Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին, որի օրակարգային առաջին հարցով տեղի է ունեցել խորհրդի նախագահի ընտրություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է վարչապետ Աբրահամյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում Հովիկ Աբրահամյանը միաձայն վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ առաջիկա 5 տարիներին միասին կշարունակեն իրականացնել ՀՊՏՀ-ի արդյունավետ գործունեությանն ու հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը:
Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2015 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2015 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորն անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհի հիմնական խնդիրն է եղել և շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Համալսարանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, արտերկրի համալսարանների հետ համագործակցության խորացմանը: Անցնող տարում ՀՊՏՀ-ն դարձել է Եվրասիական համալսարանների ասոցիացիայի անդամ, կնքվել է միջազգային 17 պայմանագիր: Զեկույցի ընթացքում ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի 2016 թվականի համար նախատեսվող բյուջեի նախագծի ցուցանիշները:
Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2015 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2015 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել համալսարանի 2016 թ. բյուջեն:
Ամփոփելով խորհրդի աշխատանքները՝ վարչապետը նշել է, որ որակյալ կադրերի պատրաստման, համալսարանի մրցունակության և հեղինակության բարձրացման համար բուհի ղեկավարության և աշխատակիցների ջանքերն արդյունավետ են եղել: «Համաշխարհային տնտեսական զարգացումներն առաջադրում են նոր խնդիրներ, որոնց լուծման, երկրների տնտեսությունների ուժեղացման համար անհրաժեշտ է ունենալ բարձրորակ կրթությամբ մասնագետներ: Այս առումով ՀՀ կառավարությունը նույնպես կարևորում է բարձրորակ տնտեսագետների պատրաստման գործը, որը վստահված է նաև ձեզ՝ հարգելի համալսարանականներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ Տնտեսագիտական համալսարանն իր ներուժով պետք է աջակից լինի կառավարությանը՝ տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Այս առումով, գործադիրի ղեկավարը գովելի է համարել այն, որ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և ուսանողների կողմից դարձել են հետազոտության թեմաներ: «2015թ. Տնտեսագիտական համալսարանում շարունակվել է բարեփոխումների և զարգացման քաղաքականությունը: Կրթության որակի բարելավումը, գիտահետազոտական աշխատանքների շարունակումը, աշխատակիցներին և ուսանողներին հասցեագրված սոցիալական քաղաքականությունը, միջազգային կապերի աշխուժացումը, տեխնիկական վերազինումը, ուսանողների հաջողությունները տարբեր ոլորտներում փաստում են, որ համալսարանը տարեցտարի զարգանում և մրցունակ է դառնում: Կրթության որակի բարելավման ուղղությամբ կատարված քայլերից կարևորում եմ համալսարանի հավատարմագրման փաստը: Այս բոլոր հաջողությունները նպաստում են բուհի հեղինակության բարձրացմանը և հպարտանալու առիթներ ընձեռում»,- նշել է վարչապետը: Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ համալսարանի 2015 թվականի բյուջեի կատարման արդյունքները գոհացուցիչ են և ցույց են տալիս, որ բյուջեն արդյունավետ ու խնայողաբար է տնօրինվել: Ըստ նրա, արդյունքները տեսանելի են բուհի գործունեության բոլոր ուղղություններում՝ սոցիալական ծրագրերից մինչև բուհական միջավայրի արդիականացում: Վարչապետի խոսքով՝ 2016թ. բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ առկա միտումները կպահպանվեն նաև գալիք տարում:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ