Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծեցի, որ եթե ես գրեմ կոնկրետ ընտանիքի պատմություն, մարդիկ ավելի մոտ կզգան իրենց այդ ընտանիքին, ազգին»

Դեկտեմբեր 25,2015 17:35

18-ամյա Արեւիկ Զադոյանը Պրահայի Անգլո ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Արտասահմանյան այդ բուհում, որտեղ սովորում են աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ, բարձր առաջադիմություն ցուցաբերելը նա բավարար չի համարել. ամեն հնարավորություն օգտագործել է նաեւ սեփական երկրի պատմությունն ու առավելությունները ներկայացնելու համար:

Այս տարվա հունվարին էլ , չնայած ամենօրյա դասերի ծանրաբեռնվածությանը, որոշել է գրի առնել դեռ մանուկ հասակից իր լսածն ու իրեն այդքան տպավորածը. նրա մեծ տատիկը՝ Աննան, Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել, ամբողջ ընտանիքում միայն նա փրկվելով սպանդից՝ հայտնվել է Արեւելյան Հայաստանում, այստեղ շարունակել իր կյանքը, կազմել հայկական ընտանիք՝ երբեք չմոռանալով եւ իրեն հաջորդողներին պատմելով իր եւ իր ընտանիքի հետ կատարվածը՝ երեւի պատկերացում անգամ չունենալով, որ նրան երբեք չտեսած ծոռնուհին կփորձի այն ներկայացնել հանրությանը միջազգային՝ անգլերեն լեզվով, վերնագրելով եղածը` «Օրհասական գաղթի ճանապարհին» (In Fatal Exile):

Գրքի հեղինակը պատմում է, որ վաղուց կուտակվածը արդեն գրի առնելու գաղափարը հասունացավ այս տարի, քանի որ լրանում էր «Հայոց ցեղասպանության» 100-ամյա տարելիցը: Ցանկանում էր ավարտել ապրիլին, սակայն դասերին, քննություններին զուգահեռ դժվար էր դա անելը: Ամռանն արդեն աշխատանքը տպագրված էր՝ դիզայնի հեղինակն էլ հենց Արեւիկն է՝ գրքի կազմին հերոսուհու դիմապատկերն է:

«Գրքում ներկայացրել եմ մեծ տատիկիս պատմությունը, թե ինչպես է Խարբերդից հասել Արեւելյան Հայաստան: Գիրքը սկսել եմ խաղաղ բնակավայրի նկարագրությամբ, հետո արդեն ներկայացրել ոճրագործությունները, գաղթի ճանապարհը՝ տատիկիս՝ Աննայի կյանքի օրինակով: Չեմ փորձել այն ներկայացնել իմ տեսակետից: Եղել են թուրքեր, որոնք նաեւ օգնել են հայերին,- ասում է Արեւիկը: Նշում է, որ պատմությունն իրեն հաճախ պատմել է իր պապիկը, լսել է նաեւ գրքի հերոսուհու՝ Աննայի ձայնագրությունները. «Մեր ընտանիքում ընդհանրապես շատ են խոսել այդ մասին: Իմ կարծիքով՝ եթե պատմում ենք ոճրագործության, մեծածավալ սպանությունների մասին, մարդիկ դա ավելի շատ նայում են որպես վիճակագրություն, այլ ոչ թե մի բան, որ իսկապես եղել է: Կարծեցի, որ եթե ես գրեմ կոնկրետ ընտանիքի պատմություն, մարդիկ ավելի մոտ կզգան իրենց այդ ընտանիքին, ազգին ու ավելի կհավատան դրա իրական լինելուն»,- ասում է Արեւիկը:

Պատմում է, որ գիրքը ներկայացրել է Պրահայի Անգլո ամերիկյան համալսարանի գրադարանին: «Կարդացին եւ ասացին, որ թե անգլերենը, թե թեման համապատասխանում է համալսարանի ստանդարտներին: Այն ճանաչվեց շաբաթվա գիրք: Գիրքը հայտնի դարձավ, շատերը որոշեցին կարդալ: Այն հաստափոր չէ, արագ է կարդացվում:  Շատերն էին ուզում իմանալ, թե ինչպես եմ այն գրել»,- պատմում է Արեւիկը:

Ասում է, որ բոլորին հատկապես հուզել է այն դրվագը, որ հերոսուհու մայրն ինքնասպան է լինում՝ իր աղջկան փրկելու համար: «Մտածում էր, որ թուրքերն իր համար են տանում իր ընտանիքին: Կարծում եմ՝ դա գրքիս ամենահուզիչ պահն է: Չնայած դա այնքան ծանր թեմա է, որ յուրաքանչյուր տող կարող է հուզիչ լինել:

Ինձ թվում է, որ բոլորը հուզվել էին այն փաստից, որ մի աղջիկ, որը դեռ ութ տարեկան էլ չկար, կորցրեց իր ամբողջ ընտանիքին, բայց հետո ունեցավ իր ընտանիքը, ոչ թե կորավ ինչ-որ մի տեղ, ճանապարհին, կամ մահացավ»,- ասում է գրքի հեղինակը:

Նշում է, որ նախկինում այլ գործեր էլ է գրել, բայց սա շատ է կարեւորել. «Նախորդներին շատ լուրջ չեմ վերաբերել. մտածել եմ դե ինչ-որ բան է, որն անում եմ: Այս գործին ավելի լուրջ վերաբերվեցի, մտածեցի հրապարակեմ: Այդ մասին ասացի միայն ընտանիքիս»:

Պատմում է, որ ինքնուրույն է գրել, առանց որեւէ մեկի օգնության.«Փորձեցի գրքեր գտնել, որոնք սկսնակ գրողների համար են, բայց հետո հասկացա, որ ավելի ճիշտ է, որ մտքերդ ունենաս քո գլխի մեջ դասավորված, քան ինչ-որ գրքից օգտվես»,- ասում է նա:

Արեւիկին ցեղասպանության թեման նաեւ որպես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի է հետաքրքրում, ասում է. «Այն փաստը, որ ոչ բոլոր պետություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, արդեն տեղիք է տալիս մտածելու, որ հարցը բավականաչափ բարձրացված չէ: Մտածում էի՝ ներկայացնեմ մի ընտանիքի պատմություն, ավելի տպավորիչ կլինի, կբացատրի, որ իրականում եղել է այդ ամեն ինչը: Մարդիկ այդ մասին լսել են որպես Առաջին համաշխարհային պատերազմին կպած մի մաս, ընդամենը սպանություն, որը եղել է ամբողջ աշխարհում: Իմ գիրքը կարդացողները սկսեցին հասկանալ, որ ինչպես Հոլոքոստն է ընդունվում, որպես առանձին ոճրագործություն, այնպես էլ պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Գիրքս կարդացողներից շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչպես են միլիոնավոր հայեր կարողացել պահպանել Արեւելյան Հայաստանը, որովհետեւ կարծես թե «ծրագրեր» չկային, որ Արեւելյան Հայաստանը պետք է մնա, գոյատեւի»:

Երիտասարդ հեղինակին հատկապես տպավորել է գրքի մասին իր դեկանի խոսքերը. «Ասաց, որ հուզիչ թեմա էր՝ լավ անգլերենով գրված, որն անգամ իր համար բարդ էր կարդալը»:

18-ամյա աղջնակը չի կարծում, որ իր մի գիրքը կարող է աշխարհի վերաբերմունքը փոխել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, բայց հուսով է, որ այն կոգեշնչի նաեւ մյուս հայերին՝ աշխարհի տարբեր հատվածներում, որ գրեն իրենց պատմությունը, որ ավելի շատ մարդ իմանա ցեղասպանության մասին:

«In Fatal Exile»-ը այսօր նաեւ դրված է Պրահայի «Շեքսպիր եւ որդիներ» գրախանութում, չի վաճառվում, սակայն այստեղ հաճախողները կարող են կարդալ Հայոց Ցեղասպանությունը վերապրած հազարավոր մարդկանցից մեկի  Աննայի պատմությունը: Արեւիկն, էլ որպես ցեղասպանություն տեսածի սերունդ, կարծում է, որ ներկայիս սերունդը պետք է հպարտանա իր երկրով եւ արմատներով .«Շատ պետք չէ պատմությունը մատնանշել, պետք է ներկայով էլ հպարտանալ: Հիմա էլ մենք շատ հաջողություններ ունենք:

Պետք է այդ հաջողությունների ներկայացնողը լինենք ամբողջ աշխարհում: Ունենք շատ նվաճումներ՝ գիտական եւ այլ ոլորտներում, պետք է դրանց մասին խոսենք, ոչ թե մեր արքաների հաղթանակների ու նվաճումների մասին»,- ասում է նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031