Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյան. «Դատախազության վարքագծից կերեւա՝ ինչքանով են նրանք պատրաստ պատժել ընտրակեղծարարներին»

Դեկտեմբեր 25,2015 17:02

«2015 թվականը բարդ տարի էր ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին առումով»,- դեկտեմբերի 25-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նա նշեց, որ հանրաքվեի արդյունքները վստահություն չեն ներշնչում հասարակության մոտ, միջազգային կառույցները եւս կասկած են հայտնում: Նա համարում է, որ չնայած գրանցված արդյունքներին, դափնին Հայաստանի հասարակությանն է, Հայաստանի քաղաքացիներինը:

«Հանրապետական կուսակցությունը եւս ներկայացված էր տեղամասերում, բայց զարմանալիորեն նրանք ոչ մի կեղծիք չեն նկատել: Այն դեպքում, եթե այս պահին, եթե չեմ սխալվում 47 քրեական գործ է հարուցված, ինչը նշանակում է, որ 47 ընտրական տեղամասում հանրապետականներն ականատես են եղել դրան, բայց որեւէ մեկը հաղորդում չի ներկայացրել: Եվ սա արդեն իսկ մատնում է այն, որ այդ ուժն ինքն է կազմակերպել այդ կեղծիքները, եւ հիմա՝ տարբեր բառախաղերով փորձում է լղոզել եւ իր վրայից ինչ-որ կերպ հեռացնել պատասխանատվությունը»,- ասաց նա:

Արման Մուսինյանը հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսը բազմաթիվ հաղորդագրություններ է ներկայացրել, եւ առաջիկայում էլի հաղորդումներ կներկայացնեն դատախազությանը. «Դատախազության վարքագծից կերեւա՝ ինչքանով են նրանք պատրաստ պաշտպանել օրենքը, պաշտպանել քաղաքացիների ձայնը եւ պատժել ընտրակեղծարարներին, որոնք փորձել են բռնանալ ժողովրդի կամքի վրա: Իհարկե՛, այս պարագայում վստահ եմ պատժվելու են ոչ թե ընտրակեղծիքների կազմակերպիչները, այլ ընտրակեղծարարները, որովհետեւ քվեագողերը Հայաստանում ավելի բարձր մակարդակի են, դրանք իշխանության ամենավերին էշելոններում են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բայց նույնիսկ այս պարագայում սա դաս կլինի, որպեսզի հաջորդ որեւէ ընտրական գործընթացում լոկալ ընտրակեղծարարները մեկ անգամ ավել մտածեն ընտրությունները կեղծելիս կամ ժողովրդի քվեն գողանալիս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031