«Ցանկացած ստեղծագործական կոլեկտիվի գործունեությանը խառնվելու իրավունք չունենք: Մեր ազդելու հնարավորությունը պետական պատվեր տեղադրելն է»,-այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անդրադառնալով Օպերային թատրոնում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին՝ ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Հիշեցնենք, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանն առաջարկել է օտարերկրացի դիրիժորների հրավիրել, իսկ գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատվելուց հետո Կարեն Դուրգարյանը հրաժարվել է աշխատել որպես դիրիժոր:
«Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարը՝ Գեղամ Գրիգորյանը թատրոնի զարգացման իր տեսլականն ունի, այն է՝ հրավիրյալ դիրիժորների միջոցով նոր ստեղծագործություններ բեմադրել: Նպատակահարմար ենք գտնում այդ առաջարկների իրականացումը: Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, դրանք տնօրենն իրականացրել է օրենքի սահմաններում: Առհասարակ, ցանկացած ստեղծագործող իրավունք ունի կարծիք հայտնելու: Չեմ հիշում այնպիսի խնդիր, որի պարագայում տարակարծություն չառաջանար»,-ասաց Արթուր Պողոսյանը:
Կարեն Դուրգարյանի՝ Հայաստանից հեռանալու ցանկությունն էլ փոխնախարարն այսպես մեկնաբանեց. «Իհարկե լավ չէ, որ Կարեն Դուրգարյանը փորձում է հեռանալ երկրից: Ցանկացած քաղաքացու հեռանալու դեպքում էլ ցավ եմ ապրում, բայց խնդիրը դա չէ: Այն, որ Օպերային թատրոնը չունի գլխավոր դիրիժոր, ստեղծագործական խնդիր է, որին նախարարության միջամտությունը ոչ կոռեկտ կլինի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ