոցներ էր արձակել այս գյուղերի ուղղությամբ, իսկ առավոտյան խիզախ գյուղացիները շտապել են դիտելու ֆիլմը:
«Շատ կարեւոր է մշակութային միջոցառումների կազմակերպումը սահմանամերձ գյուղերում, մենք ֆիլմը ցուցադրեցինք գյուղերում՝ չունենալով դահլիճային պայմաններ: Ամբողջ տեխնիկական մասն ապահովեցինք, որպեսզի մարդիկ կարողանան բարձր որակով դիտել այն: Կուզենայի, որ մեր այս նախաձեռնությունը վարակիչ լիներ մյուսների համար, եւ բոլորը իրենց պարտքը համարեին տարեկան արտադրած իրենց մեկ ֆիլմը ցուցադրել նաեւ սահմանամերձ գյուղերում, բոլոր նրանց համար, որոնք որ կանգնած սահմանին մեզ պաշտպանում են»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:
Կարդացեք նաև
Նա նշում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ բացարձակապես վախ չկա, ցավոք, դահլիճները փոքր են. ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է դպրոցի դահլիճում, սակայն շատ ավելի մեծ քանակությամբ մարդիկ են եկել դիտելու՝ երկու ժամ շարունակ ոտքի վրա կանգնած մնալով: «Մարդիկ այդ երկու ժամը վայելեցին ֆիլմը՝ ծիծաղով, ուրախությամբ, հպարտությամբ, վախ չկար ընդհանրապես եւ ամենակարեւորը, այդ ամեն ինչի հետ նրանք նաեւ գտնում են ժամանակ արվեստի հետ շփվելու: Այնտեղ գտնվելով՝ հասկանում ես, ինչքան կարեւոր է, որ այնտեղ մշակութային իրադարձությունները շատ կատարվեն, հրաշալի հանդիսատես ունենք՝ գնահատող, բարձրաճաշակ ու խստապահանջ: Մենք, արտիստական կազմը՝ ֆիլմի ստեղծողները իրենց ներկայությամբ եւ անմիջական զրույցներով, ըստ իս, կարողացանք այդ առաջին օրվա լարվածությունը թուլացնել:
Շատ հետաքրքիր պատմություն տեղի ունեցավ, երբ որ Բաղանիսում էինք. գյուղի տարեցներից մեկը հրավիրեց իր տուն, եւ մենք հացի սեղանի շուրջ հրաշալի երկու մտերմիկ ժամ անցկացրեցինք: Նա իր պատմություններով կիսվեց, հյուրասիրեց իր ձեռքով քաշած օղին: Նա շատ էր վիրավորվել, որովհետեւ էս վերջերս հակառակորդի արձակած կրակոցներից վնասվել էր օղու տակառը, օղու մեծ մասը թափվել էր, չնայած ասում էր մնացած մասը կհերիքի իրենց: Շատ ուրախ, շատ հպարտ, շատ վճռական ու պատրաստակամ մարդիկ են ապրում այնտեղ, շատ ավելի հայրենասեր են, քան մենք»,- ասաց Տիգրան Վիրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ իրենք անցած տարի սահմանամերձ գյուղերում ցուցադրել են «Սուպեր մամա» կատակերգությունը, իսկ մինչ այդ Հրաչ Քեշիշյանի հետ ցուցադրել էին «Խաչագողի հիշատակարան» ու «Գարեգին Նժդեհ» ֆիլմերը:
Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ