Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվելու է ամեն ինչ մեր քաղաքացիների տոնական տրամադրությունը պատահարներով եւ խցանումներով չփչացնելու համար»

Դեկտեմբեր 25,2015 16:21

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2015 թվականի 11 ամիսների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալները:

Այսպիսով` առաջին 11 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 3104 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով գրանցվել է 308 զոհ եւ մարմնական վնասվածքներ է ստացել 4304 մարդ: Նորիկ Սարգսյանը նշեց, որ այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել էր 207-ով, այսինքն՝ 7.1 տոկոսով, զոհերի թիվը ավելացել է 30-ով, իսկ վիրավորներինը՝ 184-ով:

«Ունենք պատահարների քանակի եւ դրանց հետեւանքով տուժած մարդկանց թվի աճ, սակայն ավարտվող տարվա ընթացքում նվազել է 2011 թվականից սկսված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի եւ դրանց արդյունքում տուժած մարդկանց քանակի աճի տոկոսը: Եթե մինչեւ 2014 թվականի դրությամբ այդ թիվը կազմել է մինչեւ 12.5 տոկոս, ապա այս տարվա այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 7.1 տոկոս: Այսինքն՝ որոշակիորեն կարողացել ենք մեղմացնել աճի միտումը»,- ասաց նա:

Նորիկ Սարգսյանը հավելեց, որ միայն վերջին հինգ տարիներ ընթացքում Հայաստան է ներմուծվել 150 հազարից ավելի ժամանակակից արագընթաց տրանսպորտային միջոց, ըստ նրա, այդ հանգամանքը չէր կարող չնպաստել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի բացարձակ աճին: Այսինքն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը ոստիկանությունը պայմանավորում է միայն ու միայն տրանսպորտային միջոցների թվի աճով:

«Ամանորի կապակցությամբ կազմակերպչական աշխատանքները ճանապարհային ոստիկանության կողմից արդեն 3-4 օր առաջ է սկսվել՝ դեկտեմբերի 22-ից: Հատուկ գրաֆիկներ են պատրաստվել, անցել ենք ուժեղացված տարբերակով ծառայության, եւ ոստիկանության բոլոր ուժերն ու միջոցները, հատկապես՝ մայրաքաղաքում, կենտրոնացվել է շուկաների եւ առեւտրի մյուս կետերի հարակից փողոցներում եւ երթեւեկության ինտենսիվ խաչմերուկներում երթեւեկությունը կարգավորելու համար, որը մեր կողմից կշարունակվի նաեւ տոնական օրերին: Արվելու է ամեն ինչ մեր քաղաքացիների տոնական տրամադրությունը պատահարներով եւ խցանումներով չփչացնելու համար»,- ասաց նա:

Նորիկ Սարգսյանը ընդգծեց, որ ճանապարհային ոստիկանությունը ներողամիտ չի լինելու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի նկատմամբ. Առաջին ճանապարհային ոստիկանին հանդիպելուց հետո ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ղեկից հեռացվելու է, ուղեւորներին ոստիկանությունը տեղափոխելու է իրենց բնակության վայր, իսկ մեքենան տեղափոխվելու է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031