Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիր Կուստուրիցա. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Աստված ծագում է մշակույթից» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2015 14:26

«Մեցցո Պրոդաքշն»-ը եւ «Ալմազյան Պրոդաքշն»-ը դեկտեմբերի 25-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցում ներկայացրին սերբ կինոռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր, դերասան եւ գրող Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchesta»-ի համերգը, որը կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

kisturica-3

Սա Կուստուրիցայի երկրորդ այցն է Հայաստան: «Ուրախ եմ լինել երկրում, որի հետ շատ ընդհանրություններ ունենք, չնայած մի մեծ տարբերություն կա՝ դուք հայերդ միասնական եք շնորհիվ ձեր մտավոր կարողությունների, ունեք պետականություն, որ ձեր հավաքական արձագանքն է կազմակերպում, սերբական պետության մեջ մի քիչ այլ կերպ է դասավորվել ամեն ինչ, մի ազգ, որ պարբերաբար գրոհների է ենթարկվել, վերջերս էլ ցեղասպանության ենթարկվեց, միասնական հանդես չի գալիս դրա դեմ մեկ ճակատով: Ընդհակառակը՝ մեզ զոհի կարգավիճակից փորձում են հանցավոր եւ մեղավոր ներկայացնել…Այնպես որ, ամեն անգամ այստեղ գալուց, բացի վայելելուց ձեր երկիրը, նկատում եմ, որ գոնե այստեղ արդարությունն ընդարձակվել է: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ 800 000 սերբեր մորթվել էին խորվաթների կողմից, թեեւ կան բազմաթիվ փաստեր, սակայն Եվրոպայի կողմից ստացվում է այնպես, որ պաշտոնապես դա տեղի չի ունեցել, շատերն անտեսում են դա որպես փաստ: Գոնե ձեր երկրում այս առումով ամեն ինչ աներկբա է»,- ասաց արվեստագետը:

Նա հիշեց, թե ինչպես էին 3-4 տարի առաջ Թուրքիայում հարձակվում իր վրա՝ տեղյակ լինելով իր դիրքորոշմանը: «Իմ պատասխանն էր՝ դուք չեք, որ ցեղասպանության մասին պետք է մտահոգություն հայտնեք, որովհետեւ դուք 1 մլն 500 000 հայ եք կոտորել: Ի դեպ, մի քանի օր հետո, ես հեռացա Թուրքիայից եւ ինձ դեմքով նման մի շվեյցարացի ռեժիսորի ծեծեցին, մտածեցին՝ Կուստուրիցան է: Այնպես որ, եթե ֆիլմ եք նկարում, պետք չէ լինել Կուստուրիցայի նման»:

kusturica2

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նրա՝ քրիստոնեություն ընդունելուն: Կուստուրիցան ասաց, որ դա չի նշանակում, թե ինքը դարձի է եկել: Շեշտեց, որ իր ընտանիքը պատմության ընթացքում եւ իսլամ ընդունածներ է ունեցել, եւ ուղղափառ քրիստոնյաներ, բայց ոչ ոք պրակտիկորեն երբեք իսլամ չի դավանել:

Սերբ ռեժիսորը համոզված է. «Ամբողջ Եվրոպայի եւ Ամերիկայի մշակույթը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա, նույնիսկ Եվրոպայի աշխարհիկ կյանքն է չափվում է քրիստոնեական կանոններով… Ես անկեղծորեն հավատում եմ, որ Աստված ծագում է մշակույթից: Քանի որ հավատում եմ մշակույթին, հավատում եմ նաեւ Աստծուն»:

Կուստուրիցան խոսեց նաեւ աշխարհում գոյություն ունեցող հակաքրիստոնեական կոալիցիայից, ասաց, որ քրիստոնյաներս ոչնչացման եզրին ենք, ինչի արտահայտությունը Եվրոպայի ներկայիս վիճակն է:

«Պարբերաբար մուսուլմանական երկրներից ներգաղթողներ են շարժվում Եվրոպա, ներգաղթողներին բան չեմ ասում, բայց ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչու չեն գնում ասենք՝ Սաուդյան Արաբիա, որ ամենահարուստն է աշխարհում: Երեւի նրանք կարիք ունեն տարեկան մեկ միլիոն մարդ Եվրոպա մտցնելու, որպեսզի Եվրոպան իր ինքնությունը կորցնի»:

Ասուլիսից անմիջապես հետո Կուստուրիցան գնաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութերն ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031