Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տխուր նոտայով. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 25,2015 11:28

Գալիք տարին Հայաստանի տնտեսության համար, մեղմ ասած, բարդ է լինելու։ Նման սպասումները, իհարկե, պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության վիճակով, որը օր օրի հոռետեսության նոր չափաբաժիններ է սփռում։

Ռուսաստանի եկամուտների հիմնական մասը գոյանում էր ու հիմա էլ գոյանում է նավթի ու գազի վաճառքից։ Դրանք կտրուկ էժանացել են ու շարունակում են էժանանալ, համապատասխանաբար նվազեցնելով Ռուսաստանի եկամուտները։ Դա էլ իր հերթին նվազեցնում է այդ երկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները։ Իսկ մեր տնտեսության հիմնաքարը հենց այդ տրանսֆերտներն են, որոնց ծավալը գրեթե հավասար է մեր պետական բյուջեին։ Հույսեր, որ հաջորդ տարի նավթը կթանկանա, կարծես թե ոչ ոք չունի։ Համաշխարհային տնտեսության զարգացման միտումները ցույց են տալիս, որ նավթը չի թանկանա, այսինքն՝ չեն ավելանա նաեւ Հայաստան ուղարկվող տրանսֆերտները:

«Այսպես՝ 2015թ. հունվար- նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ բացասական տնտեսական աճի ցուցանիշ։ Աճեր են գրանցվել արդյունաբերությունում՝ 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում 11.6 տոկոս…»,- նախօրեին գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Վերջինս ակնարկ անգամ չարեց բազմաթիվ տխուր ցուցանիշների մասին, մասնավորապես՝ առեւտրի ծավալների։ Նա չասաց, որ այդ 11 ամիսների ընթացքում առեւտրի ծավալները անցած տարվա համեմատ նվազել են ավելի քան 7 տոկոսով։ Պատկերացնո՞ւմ են արդյոք իշխանության ներկայացուցիչները, թե ինչ ցուցանիշ է սա։ Համեմատության համար նշենք, որ 2008 2009 թթ. համաշխարհային ճգնաժամի ընթացքում Հայաստանում առեւտրի ծավալների նման անկում չէր գրանցվել։ Այդ ժամանակ, կախված ամիսներից, առեւտրի ծավալների անկումը տատանվում էր 2-3 տոկոսի սահմաններում։ Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ 2008– 2009 թվականներին, երբ մեր տնտեսությունը պաշտոնապես արձանագրեց մոտ 15 տոկոսի անկում, բնակչության գնողունակությունը այնքան չէր նվազել, որքան հիմա, երբ սպասվում է մոտ 3 տոկոսանոց տնտեսական աճ:

Ուշագրավն այստեղ միտումներն ՚են, որոնք վկայում են, որ շատ ծանր ժամանակներ են սպասվում Հայաստանին։ Եվ ահա թե ինչու։ Տարվա սկզբի ամիսներին առեւտրի ծավաները 2014 թվականի նույն ամիսների համեմատ նվազել էին 5-6 տոկոսով։ Հետագայում յուրաքանչյուր ամիս այդ ճեղքվածքը մեծացավ, իսկ նոյեմբերին հասավ մի աննախադեպ «բարձունքի»՝ անցած տարվա նոյեմբերի համեմատ առեւտրի ծավալը նվազել է մոտ 15 տոկոսով։ Գնալով այդ ցուցանիշը ավելի է մեծանալու, այսինքն, մեր բնակչության գնողունակությունը էլի է նվազելու Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների նվազման պատճառով։

Տեսականորեն հույս կա, որ մեր տնտեսությունը «կընտելանա» այդ իրավիճակին եւ կսկսի «փող վաստակել» ոչ թե տրանսֆերտների շնորհիվ, այլ արտահանման։ Այսինքն, մենք կարտահանենք ոչ թե աշխատուժ, որը, պատկերավոր ասած, արժեզրկվում է եւ գնալով ավելի քիչ եկամուտ է ապահովում մեր տնտեսության համար, այլ կարտահանենք ապրանքներ։ Կարո՞ղ ենք արդյոք նման հույսեր փայփայել։ Այս հարցի պատասխանը գտնելու համար կրկին պետք է նայենք, թե ինչ միտումներ են արձանագրվում այդ տեսանկյունից։ Տարվա սկզբի ամիսներին Հայաստանից արտահանումը 2014 թվականի նույն ամիսների համեմատ գրեթե չէր նվազում, իսկ մերթ ընդ մերթ նույնիսկ աճ էր ցույց տալիս։ Սակայն արդեն հոկտեմբեր-նոյեմբերին պատկերը կտրուկ փոխվեց։ Հոկտեմբերին արտահանումը նվազեց 12 տոկոսով, իսկ նոյեմբերին՝ արդեն 24 տոկոսով:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031