Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ապրում ենք ստատիկ պատերազմի պայմաններում. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 25,2015 11:07

Հարցազրույց պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ

  -«Մենք չունենք խաղաղություն, մենք ունենք հարաբերական հանգիստ։ Սա պատերազմ է». ՊՆ խոսնակի այս խոսքերը ոմանք համարեցին խուճապ առաջացնող, բայց, մյուս կողմից, պետք է հասկանալ, որ ժամանակն է իրերն իրենց անունով կոչելու: Եվ ուրեմն, ռազմական տերմինաբանությամբ ի՞նչ իրավիճակում ենք:

-Սկզբունքորեն որեւէ նոր բան չի ասել ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը, ասել է այն, ինչ իրականում կա, այսինքն` ո՛չ հրադադար, ո՛չ լայնածավալ պատերազմ:

Տեղի՞ն է արդյոք որպես պատերազմական բնորոշել այն իրավիճակը, երբ ճակատի ուրվագիծը չի փոխվում, երբ չկա զորքերի մեծ խմբավորումների տեղաշարժ, չկան խոշորածավալ գործողություններ, բայց երկուստեք կիրառում են խոշոր տրամաչափի ծանր հրետանային միջոցներ: Կարծում եմ՝ տեղին է:

Այստեղ արժե փոքր-ինչ մանրամասնել: Իսկապես հարկավոր է գտնել այն ճշգրիտ ռազմագիտական եզրույթը, որով հնարավոր կլինի դիպուկ բնորոշել պետական սահմանին առկա իրողությունները: Ռազմական գրականության մեջ օգտագործվող եզրույթներից մերօրյա իրողություններին ամենահամապատասխանողը թերեւս դիրքային պատերազմն է:

Պետք չէ խուսափել նաեւ նոր ձեւակերպումներ որոնելուց: Կարծում եմ, տվյալ դեպքում միանգամայն տեղին կլիներ նաեւ ստատիկ պատերազմ եզրույթը՝ հաշվի առնելով հենց լայնածավալ ռազմական գործողությունների բացակայությունն ու ճակատի ուրվագծի անփոփոխ մնալու հանգամանքը:

Մեր հասարակությունը պետք է առկա իրողություններն ընկալի համարժեքորեն: Այո, մենք խաղաղության մեջ չենք ապրում: Երբ տարիներ առաջ պետական սահմանին հարաբերականորեն հանգիստ էր, անգամ այն ժամանակ բոլորս ասում էինք, որ ապրում ենք հրադադարի պայմաններում, իսկ հրադադարը խաղաղություն չէ:

Այլ հարց է, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմը լարվածությունը վերածեց անընդմեջ գոյություն ունեցող իրավիճակի, միաժամանակ փոխեց այդ լարվածության որակը: Այսինքն՝ եթե նախկինում թշնամին հրադադարը խախտում էր հրաձգային զինատեսակներից, օգտագործում էր փոքր տրամաչափի հրետանային միջոցներ, ապա աստիճանաբար բանը հասավ 122 միլիմետրանոց Դ-30 հաուբիցների եւ տանկերի կիրառմանը:

Հետեւաբար շատ կարեւոր է, որ իրերը կոչենք իրենց անուններով, այո, սա լայնածավալ պատերազմ չէ, այնպիսին, ինչպիսին պատկերացնում են մեր հայրենակիցներից շատերը, բայց սա նաեւ խաղաղություն չէ, սա պատերազմի մի յուրահատուկ տեսակ է, որում մենք գտնվում ենք տարիներ շարունակ, եւ որն այսօր կազմում է մեր իրականության մի մասը: Այս առումով Արծրուն Հովհաննիսյանն արտառոց ոչինչ չի ասել:

  -Հաճախ ենք նշում, թե Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում՝ պայմանավորված իր ներքին խնդիրներով, ու կարծես անտեսում ենք ամենից կարեւորը. հիշենք, թե ի՞նչ էր հայտարարում Ալիեւը մեկ տարի առաջ, որ ամեն ինչ անելու են Հայաստանը տնտեսապես, ռազմականապես հյուծելու համար: Այս առումով, չե՞ք կարծում, որ ռազմական գործիչների համար շատ կարեւոր է հասկանալ թշնամու քայլերի իրական դրդապատճառները:

-Համամիտ եմ, ադրբեջանական կողմը երբեւէ չի թաքցրել իր բուն նպատակները: Եվ ահա այս դիրքային կամ ստատիկ պատերազմի տրամաբանությունն ամբողջովին համահունչ է նախագահ Ալիեւի հռչակած քաղաքականությանը:

Այո, Բաքվում անում են ամեն ինչ՝ այս կերպ Հայաստանը հյուծելու համար, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ եթե գործը հասնի լայնածավալ ռազմական գործողությունների, ապա այդ պարագայում իրենք կկանգնեն ռազմական աղետի առաջ: Նման մարտավարությունը, իհարկե, հարվածում է նաեւ իրենց, որովհետեւ իրենք շատ ավելի կորուստներ են ունենում:

Բայց կիրառվող խստագույն գրաքննության, լրատվամիջոցների ազատությունը ամենաբռնի կերպով ճնշելով՝ ալիեւյան վարչակարգը փորձում է պետական սահմանի անցուդարձի մասին տեղեկությունները հնարավորինս հասու չդարձնել սեփական հանրությանը:

Ասվածին զուգահեռ, կավելացնեի նաեւ քարոզչական բաղադրիչը, այսինքն` անընդմեջ պահպանելով ռազմական լարվածություն` մեզանում հասունացնել տարածքները զիջելու գաղափարը:

Մեր հասարակությունը, սակայն, թշնամուն հավուր պատշաճի պատասխանելու հարցում միասնական է առավել, քան երբեւէ, եւ վաղուց արդեն հասուն է այնքան, որպեսզի չտրվի թշնամական այս շանտաժին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031