Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխնախարար. «Պետությունը սկսել է «Հայֆիլմ»-ը վերադարձնելու գործընթացը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2015 13:55

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում լրագրողներին ներկայացրեց նախարարության այս տարվա աշխատանքները՝ մշակութային կրթության, երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի եւ այլ ոլորտներում:

Փոխնախարարը փաստեց, որ 2015թ.-ը հագեցած էր հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներով: Կարեւորվել է մշակութային կրթության զարգացումը, ինչն իրականացվել է «Մանուկների եւ պատանիների գեղարվեստական կրթության եւ գեղագիտական դաստիարակության 2013-2015թթ» ծրագրի միջոցով:

«Մանուկների եւ պատանիների մշակութային կրթության ուղղությամբ իրականացվող միջոցառումները շարունակվելու են: Երաժշտական եւ արվեստի դպրոցներում լարային եւ փողային նվագարանների գծով ուսուցում կազմակերպելու համար եւս աշխատանքներ են կատարվել: Այսօր 209 դպրոցներում լարային եւ փողային գործիքների ուսուցում է իրականացվում: Ստեղծվել է Մշակութային կրթության հիմնադրամ, որը համակարգում է այդ գործընթացը, ինչպես նաեւ՝ ուսուցիչների վերապատրաստումը: 3 տարի առաջ երաժշտական գործիքների բացակայության խնդրի առաջ էինք կանգնել: Խնդրի լուծման նպատակով ստեղծվեց Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ. գնվում են գործիքներ եւ բաշխվում համայնքային դպրոցներին: 3 տարում հարյուր գործիք է ձեռք բերվել, բաշխումն ընթացքի մեջ է»,-հայտնեց Արթուր Պողոսյանը:

Նա առանձնացրեց միջազգային ծրագրերում երեխաների հաջողությունները. «Շնորհաշատ երեխաների կատարելագործման ծրագրով ընտրվել են տաղանդավոր պատանիներ, որոնց հանդեպ պետական հատուկ մոտեցում է ցուցաբերվում: Կազմակերպվել են անհատական պարապմունքներ, գործիքների տրամադրում, պատրաստում՝ միջազգային մրցույթներին մասնակցելու համար: Մեր երեխաները բազմաթիվ հաջողություններ են ունեցել միջազգային հարթակներում: «Դելֆյան» խաղերում նվաճել ենք 13 մեդալ: Մանե Գալոյանը եւ Դիանա Ադամյանը Չայկովսկու անվան մրցույթում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել: Այս եւ այլ հաջողությունները նպատակային քաղաքականության եւ մեր մանկավարժական դպրոցի աշխատանքի արդյունքն են»:

Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ այս տարի Չայկովսկու անվան դպրոցը վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, Պարարվեստի դպրոցի վերանորոգումը շարունակվում է, իսկ Սունդուկյանի անվան թատրոնի վերազինումը նախատեսում է ավարտել հաջորդ տարվա ապրիլին:

Թատերարվեստը եւս այս տարի նախարարության համար գերակա ուղղություն է եղել. «Աննախադեպ էին պետական աջակցությամբ բեմադրված 19 ներկայացումները եւ նախագծերը, որոնք իրականացրել են նաեւ համայնքային թատրոնները: Պետական ֆինանսավորման ներկայացումները նվիրված էին նաեւ Ցեղասպանության հարյուրամյակին: Կարեւոր էր թատերարվեստի հանրահռչակումը 7 փառատոնների միջոցով, դրանցից 4-ը հանրապետական էին: Մեր թատերական կոլեկտիվները մասնակցել են 13 միջազգային փառատոնի: Միջազգային թատերական խմբերը եւս ներկայացումներ են տվել Երեւանում»,-ասաց փոխնախարարը:

Կինոարվեստը եւս պետական ուշադրության կենտրոնում է եղել. «Կինոյի մասին օրենքի նախագիծը Կառավարությունում է: Նախատեսում ենք, որ կինոարտադրության համար պետք է ապահովվեն արտոնյալ պայմաններ՝ միջազգային ներդրումների առումով: Մենք խրախուսում ենք համատեղ կինոարտադրությունը, որովհետեւ սեփական միջոցներով դժվար է գործել»,-նշեց Պողոսյանը:

Բանախոսի փոխանցմամբ՝ շարունակվելու է Համո Բեկնազարյանի 400-ից ավելի ֆիլմերի թվայնացումը. «16 ֆիլմ արդեն թվայնացվել է: Պետությունը սկսել է «Հայֆիլմ»-ը վերադարձնելու գործընթացը, քանի որ մեզ համար այն անգնահատելի ժառանգություն է համարվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031