«Սերժ Սարգսյանն իսպառ փակեց երեք նախագահների մուտքը»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ այս մասին Սերժ Սարգսյանը խոսել է իր՝ նախահանրաքվեային հարցազրույցում:
Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Նա հայտարարեց, որ փորձեր եղել են հեռանալ իշխանությունից և իրականացնել երկրի ստվերային կառավարում, բայց դա մերժվել է: Նոր Սահմանադրությունը փաստացի վերացրել է նախագահի պաշտոնը: Նա հասկացրեց, որ եթե ուզում են քաղաքականության մեջ լինել, նրանց մի բան է մնում՝ գլխավորել թիմ»:
Դառնալով ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի վարած քաղաքականությանը՝ պարոն Սաֆարյանը նկատեց. «Նա եղել է մի դերակատար, որը նախընտրել է ունենալ մի քանի դերակատարներ ու այդ մի քանիսի վրա խաղալ: Հիմա նրան առաջարկվում է խաղալ Սերժ Սարգսյանի խաղը: Չկա այլևս նման քաղաքական ուժ, որով կարողանա Քոչարյանը վերադառնալ»:
Ըստ պարոն Սաֆարյանի՝ նույնը վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Ստեփան Սաֆարյանը նշեց. «Նա իր ոճով Ռոբերտ Քոչարյան չէ, նա միշտ մեկ քաղաքական ուժով է խաղացել և կոնսոլիդացիայի վրա հենվել: Այս պահի դրությամբ ոչ քաղաքական ուժն ունի, ոչ էլ կոնսոլիդացիան: Սերժ Սարգսյանը փոխել է խաղի կանոնները»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչո՞ւ են այդքան վստահ խոսում այն մասին, որ կառավարման համակարգը փոխվելու է այն դեպքում, երբ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու են ՍԴ-ում, պարոն Սաֆարյանը ծիծաղեց. «Գրեթե վստահ եմ, որ ՍԴ-ն անփոփոխ է թողնելու հանրաքվեի արդյունքները: Կասկած էլ չունեմ, որ Գագիկ Հարությունյանը փոշմանել է, որ սկսել է կասկածել, որ այս Սահմանադրությունը ինքն է գրել: Արդեն ակնհայտ է, որ հետհանրաքվեային կրքերն էլ են մարում, քաղաքական ուժերն էլ ինչ-որ բան անում են: Դիմացը նախընտրական տարի է, բնականաբար ինչ-որ բան պիտի արվի՝ ցույց տալու, որ իրենք ինչ-որ բան անում են: ՍԴ դիմելու քայլերը դիտեք զուտ ֆորմալության տեսանկյունից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ