Լրահոս
Օրվա լրահոսը

Լիցենզավորումը 40 %-ով թանկացնում էր շինարարությունը, եկող տարվանից այն կհանվի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2015 14:52

Aravot.am-ի հարցին, թե ի թիվս այլ ոլորտների, շինարարությունը եւս անկում է ապրել, ի՞նչ քաղաքաշինական ծրագրեր այդ պատճառով եկող տարի չեն իրագործվի, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որն այսօր, քաղաքաշինության նախարարությունում ամփոփեց տարին, ասաց, որ շինարարության ոլորտում անկում չի արձանագրվել: Մեր այն դիտարկմանը, թե տնտեսագետներն են այդպես պնդում, պարոն Սարգսյանն ասաց, որ «2014-2015 թթ. շինարարությունը, բարեբախտաբար, կայուն կանգնած է 10 տոկոս ՀՆԱ-ի մեջ: Բոլոր ծրագրերը, որ մենք ծրագրել ենք եւ վստահություն ունենք, որ հաջորդ տարվանից կսկսվի, մենք նույնիսկ կանխատեսում ենք 2016 թվականի վերջին մինչեւ 2 տոկոս աճ»:

Նարեկ Սարգսյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Նախարարը պատասխանելով այն հարցին, թե Բուզանդ-Տերյան խաչմերուկում կառուցվող նորակառույցը արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին է պատկանում, ասաց, որ այդտեղ կառուցվող բիզնես կենտրոնը վարչապետի հետ կապ չունի:
Մանրամասները` տեսանյութում

Նարեկ Սարգսյանի խոսքերով, փոքր օբյեկտների կառուցումը հաջորդ տարվանից պարտադիր լիցենզավորման պահանջներից կազատվի, ինչն, ըստ նախարարի, 40 տոկոսով կէժանացնի շինարարության ծախսերը: Նարեկ Սարգսյանի խոսքերով.
«Մինչ հիմա օրենքը պարտադրում էր, որ այս մարդիկ ունենան լիցենզավորված շինարարություն, եւ մինչ այս այդ հարցը մոտ 40 տոկոսով թանկացնում էր շինարարությունը: Հիմա արդեն այդ օրենսդրական փոփոխության միջոցով այդ խնդիրը լուծված է»: Ըստ նրա, քաղաքացին պետք է դիմի համայնքի ղեկավարին, գլխավոր հատակագծի վրա ներկայացնի տեղադրման սխեման եւ շինարարության իրավունք ստանա:

Խոսելով կիսակառույցներից, որոնք տարիներ ի վեր այդպես էլ անավարտ մնացել են մայրաքաղաքում, պարոն Սարգսյանն ասաց, որ Երիտասարդական պալատի տեղում կառուցվելիք օբյեկտը ճապոնացիների նախագծով պետք է լիներ, քանի որ մրցույթը նրանք էին շահել, բայց այն չի կառուցվի, ինչի համար նախարարը ուրախ է:

Ըստ նրա, այդ կառույցն ընդհանրապես հարիր չէր Երեւանի ճարտարապետական տեսքին:

Նարեկ Սարգսյանն ասաց, որ Հայաստանում 226 կիսավարտ շինություն կա, որոնց 5-10 տոկոսը հնարավոր է, որ պիտանի չլինեն:

Անդրադառնալով աղետի գոտուն, նախարարն ասաց, որ աղետի գոտում ինչքան որ շենքեր են փլուզվել, նույն մակերեսով այս տարիների ընթացքում շենքեր են կառուցվել:

Ֆիրդուսիի շինարարությունը եկող տարի կսկսվի: Պարոն Սարգսյանը վստահեցրեց, որ «Հին Երեւանի» նախագիծը եւս պատրաստ է. կառավարությունը պայմանագիր է ստորագրել շվեյցարահայ գործարարի հետ եւ ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կկազմի մոտ 150 միլիոն դոլար. «Նախապատրաստական աշխատանքները կազմակերպված են, ոչ հուշարձան շենքերը կքանդվեն, մոտ 3 հեկտար տարածք է, իրացման գործընթացն այդտեղ շարունակվում է, արդեն 10 ընտանիք իրացման պայմանագրերը ստորագրեցին»:

Նարեկ Սարգսյանը նաեւ ներկայացրեց Գորիսում իրականացվելիք «Խելացի քաղաք» ծրագրից, համաձայն որի, նոր տեխնոլոգիաներով Գորիսի պահպանված ազգային նկարագրով թաղամասում, որտեղ 20 տարուց ավելի ապրում են Բաքվից փախստականներ, կլուծվեն նրանց բնակարանի խնդիրները: Ներկայումս այդ ընտանիքները, որոնց թիվը, Նարեկ Սարգսյանի տվյալներով, 70 է, սոցիալական վատ վիճակում են եւ ապրում են վագոն տնակներում:

Ծրագրով նախատեսվում է կառուցված շենքերի վրա մանսարդային հարկեր ավելացնել եւ այդ միջոցով լուծել նրանց խնդիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031