«Առանց ծանրակշիռ ներդրումների հնարավոր չէ զարգացնել թարգմանական գրականությունը: Հայաստանում գրականությանը հատկացվող գումարն անհրաժեշտի քսան տոկոսն է միայն, բայց էլի շնորհակալ ենք. առաջ դա էլ չկար: Կարծում եմ, որ պետությունը չպետք է ափսոսա գումար ներդնել գրականության մեջ»,- այսօր «Նյութ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության թարգմանական գրականության բաժանմունքի ղեկավար Շանթ Մկրտչյանը:
Նրա գնահատմամբ՝ մենք այսօր ունենք թարգմանիչներ, որոնք բարձր մակարդակի թարգմանություններ են անում և´ արևմտյան, և´ արևելյան լեզուներից:
«Ունենք նաև ժամանակակից գրողներ, որոնց ստեղծագործություններն արժանի են դրվելու համաշխարհային ընթերցողի սեղանին: Ես կարող եմ բազմաթիվ բանաստեղծների ու արձակագիրների անուններ նշել, որոնց հետաքրքրությամբ կկարդա նաև ոչ հայ ընթերցողը: Պարզապես, կան որոշ հայ հեղինակներ, որոնց շատ դժվար է թարգմանել այլ լեզուներով: Դրսի ընթերցողը բազմաճաշակ է, հայ գրականությունն էլ բազմազան է, այնպես որ, հետաքրքրության պակաս չի լինի»,- նշեց Շ. Մկրտչյանը:
Մշակույթի նախարարության հրատարակչության բաժնի պետ Արմեն Ավանեսյանը նույնպես կարծում է, որ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն հայ գրողներին աշխարհին ներկայացնելու ուղղությամբ, քանի որ նրանք համաշխարհային ընթերցողին պակաս հետաքրքիր ու կարևոր ընթերցանության նյութ չեն տալիս, ինչ օտարերկրյա գրողները՝ հայ ընթերցողին:
Ինչ վերաբերում է հրատարակչական դաշտին, Ա. Ավանեսյանի խոսքով, այն ազատ է. «Ով ինչ ուզում, հրատարակում է: Ոլորտը հիմնականում վերահսկելի չէ, բայց նախարարությունը փորձում է ինչ-որ կերպ համակարգել այդ գործընթացը, որպեսզի պատշաճ գործեր հրատարակվեն: Իսկ վիրտուալ տարածքն ընդհանրապես դուրս է վերահսկողությունից»,- նշեց բանախոսը:
Դառնալով անցնող տարվա ընթացքում արված թարգմանություններին՝ նա նշեց, որ հիմնականում շեշտը դրել են Հայոց ցեղասպանությանն առնչվող գրքերի թարգմանության վրա, քանի որ կա պետական պատվերի ծրագիր, որն ամեն տարի որոշակի ուղղություն է ունենում. «Այս պահին տարբեր լեզուներով թարգմանված մի քանի կարևոր գրքեր կան, և միջազգային ծանրակշիռ հրատարակչությունների հետ աշխատանքներ ենք տանում դրանք հրատարակելու համար»,- տեղեկացրեց Ա. Ավանեսյանը:
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին թարգմանական գրականությունը մեզ մոտ զարգացում է ապրում. «Որոշ հրատարակչություններ այս ուղղությամբ լուրջ քաղաքականություն ունեն և անգամ մատենաշարեր են ստեղծում»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ