35-ամյա Դիանա Նահապետյանին 21 դանակի հարվածով դաժանաբար սպանած Վոլոդյա Մուրադյանը երեկ դատապարտվեց ընդամենը 3,6 տարվա ազատազրկման, ընդ որում՝ 3 տարվա կալանքն արդեն կրել է եւ 6 ամսից ազատ կլինի:
Դատավճիռը, Դիանայի հարազատների կարծիքով, մեղմ էր եւ նույնիսկ կանխատեսելի:
Այն բանից հետո, երբ դատահոգեբանական եզրակացություն տրվեց, որ մարդասպանը հանցանքը կատարել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, դատախազի մեղադրանքն էլ փոփոխվեց, ավելի մեղմվեց: Նախկինում դատախազը դատարանին միջնորդել էր Մուրադյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ մասով («առանձնակի դաժանությամբ սպանություն»): Այս հոդվածը դատահոգեբանական 2 փորձաքննությունների եզրակացության հիման վրա փոփոխվել էր եւ դարձել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախատեսված է ազատազրկում առավելագույնը 5 տարի ժամկետով: Դատահոգեբանական առաջին փորձաքննությունն իրականացրել է ճանաչված հոգեբան Էլդա Գրինը. Նրա տված եզրակացությամբ՝ Վ. Մուրադյանը սպանության պահին գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ կոմուլյատիվ աֆեկտ, ապա իրականացվել է 2-րդ՝ համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը գրեթե չի տարբերվում Գրինի եզրակացությունից:
Դատարանում սպանվածի մոր՝ Վալյա Նահապետյանի ներկայացուցիչ Նաիրա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասում է. «Էլդա Գրինի դատահոգեբանական եզրակացությունը ակնհայտ սուբյեկտիվ է, եւ գործի բոլոր հանգամանքները, երեւույթները հիմնավորվել են միայն Մուրադյանի ցուցմունքներով: Դատարանի դահլիճում փորձագետը չէր կարողանում թաքցնել իր ակնհայտ սուբյեկտիվ դիրքորոշումը: Նա մեղադրողին առաջարկեց իրեն դնել ամբաստանյալի տեղը, ինձ դիտողություն արեց խղճալ Մուրադյանին, որը կալանքի տակ է: 2-րդ փորձաքննությունն էլ Գրինի սուբյեկտիվ եզրակացության ազդեցության, դրանից կաշկանդված եզրակացություն է եղել, կրկնություն: Նախաքննության ժամանակ արված փորձաքննությամբ աֆեկտ չկար»:
Փաստաբան Մկրտչյանը պնդում է, որ ամբաստանյալի բոլոր գործողությունները եղել են նպատակաուղղված՝ Մուրադյանը Դիանայի երեխաներին փորձել է հեռացնել դեպքի ժամանակ, սպանությունից հետո լքել է դեպքի վայրը՝ Արարատից մեկնել է Երեւան՝ վտանգ զգալով, այսինքն՝ իր մասին է մտածել, բազմաթիվ հեռախոսազանգեր է արել. «Մուրադյանի գործողությունները բխել են իր շահերիցե»:
Սպանված Դիանայի մայրը՝ տիկին Վալյան, ասում է, որ թոռները մինչ օրս հոգեկան ծանր ապրումներ ունեն, նյարդային են, երբեմն՝ ինքնամփոփ, իրենց մոր սպանությանն ականատես լինելուց հետո ուշքի չեն գալիս, նրանց կյանքը վայրկյաների ընթացքում փոխվել է, իսկ մարդասպանն արդեն 6 ամիս հետո ազատ կլինի ու կյանքը կվայելի: Վալյայի խոսքերով ՝ 2 փորձաքննություններն էլ անարդար էին. տիկինը վստահ է՝ Մուրադյանը չէր կարող աֆեկտի վիճակում լինել, նա նախապես էր մտադրվել վերջ տալ Դիանայի կյանքին. «Երեխաների աչքի առաջ սպանել է, հայհոյում էր էրեխեքին, հետո էլ ասել է, որ իբր աղջիկներն այնտեղ չեն եղել, բայց աղջիկը ցուցմունք է տվել, որ տեսել է մոր սպանությունը: Այս 3 տարին ձգձգեցին, որ տակից դուրս գան, 3 տարով պրծնի»:
Նշենք, որ Դիանա Նահապետյանը եւ Վոլոդյա Մուրադյանը գտնվել են քաղաքացիական ամուսնության մեջ: 2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած այս դաժան սպանության ականատես՝ Դիանայի այն ժամանակ անչափահաս դուստրը պատմել է. «Քնած էի, ժամը 4-ին արթնացա մամայիս բղավոցներից: Քույրս` Արփինեն, դեռ քնած էր: Արագ վազեցի, տեսնեմ՝ ճաշասենյակի դուռը կողպված է, ու Վալոդն էլ մամային էն կողմից հրում էր անընդհատ: Մաման գոռում էր, որ ես բացեմ դուռը: Վազեցի խոհանոց, գդալ բերեցի ու դուռը բացեցի: Ներս մտա, տեսա՝ վազը վերցրել է ու խփում է… Մամային փորձեցի փախցնել, բայց ետեւից հասցրեց էլի խփել: Հետո մամային քարշ տալով բերեց խոհանոց ու սկսեց դանակով հարվածել: Օգնություն էինք կանչում, խնդրում էինք, որ այդ բանը չանի, բայց մեզ չէր լսում, մեր աչքի առաջ սպանում էր մամային»:
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում որպես մեղմացուցիչ հանգամանք է ներկայացվել այն, թե կատարած հանցանքը պայմանավորված է Դիանա Նահապետյանի իբր անբարոյական վարքով: Այս հանգամանքը նշվել է փորձաքննության եզրակացության մեջ, որտեղ գրված է. «Մուրադյանը նկարագրել է, թե ինչպես է տուժող Դ. Նահապետյանը պարբերաբար դրսեւորել անբարոյական վարք՝ ծանր վիրավորանքներ հասցնելով արժանապատվության նվաստացմանը: Դ. Նահապետյանի՝ պարբերաբար տեղ գտած անբարոյական արարքները ամբաստանյալ Մուրադյանի մոտ առաջացրել են սաստիկ լարվածություն, բացասական հույզերի երկարատեւ կուտակում (կոմուլյացիա), եւ տուժողի կողմից հերթական նմանատիպ վարքը կարծես պատճառ է հանդիսացել Մուրադյանի՝ տարիներով կուտակված համբերության պոռթկմանը: Փորձաքննվող Մուրադյանի մոտ տուժող Նահապետյանին կյանքից զրկելու քայլերն առաջացել են հանկարծակի եւ հոգեկան ծանր վիրավորանքների հետեւանքով, բացի այդ, հենց դրան էլ հաջորդել է սպանությունը: Դեպքի հանգամանքները հաստատում են դեպքից անմիջապես հետո Վ. Մուրադյանի սառնասրտությունը, իսկ իրադարձությունների մասին Մուրադյանի ցուցմունքը փաստում է, որ նա գրեթե ոչինչ չի հիշել, թե որքան ժամանակ է անցել տանից դուրս գալուց, միայն աղոտ հիշում է մեքենա նստելու պահը, չի հիշում՝ արդյոք ինչո՞ւ է փակել տան դուռը: Այլ կերպ ասած՝ Մուրադյանը, ելնելով կոնկրետ իրադրությունից եւ հանգամանքներից, կատարել է չպլանավորված՝ ենթարկվելով պահի ազդեցությանը»: Նույն եզրակացության մեջ նաեւ գրված է. «Ըստ քրեական գործի՝ Դ. Նահապետյանը Մուրադյանի հետ շփման սկզբնական շրջանում ներկայացել է որպես հասկացող, գրեթե իդեալական կին»: Ապա Մուրադյանը պատմել է, որ հետո բացահայտել է Դիանայի անբարոյական վարքը:
Դիանայի մայրն ասում է՝ եզրակացությունը միակողմանի է, հեշտ է խոսել մահացածի հետեւից, քանի որ նա հնարավորություն չունի ճշմարտությունն ասելու, եւ հեշտ է սպանությունն արդարացնել, իբր Դիանայի անբարոյական վարքով, եւ առավել անբարոյական է սպանվածին, մահացածին վարկաբեկելը. «Այդ ամենը սուտ է: Ի՞նչ է նշանակում իդեալական կին, կամ եթե Դիանան նրա համար այլեւս իդեալական չէր, թող բաժանվեր, ո՞վ է որոշում, թե որն է բարոյականը, որը՝ ոչ: Լավը չէ՞ր Դիանան, թող թքեր ու հեռանար, ոչ թե անասնաբար, խոշտանգելով սպաներ»:
Փաստաբան Նաիրա Մկրտչյանն ասում է. «Եթե տուժողին մեղադրում են այլ տղամարդու հետ կապի մեջ լինելու համար, դա իր կյանքն է, բացի դրանից՝ Մուրադյանը բազմիցս հնարավորություն է ունեցել խզելու կապերը Դիանայի հետ, ինչը չի արել, այլ ուղղակի նրա կյանքին վերջ է տվել: Եթե Դիանան ողջ մնար, մենք կիմանայինք ճշմարտությունը: Մուրադյանը բարկությունը պարպելու համար երիտասարդ կնոջը գազանաբար սպանել է 2 անչափահաս դուստրերի աչքի առաջ, եւ այդ ամենը բարդել կնոջ վարքագծի վրա՝ աղավաղված ներկայացնելով նրա կյանքը»:
Տիկին Վալյան դեռ չգիտի՝ կդիմի՞ Վերաքննիչ դատարան, վստահ չէ՝ արդարությունը կվերականգնվի՞. «Աղջիկս չկա, ի՞նչ արդարություն, թոռներս որբ են մնացել, եթե նրանք նորմալ, առողջ մարդ դառնան, Աստծուն փառք կտամ: Ես Էլդա Գրինին ասել եմ՝ ծախվե՞լ ես, իսկ եթե ձեր երեխային էդպես մորթեին, տանջամահ անեին, արդյոք նման եզրակացություն կտայի՞ք: Նա ինձ ասաց՝ մի խանգարեք ինձ: Էլ ինչ ասեմ էսքանից հետո»:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Մուրադյանի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի հետ, սակայն փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում գրված նրա հեռախոսահամարն, ըստ օպերատորի, գոյություն չունի:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի «Արագ արձագանքման խմբի» շրջանակներում:
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015
Անհասկանալի բաներ են կատարվում Հայաստանում: Ինչ է նշանակում ,,դատահոգեբանական առաջին փորձաքննությունը իրականացրել է ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈԳԵԲԱՆ Էլդա Գրինը,,???: Փորձաքննություններն իրականացնում են ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ (հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձինք),այլ ոչ թե սովորական հոգեբանները,թեկուզ և նրանք մի քանիսի կողմից ,,ճանաչված են,,: Ով է այդ տիկնոջը տվել փորձաքննություն իրականացնելու լիազորությունը և ինչ իրավունքով??? Զարմանալին այն է,որ դատական պրոցեսի մասնակից իրավաբանները ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքի վրա: Ինչպես կարելի էր շարքային հոգեբանի (թեկուզ նա լինի պրոֆեսոր կամ ակադեմիկոս) կարծիքը դնել դատավճռի հիմքում????