Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիր Կուստուրիցա. «Աշխարհը թանկ է վճարում Ամերիկայի հարմարավետության համար» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2015 14:39

Սերբ ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր Էմիր Կուստուրիցան դեկտեմբերի 25-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցում կայացած ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կխնդրեր Ձմեռ պապից, իրեն բնորոշ հումորով ասաց. «Սանտայից «Կոկա-կոլա» չեմ ուզի, որովհետեւ գնալով «Կոկա-կոլան» իրենով է անում: Մի քանի բան կխնդրեի, որ մի գերբնական ուժով Աստված հետ պահեր մեզ պատերազմից, Մարադոնան էլ գործազուրկ չմնար»:

Խոսելով իր հիմնադրած Դրվենգրադ Էթնոգյուղի մասին, Էմիր Կուստուրիցան ասաց, որ այդպես կինոյում վաստակած իր ամեն ինչը փորձում է վերադարձնել ժողովրդին, ընդ որում՝ նաեւ երկու փառատոն հիմնել: Ափսոսում է, որ աշխարհը փոքրացել է ու ամեն ինչ, իր ձեւակերպմամբ, գրողի ծոցն է գնում. «Մի քանի տարի առաջ Իսլանդիայում հրաբուխ էր ժայթքում, դրանից երկու ժամ հետո իմ օդանավին Աթենքում արգելեցին թռչել, մոխիրը շա՜տ արագ տարածվել էր, պատկերացրեք, թե երկրագունդը ինչ արագ կարող է ոչնչացվել»:

Նա փաստեց, որ ողջ աշխարհն իրար է խառնվել եւ մի քանի ընտանիք ամբողջ աշխարհն է տիրապետում:

Խոսե Մուխիկայի մասին անեկդոտիկ մի պատմություն էլ հիշեց. «Ուրուգվայի նախագահը գնացել էր Օբամային տեսնելու, հարցրել էր՝ ինչու ԱՄՆ-ում ավելի շատ սոցիալիզմ չես սերմանում: Օբաման էլ ասել էր՝ գնա Ռոքֆելլերին հարցրու: Հարցրի՝ իսկ դու Ռոքֆելլերին հարցրի՞ր եւ ինչ ասաց: Ասում է՝ ոչինչ չպատասխանեց»:

Սերբ արվեստագետը ԱՄՆ-ի մասին իր հատուկ կարծիքն ունի. «Մի կողմից ամենահզոր երկիրն է, եւ լավ բաներ ունի եւ վատ, որը ամբարտավանության վերջին փուլերին է հասել՝ քաոս սերմանելով ամենուր՝ եւ Քադաֆիին սպանեցին, որտեղ մեղքի բաժն ուներ նաեւ Ֆրանսիան, Եգիպտոսը փոխեցին, ներխուժեցին Իրաք, Սիրիան մղձավանջային վիճակի բերեցին, ու այս ամենը նրա համար, որ ԱՄՆ-ը ավելի խաղաղ մնա ու ավելի հարմարավետ ապրի: Կարծում եմ՝ աշխարհը շատ թանկ է վճարում Ամերիկայի հարմարավետության համար»:

Ռեժիսորի համոզմամբ, արտաքին քաղաքական եւ ներքաղաքական բոլոր մղձավանջներից գլուխն ազատելու լավագույն միջոցը արվեստն է, կինոն պատերազմը վերափոխելու եղանակ է, կինոյում ռեժիսորը գեներալ է:

Aravot.am-ի հարցին՝ չի՞ պատրաստվում Հայաստանի կամ հայկական թեմայով ֆիլմ նկարել, մանավանդ՝ այդքան հաճելի բաներ հնչեցրեց հայերի մասին: «Կինոյի գործում խոստումներ հեշտ եմ տալիս, բայց պետք է շարադրանքը գրավի, թեման էլ շարժի, նման լուրջ բաների մասին երբ խոսք է բացվում, հնարավոր չէ միանգամից որոշել ու անել, պետք է ներքաշվել նյութի մեջ, հենց դա տեղի ունեցավ, կարող ես հանգիստ նկարել»,-պատասխանեց արվեստագետը:

Էմիր Կուստուրիցան ափսոսում է, որ ժամանակակից կյանքը մերժում է արվեստը, փոփ-արթը կորցնում է Միքելանջելոյին, արվեստի թողած ազդեցությունը նսեմացել է. «Օրինակ, 70-ականներին Բոբ Դիլանը շատ ավելի կարեւոր էր, քան ԱՄՆ նախագահը: Երեք տարի առաջ նա խորվաթներին մեղադրեց նացիստ լինելու մեջ, հիմա իրեն դատի են տվել ու պետք է բացատրություն տա ասածների համար: Ընդ որում՝ մարդը ճիշտ բան է ասել… 70-ականներին հնարավոր չէր պատկերացնել, որ Բոբ Դիլանին կարելի էր դատարան կանչել: Ցավոք, այսօր եթե աստղ ես, կարող ես ազդեցություն ունենալ, իսկ եթե արվեստի դեմք ես՝ ոչ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031