Այս լուսանկարներն արվել են Բեռլինում հրատարակվող երգիծական շատ հայտնի ամսագրի՝ «Titanic»-ի խմբագրատանը: Ամսագրի շապիկներին հիմնականում ծաղրի առարկա է դառնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրան տկլորացնում են, խավարասերների հետ նկարում, գիրացնում, Պուտինի գրկում տեղավորում, իսկ Մերկելը դրանց որեւէ կերպ չի արձագանքում: Համենայնդեպս, խմբագրության աշխատակիցները ահազանգեր չէին ստանում ոչ Մերկելից, ոչ էլ նրա աշխատակազմից, բարեկամներից ու խնամիներից:
Ընդհանրապես Գերմանիայի ԶԼՄ-ների հիմնական «հերոսներն» են Մերկելը, Օբաման եւ Պուտինը: Վերջինիս ներկայացնում են հրեշի ու բռնակալի կերպարով, սուր քննադատության ենթարկում:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով 180 երկրների շարքում այս տարի 78-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ նահանջելով 4 կետով: Այստեղ նախագահի, վարչապետի հասցեին թթու խոսք ասող պատգամավորի խոսափողն են փորձում անջատել, իշխանական պատգամավորին հարց տվող լրագրողի ծնոտն են սպառնում կոտրել, պաշտպանության նախարարի հասցեին վատ արտահայտվողներին էլ սպառնում են գլխատել ու բռնաբարել:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.12..2015