«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում այսօր տոնեցին Ամանորն ու Սուրբ ծնունդը: Կազմակերպության շահառու՝ կարիքավոր ընտանիքների երեխաները տոնական հանդես էին կազմակերպել: Մի խումբ կամավորներ նրանց համար նախապես հավաքագրել էին հագուստ եւ սնունդ:
Երեխաները նաեւ անակնկալ նվեր ստացան՝ «ԱրմԹաբ» պլանշետ: Նախաձեռնության հեղինակը One Armenia կազմակերպությունն է, որը դրամահավաք է կազմակերպել եւ ստացված գումարով գնել 100 պլանշետ:
«Ցանկացանք հայկական արտադրության պլանշետներ նվիրել, որոնց միջոցով երեխաները կզարգացնեն իրենց գիտելիքները: Մեր կամավորները գումար ներդրեցին, անգամ փոքր-ինչ ավելի հավաքվեց: Աշխարհի տարբեր երկրներից մարդիկ տեղեկացան այս նախագծի մասին եւ միացան մեզ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց One Armenia-ի ներկայացուցիչ Անահիտ Գալստյանը:
Կարդացեք նաև
«Օրրան»-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովհաննիսյան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պլանշետների միջոցով երեխաներն ավելի կկատարելագործեն համակարգչային գիտելիքները. «Մեր 12 կամավորները նաեւ տարբեր նվերներ՝ հագուստ, կոշիկ, սնունդ են հավաքագրել երեխաների համար: Երբեք «Օրրան»-ն այսքան շատ նվերներ չէր տվել իր շահառուներին, այդ առումով այս տարին յուրահատուկ է: Այս ամենն այն մարդկանց շնորհիվ է, որոնք լսել են «Օրրան»-ի մասին եւ օգնելու ցանկություն հայտնել»:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում բարեգործության նոր մշակույթ է ձեւավորվում. «Բարեգործությունը միշտ էլ եղել է, պարզապես հիմա սկսում է հասարակական աշխատանքի վերածվել: Եթե նախկինում մեր նվիրատուների 95 տոկոսը սփյուռքահայեր էին, ապա այսօր հայաստանաբնակներն ավելի շատ են սկսել բարեգործություն անել»:
Հավելենք, որ միջոցառման տոնական տորթը եւս կամավորների նվերն էր «Օրրան»-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ