«Տարվա սկզբից ճանապարհային ոստիկանության առջեւ խնդիր էր դրվել հատուկ աշխատանք տանել ճանապարհային երթեւեկության կանոնների այնպիսի խախտումների ուղղությամբ, ինչպիսիք են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը, փոխարինված, կեղծված, գողացված համարանիշներով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը եւ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը»,-դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ 2015 թվականի 11 ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 398 560 խախտում, ինչը նախորդ տարվա համեմատ 50 265-ով ավելին է կամ կազմում է 14.4 տոկոսը: Այդ խախտումներից 5941-ը տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու վերաբերյալ է, անցած տարվա համեմատ այս ցուցանիշն ավելացել է 2882-ով, այսինքն՝ 94.2 տոկոսով, 246-ը փոխարինված կամ կեղծված համարանիշներով երթեւեկելու վերաբերյալ է, այս ցուցանիշն ավելացել է 43-ով, այսինքն՝ 21.2 տոկոսով, հայտնաբերվել է նաեւ 389-ը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների, այս ցուցանիշն ավելացել է 312-ով, այսինքն՝ մոտ 5 անգամ:
Այդ հանգամանքը Նորիկ Սարգսյանն այսպես է բացատրում. «Այս ցուցանիշ կապված է հիմնականում այն փաստի հետ, որ 2015 թվականին մենք ձեռք ենք բերել հետախուզման մեջ գտնվող տրասնպորտային միջոցների հատուկ սարքավորումներ, ունեինք շարժական այդպիսի սարքավորումներ, արդեն իսկ այդպիսի սարքավորումներ են տեղադրվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետերում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ