Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը կրկին թոփում է. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 25,2015 11:48

Parliamentmonitoring-ը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորների բացակայությունները։ Առաջատար տասնյակը կրկին գլխավորում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Այս նստաշրջանում եւս նա որեւէ նիստի ներկա չի գտնվել, հետեւաբար, որեւէ քվեարկության չի մասնակցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այսպիսով, 5-րդ գումարման ամբողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր «պատվավոր» տեղը զբաղեցնել բացակայող պատգամավորների թոփ տասնյակի 1-ին հորիզոնականում։ Նրա բացակայությունների քանակը ողջ գումարման ընթացքում, արտահերթերն էլ չհաշված, 641 է։

Երեկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ԲՀԿ նախկին նախագահի բացակայությունների հետ կապված՝ ասաց հետեւյալը.

– Ազգային ժողովի նիստերից պարոն Ծառուկյանի բացակայությունները պայմանավորված են բացառապես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունների իրականացմամբ։ Նրա բոլոր բացակայությունները ունեն իրենց հիմնավոր բացատրությունները, որոնք համապատասխանաբար ներկայացվում են Ազգային ժողով։

– Ենթադրվում է՝ մյուս նստաշրջանում էլ նույն պատկերն է արձանագրվելու, քանի որ մատնանշված համատեղությունը շարունակվելու է:

– Ես երբեք չեմ առաջնորդվում գուշակություններ անելով, ես չգիտեմ՝ առաջիկայում ինչպես կլինի, ես կարող եմ ասել կատարվածի մասին, եւ այս պահի դրությամբ պատկերն այսպիսին է, որ բոլոր բացակայությունները պայմանավորված են բացառապես ՀԱՕԿ նախագահի գործառույթների կատարմամբ, իր հանդիպումներով, գործուղումներով, տարբեր տեսակի միջոցառումներով, որոնց մասին համապատասխան տեղեկանքները տրամադրվում են Ազգային ժողովին։

– Եթե համատեղության պատճառով է նման խնդիր առաջանում, Ծառուկյանը երբեւէ մտածե՞լ է իր զբաղեցրած պոստերից որեւէ մեկը թողնելու մասին։

– Երբեւիցե առիթ չի եղել այդ հարցը քննարկելու։

Հիշեցնենք, այս տարվա փետրվարտասներկուսյան աղմկոտ զարգացումներից հետո, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ նախագահին հրահանգել էր մանրակրկիտ ստուգել Ծառուկյանի բացակայությունների հիմքերը, ԱԺ աշխատակազմը օրեր շարունակ զբաղված էր սույն գործով։ Ավելին, խորհրդարանական կուլիսներում տեղեկություններ կային, որ որոշված է ի վերջո կիրառել ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածը, որի համաձայն, պատգամավորի լիազորությունները դադարում են ԱԺ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից անհարգելի բացակայելու դեպքում։ Անցած բոլոր տարիների ընթացքում ԱԺ քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցը իշխանությունները «փակել» են ԱԺ կանոնակարգ-օրենքի միջոցով, որտեղ նշված է, որ պատգամավորի բացակայությունները հաշվառում է ԱԺ աշխատակազմը, իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ, հարգելի է համարում ԱԺ նախագահը։ Այսինքն, ԱԺ կանոնակարգով, ԱԺ նախագահի լիակատար հայեցողությանն է թողնված՝ հարգելի՞ համարել պատգամավորի բացակայությունը, թե՞ ոչ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031