Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Հրապարակում արձակուրդ եւ բյուլետեն գնացող ընդդիմությունն է»

Դեկտեմբեր 25,2015 12:10

Ինչի՞ հասավ «ոչ»-ի ճակատը

«Տասը- տասնհինգ հոգանոց երթեր անցկացնող ընդդիմությունը անհասկանալի գործելաոճ ցուցադրեց`մարդկանց եւս մեկ անգամ տանելով հուսալքության, եթե, իհարկե, նրանց հավատացողներ կային: Նրանք ավելի անլրջացրին իրենց»,- այսօր «Պոստ-սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն`ամփոփելով սահմանադրական բարեփոխումների գործընթացը եւ այդ շրջանում տեղի ունեցած իրադարձությունները:

«Հեռացիր-հեռացիր գոչելով ոչ մի իշխանություն չի հեռանալու: Համակարգային մոտեցում է պետք»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանում միայն ընտրություններով պետք է իշխանափոխություն լինի: «Հրապարակում արձակուրդ եւ բյուլետեն գնացող ընդդիմությունն է: Արձակուրդային կամ բյուլետենային ընդդիմությունը ես չեմ հասկանում»,- ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերին, ԲՀԿ մամուլի խոսնակը, անուններ չնշելով, քար նետեց ՀԱԿ-ի բոստանը. «Կան ուժեր, ովքեր ասում են`ով մեզ հետ չի, մեր դեմ է: Նրանք զոմբիներ են: Որոշ ընդդիմադիր խմբակներ օր ու գիշեր փորձում են պախարակել ԲՀԿ-ին: Նրանց խորհուրդ կտամ ավելորդություններ թույլ չտալ, քանի որ ԲՀԿ-ն կարող է փակագծեր բացել, որից հետո իրենք մի քանի հոգանոց խմբակցությունից էլ կզրկվեն`կլուծարվեն: Երկրում պետք է սերնդափոխություն տեղի ունենա, այդ թվում նաեւ ընդդիմադիր դաշտի: Մեր քաղաքացիները հոգնել են անբովանդակ, անծրագիր կոչերից»:

Հարց հնչեց`ԲՀԿ-ն չէ՞ր, որ փետրվարյան իրադարձությունների ժամանակ հիասթափեցրեց ժողովրդին: Վահան Բաբայանն ասաց. «Կյանքն առաջ է շարժվում: ԲՀԿ-ի ներկա գործիչներն իրենց ծրագրերն ու գաղափարները պարզ ներկայացրել են, մենք չենք խուսափել գնահատականներ տալուց ընթացող պրոցեսներին: ԲՀԿ-ն երբեք դիտորդ չի եղել: Հասարակությունը հասկացել է, թե ինչպիսի կոնստրուկցիա ենք ստեղծում քաղաքական դաշտում, ինչպիսի մարտավարություն ենք ընտրել: ԲՀԿ-ն շարունակում է մնալ երկրորդ քաղաքական ուժը, կարողացել ենք պահպանել մեր թիմն ու քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ռեսուրսները: Մենք ինքնախաբեությամբ չենք զբաղվել: Ակտիվ աշխատել ենք խորհրդարանում, մարզեր ենք այցելել`լսել մեր քաղաքացիներին, այդ թվում նաեւ քննադատությունները, հետեւություններ ենք արել եւ, մոբիլիզացնելով մեր ուժերը, առաջ ենք գնալու»:

Եկող տարին, ըստ ԲՀԿ մամուլի խոսնակի, Հայաստանի համար լինելու է անվտանգության ու կայունության, երկրի ներքին կայունությունը պահպանելու համար կարեւոր տարի. «Սահմանում պատերազմականին մոտ իրավիճակ ունենք: Հայաստանը բարդ խաչմերուկում է, ու բարդ զարգացումներ են սպասվում, եւ եկող տարի, կարծում եմ, երկրորդական խնդիր է լինելու, թե ո՞ր քաղաքական գործիչն ի՞նչ կհայտարարի»:

Վահան Բաբայանը վստահ է` նոր Սահմանադրությունը ընդդիմությանը լիազորություններ կտա, հնարավորություն կտա խուսափել գերկենտրոնացված իշխանությունից: Ուստի, ԲՀԿ-ն խորհրդարանում ակտիվ կմասնակցի ԸՕ-ի քննարկումներին, փորձելով այնպես անել, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ապահովվի քաղաքացիների ազատ, անկախ եւ լիարժեք մասնակցությունը ընտրություններին` խուսափելով անվստահության մթնոլորտից: «Հայաստանում փոխվեց ոչ միայն Սահմանադրությունը, այլ նաեւ փոխվելու է քաղաքական մշակույթը: Մենք ձգտում ենք դրան: Պետք է երկրում ատելության մթնոլորտ չլինի, քաղաքական ուժերին սեւի եւ սպիտակի չպետք է բաժանենք, քննադատությունն ինքնանպատակ չպետք է լինի`եթե մի բան իշխանությունն է առաջարկում, անգամ եթե լավն է, չպետք է համաձայնել, եւ հակառակը: Քսանհինգ տարի մենք գնացել ենք այդ ճանապարհով, ու ոչնչի չենք հանգել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031