Այս տարի «Օրրան» բարեգործական կազմակերպության աջակիցների եւ բարեկամների թիվն ավելացել է: Հոկտեմբերին Երեւանում եւ նոյեմբերին ԱՄՆ-ում կազմակերպված բարեգործական ճաշկերույթներին մասնակցել են անհատներ, որոնք եւս ցանկություն են հայտնել օգնելու «Օրրան»-ին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Օրրան»-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
«Որքան շատ մեզ օգնեն, այդքան շատ ընտանիքի մենք կկարողանանք աջակցել: Մենք միայն մեր շահառու երեխաներին եւ մեծահասակներին չէ, որ օգնում ենք: Մասնավորապես, վաղը Վանաձորի 60 կարիքավոր ընտանիքներ, որոնք ներառված չեն մեր ծրագրում, կստանան ծնունդ, վառելափայտ եւ այլ անհրաժեշտ իրեր: Շնորհակալ ենք մեր բոլոր բարերարներին»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ նշյալ ընտանիքները բնակվում են տնակներում, իսկ երեխաները միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ են. «Այսպիսի աղքատության հետ չենք առնչվել, ինչպես այս տարի: Ամեն օր մեր դուռը թակում են մարդիկ, որոնք օգնության կարիք ունեն»:
ԱՄՆ-ի բնակիչ Թալին Եփրեմյանը «Օրրան»-ին միացած կամավորներից է. «Մեր կամավորների հետ որոշեցինք գումար հավաքել: Տարբեր երկրներում բնակվող մեր ծնողներին եւ ընկերներին խնդրեցինք օգնել: Այդպես մոտ 14.000 դոլար հավաքվեց, որով Հայաստանի տարբեր քաղաքներ եւ գյուղեր ենք այցելելու՝ սնունդ, կոշիկ, հագուստ բաժանելու նպատակով»,-մեզ հետ զրույցում ասաց Թալինը:
Հիշեցնենք, որ նշյալ նվերների մի մասն էլ այսօր բաժանվեց «Օրրան»-ի 100 երեխաների միջեւ: Առաջիկայում կամավորները նվերներով կայցելեն նաեւ Իջեւան եւ Գյումրի:
Նշենք, որ «Օրրան»-ի հոգածության ներքո է 200 կարիքավոր երեխա եւ 100 տարեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ