Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ազատության հրապարակում գտնվող ընդդիմությունը գնում է մարգինալացման»

Դեկտեմբեր 25,2015 16:02

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ Ազատության հրապարակում գտնվող ընդդիմությունը գնում է ծայրահեղ ռադիկալիզացիայի և մարգինալացման: «Փաստարկ» մամուլի ակումբում, անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի վարած քաղաքականությանը, վերլուծաբանը նկատեց, թե տեսանելի է, որ այդ շարժումն ավելի ու ավելի քիչ հանրային աջակցություն է ստանում: Ուստի ըստ նրա, եթե շարժումը չփոխի ռազմավարությունը, այս միտումները երկարաժամկետ կլինեն: Aravot. am-ի հարցին՝ սա նշանակում է, որ փողոցում մնալը նպատակահարմար չէ և հնարավոր չէ այդպես հասնել իշխանափոխությա՞ն, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Փողոցում մնալն ի՞նչ է տալու: Իրենց ամեն օր հավաքվել, քաղաքացիական ժողով անելը, դա ինչ-որ բան փոխելու՞ է»:

Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ, ընդհանրապես, ընդդիմադիր ուժերը լրջորեն պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը, քանի որ այժմ անգամ արմատական ընդդիմության տեղն է ազատ մնացել, որը երբեք չի եղել:

Մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ է թերահավատ «Նոր Հայաստան» շարժման գործունեության հանդեպ, քանի որ հենց շարժման լիդերները, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ իրենք արդեն հասել են պայքարի վերջին փուլին, կամ հայտարարություններ են հնչում, թե իրենց հաջողվել է հասնել նրան, որ հանրաքվեն՝ որպես ոսկոր մնա իշխանությունների կոկորդին, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Չգիտեմ՝ Ազատության հրապարակից ինչ է երևում, բայց կողքից Ազատության հրապարակն այդպիսին չի երևում: Մենք տեսնում ենք, որ մարել է շարժումը: Վերջին հավաքներում բացի նվիրյալներից և խմբին պատկանող մարդկանցից ու լրագրողներից ոչ ոք չկա: Ընդունում եմ, որ համառությունը քաղաքականության մեջ լավ բան է, անգամ եթե տեսնում ես, որ դու փոքր կազմով ես Ազատության հրապարակում ու դու չես հանձնվում, դա լավ բան է: Բայց, կներեք կռիվն ավարտվել է: Ցավալիորեն նույն այդ ընդդիմությանն այլևս չի հաջողվելու գերիշխող թեմա դարձնել անգամ հանրաքվեն, դրա կեղծումը, քանի որ երկրի անվտանգության խնդիրներն այնքան են սրվել, որ մարդկանց համար առաջնային է լինելու այն հարցը՝ պատերազմ լինելու է, թե ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031