Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախարար. «Նոր պատերազմի վտանգ միշտ էլ կա»

Դեկտեմբեր 25,2015 16:42

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը չի թաքցնում, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերջին շրջանում իրոք կտրուկ սրվել է: Այսօր կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին Aravot.am-ի հարցին՝ ՀՀ ՊՆ-ից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե մենք չունենք հրադադար, այլ գործ ունենք պատերազմի հետ, նույնիսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հորդորում է «հրադադարի խախտում» արտահայտության փոխարեն օգտագործել «պատերազմ» բառը, պարոն Միրզոյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերջին շրջանում իրոք կտրուկ սրվել է, ինչը նախևառաջ Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված քաղաքականության արդյունքն է։ Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն իրավիճակի կայունացման ու լարվածության նվազեցմանն ուղղված հայկական կողմերի, միջնորդների և ողջ միջազգային հանրության կոչերի բացահայտ արհամարհանք է, այլև 1994-ի հրադադարի մասին պայմանագիրը չեղարկելու ակնհայտ փորձ։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունները միտված են պարտադրել Ադրբեջանին հարգելու հրադադարի մասին պայմանագիրը և դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունները»:

Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ գագաթաժողովում, ելույթից հետո ի՞նչ զարգացումներ է ակնկալում, պարոն Միրզոյանը նշեց, թե դրական է գնահատում այդ ելույթը և կիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները ՀԱՊԿ գագաթաժողովում։

Մեր այն հիշեցմանը, թե ԼՂ հարցը ՀԱՊԿ-ի այս գագաթնաժողովին ևս ստորադասվեց, ԼՂՀ ԱԳ նախարարն այսպես արձագանքեց. «Հարկ է հիշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի մտնում ՀԱՊԿ գործառույթների մեջ, քանի որ միակ կառույցը, որն ունի այս հարցով զբաղվելու համապատասխան միջազգային մանդատ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»:

Անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի կողմից համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանն ուղղված բանակցություններ սկսելու պատրաստակամության հարցին: Պարոն Միրզոյանը ներկայացրեց ԼՂՀ դիրքորոշումը. «Ադրբեջանի այս նախաձեռնությունը գնահատում եմ ոչ այլ կերպ, քան դիվանագիտական հնարք՝ ուղղված բանակցային գործընթացը ձգձգելուն, խոչընդոտելուն և փակուղի տանելուն։ Կցանկանայի հիշեցնել, որ մինչև 1997 թ. բանակցությունները ընթանում էին հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի միջև մեծ քաղաքական համաձայնագրի մշակման շուրջ: Սակայն այդ գործընթացին խանգարեց հենց Ադրբեջանը, որը սկսեց առաջնային պլան մղել հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը»:

Դառնալով այն հիշեցմանը, թե ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ներառված են հակահայկական երկու բանաձև՝ մեկը ԼՂ մասին, մյուսը Սարսանգի ջրամբարի, պարոն Միրզոյանը նկատեց, թե չնայած այդ բանաձևերը չունեն պարտադրող բնույթ, սակայն ընդունվելու պարագայում կարող են բացասաբար ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա ու շեշտեց. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի ու ավելի վտանգավոր բնույթ կրող լարվածության շարունակական սրման ֆոնին, Ադրբեջանի դիրքորոշմանը նպաստող տվյալ բանաձևերի ընդունումը ոչ միայն ադրբեջանական իշխանություններին թույլ կտա հետագայում ևս հաշվի չնստել լարվածության նվազեցմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հետ, այլև կարող է ընկալվել ադրբեջանցիների կողմից որպես հակամարտությունը ուժի միջոցով լուծելու քարտ-բլանշ»:

Ադրբեջանի՝ ՀՀ-ի հետ բանակցություններում նոր օրակարգ ձևավորելու միտումը պարոն Միրզոյանը համարում է ապարդյուն և ըստ նրա՝ դրանով Ադրբեջանը միայն նպաստում է միջազգային հանրության մոտ այն դիրքորոշման ամրապնդմանը, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը այլընտրանք չունի:

Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման լույսի ներքո մեծ պատերազմի կանխատեսումներին ի պատասխան ԼՂՀ ԱԳ նախարարն ասաց. «Քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր քաղաքականությունից՝ ուղղված իրավիճակի ապակայունացմանը, նոր պատերազմի վտանգը միշտ էլ կա։ Ներկայիս պայմաններում Ադրբեջանին զսպող միակ ուժը ԼՂՀ Պաշտպանության բանակն է։ Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նման սադրիչ պահվածքի ֆոնին, Լեռնային Ղարաբաղը շահեկանորեն տարբերվում է որպես հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը տարածաշրջանում նպաստում է կայունության ու խաղաղության ապահովմանը»:

ԼՂՀ իրավական կարգավիճակը հանրաքվեի միջոցով որոշելու մասին կարծիքներին ի պատասխան Կարեն Միրզոյանը հիշեցրեց, որ 1991-ին և դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը արդեն երկու անգամ քվեարկել է անկախության օգտին, ուստի Արցախի ժողովրդի կամաարտահայտության արդյունքները չեն կարող անտեսվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման գործընթացում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031