Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս անգամ կբանակցենք Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ»

Դեկտեմբեր 25,2015 14:30

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն արձագանքում է
ՀՀ պաշտպանական գերատեսչության դիրքորոշմանը

«Հակառակորդն ամեն կերպ խախտում է հրադադարի ռեժիմը սահմաններում, դժբախտաբար, սահմաններում ահաբեկչությունը մեր հակառակորդը շարունակելու է իրականացնել, բայց միշտ էլ ստանում է եւ ստանալու է համարժեք պատասխան: Այս իմաստով նաեւ մեր կողմից որեւէ բան չի փոխվելու: Խնդիրն այն է, որպեսզի չլինեն լայնածավալ պատերազմական գործողություններ: Դա նաեւ միջազգային հանրության շահերն է շոշափում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Հայաստանի պաշտպանական գերատեսչության դիրքորոշման հստակեցմանը: Նախօրեին, հիշեցնենք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր. «Սա պատերազմ է։ Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»:

Դավիթ Բաբայանը սա համարում է նոր իրողություն, ասում է` նոր փուլի շեմին ենք, ու թեեւ հավաստում է` Արցախում մնում են այն համոզմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ աշխատանք է տարել խաղաղության եւ կայունության պահպանման տեսանկյունից, նաեւ փաստում է. «Ժամանակն է, որպեսզի ավելի հասցեական հայտարարություններ հնչեն: Ավելին՝ հայտարարությունները հռետորաբանությունից գործնական փուլի անցնեն, Ադրբեջանն էլ պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ իրականացնում է: Քանի այդ մեխանիզմները մշակված չեն, չեն գործելու, Ադրբեջանն ավելի հանդուգն է խախտելու հրադադարի ռեժիմը: Ճիշտ է, Ադրբեջանը չի համարձակվի լայնածավալ պատերազմ սկսել, բայց, այնուհանդերձ, միջազգային հանրությունը պիտի ավելի կոնկրետ քայլերի դիմի՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը»:

Ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում Շվեյցարիայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից, բնականաբար, սպասելիքներ չունեին: Բայց այն, որ նախագահների հանդիպման ընթացքում, դրան հաջորդած բոլոր օրերին ադրբեջանական կողմը զերծ չմնաց սադրանքներից, Դավիթ Բաբայանի կարծիքով՝ պետք է որոշակի «մեսիջ» լինի հենց միջազգային հանրության համար: Հետաքրքրվեցինք` ԼՂՀ նախագահը որեւէ կերպ զրույց ունեցե՞լ է ՀՀ նախագահի հետ, տեղյա՞կ է, թե ինչի շուրջ են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բաժակ բարձրացրել: Դրա մասին նախագահների հանդիպումից հետո ասել էր ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Դավիթ Բաբայանը նկատում է` Հայաստանի արտգործնախարարը պարզաբանել է` ասելով, որ այդպիսի բաժակաճառ չի եղել, ու հավելում. «Եթե նույնիսկ համանախագահները փորձեին մի փոքր սիմվոլիկ հանդիպում կազմակերպել նաեւ սեղանի շուրջ, ապա չեմ կասկածում, որ հիմնական զրույցը պետք է ընթանար խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ: Ես ավելի քան համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք խաղաղությունը պահպանել, դա նաեւ ակնհայտ է: ՀՀ նախագահը եւս իր պատրաստակամությունն է հայտնել հարցի խաղաղ կարգավորման համար: Բայց հայկական կողմերը կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը ոչ թե նրա համար, որ թույլ են կամ վախենում են, այլ մենք անցել ենք պատերազմի միջով եւ չենք ցանկանում, որ այդ զրկանքները մեր ժողովուրդը կրկին տանի: Աստված մի արասցե, բայց եթե պատերազմ լինի, ապա բանակցային գործընթացն այս անգամ ընթանալու է ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ»:

ԼՂՀ-ում բավական նորմալ են արձագանքում նաեւ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որոշ գնահատականներով` աննախադեպ, որոշ գնահատականներով` կոշտ ելույթին. «Այդ ելույթում նշված էին բոլոր այն կարեւոր դրույթները, ինչի մասին նաեւ մենք ենք հաճախակի բարձրաձայնում: Եվ կրկնում եմ՝ հակառակորդը պետք է հասկանա` մենք կողմնակից ենք խաղաղության նրա համար, որ մեր քաղաքակրթությունը ագրեսիվ եւ ահաբեկչական չէ, ինչը տեսնում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի օրինակով»: ՀԱՊԿ նստաշրջանի բանաձեւում, այնուհանդերձ, ամրագրումներ չեղան նախագահ Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերի առումով, ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից էլ կարծես արձագանքներ չեղան: Սա ի՞նչ է հուշում, ի՞նչ պետք է անեն հայկական կողմերը` հարցին Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ոչինչ էլ չի հուշում: Նախագահ Սարգսյանի հայտարարությունները մեսիջ էին, ՀՀ-ի մոտեցումներն էին, բայց դա չի նշանակում, որ դրանք անպայմանորեն պետք է ներառվեին ինչ-որ փաստաթղթում: Եթե այդ մոտեցումները կան եւ բարձրաձայնվում են երկրի ղեկավարի կողմից, նշանակում է, որ դա ՀՀ-ի դիրքորոշումն ու քաղաքականությունն է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Арман says:

    Конечно, возьмешь и Баку. Но за счет кого?
    наверно дети из Армении погибнут но точно не ты.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031