Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածի մայր. «Իրենց քթից բերելու եմ, որ իմ երեխայի կյանքը ինչ-որ մի ստոր կենդանի խլել է»

Դեկտեմբեր 25,2015 17:27

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արմեն Խաչատրյան) այսօր քննվեց ոստիկանների կողմից բռնության ենթարկված սևազգեստ մայրերի` Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի դիմումը: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՔԾ-ում վերաբացվի իրենց դեմ բռնությունների գործը և իրականացվի արդար քննություն: Որդեկորույս մայրերի պահանջը հետևյալն է. «Վերացնել ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արա Թադևոսյանի կողմից 08 օգոստոսի քրեական գործով քրեական հետաքննություն չիրականացնելու և վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը, պարտավորեցնել իրականացնել նոր` արդյունավետ, համակողմանի և սպառիչ քննություն»:
Շուրջ 15 րոպե տևած դատական նիստից հետո նախագահող դատավորը հայտարարեց խորհրդակցական սենյակ գնալու մասին: Վճիռը կհրապարակվի 2016-ի հունվարի 11-ին՝ ժամը 17.30-ին:

Նշենք, որ դատական նիստի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչն ամեն կերպ փորձում էր արդարացնել ոստիկանների գործողությունները սևազգեստ կանանց նկատմամբ:

Որդեկորույս մայրերի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի այն պնդումներին, թե ունեն փաստեր, որ ոստիկանները մի քանի անգամ որդեկորույս մայրերին քաշքշել են, ոստիկանության ներկայացուցիչը դատական նիստերի դահլիճում հայտարարեց, որ դրանով ոչինչ չի որոշվում, այնուհետև պնդեց, թե որդեկորույս մայրերը կարգ են խախտել:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով եւ հրելով՝ հեռացրել էին   բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների՝ բողոքի ակցիա անցկացնող ծնողներին, որոնք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում էին պահանջում։ Նիստի ավարտից հետո խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, թե իր տպավորությամբ ոստիկանները չեն ուզում իրենց մեղքը վերցնել, քանի որ վերևից հրաման ունեն: Այնուհետև վրդովվեց. «Եթե վերևից հրաման չլինի, ոստիկանն ո՞վ, ի՞նչ դարձավ, որ ծնողին քաշի գցի մյուս մայթ»:

Իրինա Ղազարյանը հույս չունի, թե դատավոր Խաչատրյանն իրենց օգտին որոշում է կայացնելու: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է նման թերահավատության պատճառը, տիկին Ղազարյանը պատասխանեց. «Այսօր լրանում է ուղիղ հինգ տարի, որ ես իմ Արթուրին հողին հանձնեցի: Եթե առ այսօր ոչ մի տականք, ստոր թե′ դատախազությունում, թե′ Բաղրամյան 26-ում, թե′ ՊՆ-ում պատասխանատվություն չի կրել, եթե չեն ուզում իմ որդու գործը բացահայտել, ի՞նչ հույս ունենամ: Ես սգի մեջ եմ, իսկ այդ ստոր կենդանիները չեն ուզում գործը բացահայտել»:

Սակայն տիկին Իրինան մինչև վերջ հույսը չի կորցրել. կարծում է՝ «գուցե մի արդարություն, վերևից դատաստան լինի»:

Հետաքրքրվեցինք, եթե դատարանն իրենց հայցը մերժի, բողոքարկելու՞ են, Իրինա Ղազարյանը պատասխանեց. «Ես Արթուր Ղազարյանի մայրն եմ: Ինչքան ես շնչում եմ, մինչև կյանքիս վերջ պիտի պայքարեմ: Ես իրենց քթից բերելու եմ, որ իմ երեխայի կյանքը ինչ-որ մի ստոր կենդանի խլել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031