Լրահոս
Օրվա լրահոսը

Այսքանից հետո Հայաստանը ՀԱՊԿ-ում անելիք ունի՞

Դեկտեմբեր 25,2015 14:00

Թե ինչպես Սերժ Սարգսյանը ապացուցեց ՀԱՊԿ-ի ավելորդությունը

Դեկտեմբերի 21-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթն աննախադեպ եւ անսպասելի կոշտ գնահատվեց: Մի քանի անգամ ՀԱՊԿ շրջանակներում Ադրբեջանի պահվածքին անդրադառնալով եւ ցանկալի արձագանք չստանալով՝ այս անգամ Սերժ Սարգսյանը տոնայնությունը փոխեց` հանդես գալով առավել խիստ շեշտադրումներով:

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշքեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»,- նշեց Ս. Սարգսյանը` փաստելով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը: «Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր եւ շատ վտանգավոր մակարդակի»։ Ս. Սարգսյանը նաեւ շեշտեց, որ հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձեւավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը «գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»:

Առավել խորքային էր նրա ելույթի մեկ այլ հատված, որը, մասնավորապես, Ռուսաստանին ուղղված կոնկրետ «մեսիջ» էր: Նշելով, որ ռուսական «Սու-24»-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, եւ յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման, Ս. Սարգսյանը ընդգծել էր. «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձեւավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության եւ բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարեւորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»: Իսկ ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին հրավիրված մամլո ասուլիսում Սերժ Սարգսյանը հավելել էր, որ ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի միջադեպի հարցում ՀԱՊԿ երկրները աջակցում են Ռուսաստանին, եւ Հայաստանը որպես ՌԴ-ի դաշնակից՝ իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը:

Սերժ Սարգսյանի մակարդակով, փաստացի, դեկտեմբերի 21-ին Մոսկվայում արձանագրվեց մի փաստ, որի մասին տարիներ շարունակ տարբեր քաղաքական գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ արձանագրում էին. ՀԱՊԿ-ը որպես կառույց չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, ավելին` այս կառույցի անդամ երկրների ղեկավարները չեն էլ թաքցնում, որ հակված են պաշտպանել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ պահվածքը:

Ընդ որում, ՀԱՊԿ-ի ռազմական ներկայացուցիչների վերջին հավաքից հետո ՀՀ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտարարեց, թե խորհրդակցության բոլոր մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի` Սիրիայում ծավալած գործողություններին, իսկ ռուսական «Սու-24»-ի կործանումը համարում են «ագրեսիայի դրսեւորում եւ հարված թիկունքից»: Սակայն ռուսական պարբերականներն անգամ հայտնում էին, որ այդ հայտարարությունները հերքվեցին Ղրղըզստանի եւ Բելառուսի պաշտպանական գերատեսչությունների կողմից, որոնք պնդեցին, թե «նման հայտարարություններով հանդես գալու լիազորությամբ Հայաստանի ներկայացուցչին չէին օժտել, եւ Թուրքիան շարունակում է մնալ իրենց ռազմավարական դաշնակիցը»:

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ղեկավարների համար, այո՛, Սերժ Սարգսյանի ելույթը իսկապես «դաս» էր ու բավականին ցավոտ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ի անարդյունավետությունն արձանագրելիս Ս. Սարգսյանը համեմատություններ էր անում ՆԱՏՕ-ի հետ, եւ բացի այդ՝ նա փաստեց, որ Հայաստանը սատարում է ՌԴ-ին` ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի հարցում, մինչդեռ ՌԴ-ն Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից ոտնձգությունների փաստերը հետեւողականորեն արհամարհում է: Այսինքն՝ ինչ-որ առումով նաեւ Ս. Սարգսյանը Ռուսաստանի` որպես ՀՀ-ի ռազմավարական դաշնակցի հարցն էլ է բարձրացրել:

Իշխանությունը չի թուլացնում ՀԱՊԿ-ի հասցեին քննադատությունը

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչներն իրենց մեկնաբանություններում ամրապնդեցին այն համոզումը, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա էր մեկնել ՀԱՊԿ-ականների հետ ավելի առարկայական խոսելու նպատակով` որոշակի ինքնուրույնություն դրսեւորելով եւ վստահաբար Մոսկվային ոչ դուրեկան ելույթով հանդես գալու համար:

ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան ելույթին՝ նշել է, թե դա նախագահի մակարդակով սթափության կոչ էր, հստակ մեսիջ՝ ուղղված ՀԱՊԿ-ին եւ նրան անդամակցող Հայաստանի դաշնակից երկրներին այն մասին, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ առաջնորդվում է ոչ միայն իր նեղ պետական շահերով, այլեւ ՀԱՊԿ-ի ընդհանուր շահերով, եւ եթե ՀԱՊԿ-ը հավակնում է լինել նորմալ ռազմաքաղաքական միավորում, ապա այնտեղ մենք ոչ թե պետք է ձեւական հայտարարություն անենք, այլ սատարենք մեկը մյուսին:

Իսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հանրության, ռազմաքաղաքական ղեկավարության համար այլեւս անընդունելի է ՀԱՊԿ-ի մոտեցումը Հայաստանի անվտանգության խնդիրներին. «Մենք ձեւական բնույթի որեւէ համագործակցություն ճիշտ չենք համարում եւ ուզում ենք, որ այդ ամեն ինչը լինի իրական եւ իրատեսական»:

Պուտինի պատասխանը Սերժ Սարգսյանի ելույթին

ՀԱՊԿ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի արձագանքը ռուսական մամուլում եւս վկայեց այն մասին, թե որքան դժգոհ է Մոսկվան այդ ելույթից: Փոխանակ անդրադառնալու ՀԱՊԿ-ի հասցեին ուղղված կոնկրետ մեղադրանքներին` «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում էր. «Գագաթնաժողովի մասնակիցները հրաժարվել են ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակել Հայաստանի ներկայացուցչին, ինչն այս պայմաններում կընկալվեր որպես Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ցանկության դրսեւորում, ինչն էլ ճնշող մեծամասնությունը, բնականաբար, չի ուզում: Արդյունքում Նիկոլայ Բորդյուժան եւս մեկ տարով կզբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը»: «Կոմերսանտը» հիշեցրել էր, թե գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պետք է որոշեն, թե ով է լինելու կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը, սեպտեմբերին հայտարարվել էր, որ այդ պաշտոնը ռոտացիոն կարգով է լինելու. «Ռոտացիան տեղի է ունենալու ռուսական այբուբենի համաձայն, այդ պատճառով, բնական է, որ Հայաստանի ներկայացուցիչը կդառնա կազմակերպության քարտուղար»: Իսկ «Լենտա.ռու»-ն գագաթնաժողովի վերաբերյալ հոդվածում ծանրացել էր հարցի վրա, թե ինչու է Ղարաբաղը գագաթնաժողովի տեսադաշտից դուրս մնացել: «Սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Հայաստանի ԶԼՄ-ները Սարգսյանին մեղադրում են, որ դատարկաձեռն է վերադարձել այնտեղից: Մամուլին վրդովեցրել էր, որ կազմակերպության ղեկավարներից մեկը որեւէ գնահատական չէր տվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցողին: Շատ էր խոսվում Ռուսաստանի եւ Արեւմուտքի խնդիրների մասին, էլ ավելին՝ Կենտրոնական Ասիայում «Իսլամական պետության» ակտիվացման մասին: Ղարաբաղի հարցը համառորեն չէին նկատում, եւ Հայաստանի նախագահն ի զորու չէր իր գործընկերների ուշադրությունը սեւեռել այդ հարցի վրա»: Պարբերականը նշել էր, թե խնդրահարույց գոտու մասին չխոսեցին նաեւ այս անգամ:

Այսինքն՝ ռուսական եւ ՀԱՊԿ-ական մամուլը Հայաստան-Ադրբեջան սահմաններում կատարվողի մասին նման տոնայնությամբ ելույթը Սերժ Սարգսյանի կողմից համարում է երկրորդական՝ գերադասելով հիշատակել ԼՂ հիմնահարցը: Հավանաբար ԼՂ հակամարտության մասին Ս. Սարգսյանի կողմից հնարավոր հիշատակումն անմիջապես կարժանանար Իլհամ Ալիեւին հավատարիմ` ՀԱՊԿ-ական գործընկերների արձագանքին, նրանք կհակադարձեին, որ ՀԱՊԿ-ն այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ հիմնախնդիրը: Իսկ գուցե Պուտինը վերջապես ավելի բա՞ց ցանկություն հայտներ Ղարաբաղում ռուսական զորքեր տեղակայելու անհրաժեշտության մասին:

Սերժ Սարգսյանի ելույթին որպես պատասխան կարելի է համարել Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ծննդյան օրվա առթիվ: Սա իսկապես «սառը ցնցուղ» կարելի է համարել: ՌԴ նախագահը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշել է, որ որպես «իսկական ընկեր, Իլհամ Ալիեւն անձնական մեծ ներդրում է ունենում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում ամրապնդման գործում». «Հույս ունեմ, որ Ձեզ հետ ընկերական հարաբերությունները եւ մեր երկու եղբայրական երկրների օգտին միտված աշխատանքը շարունակական կլինեն»: «Եղբայրական Ադրբեջան» արտահայտությունը սովորաբար հնչում է Թուրքիայի իշխանությունների կողմից, բայց ռուս-ադրբեջանական «ռազմավարական» գործընկերության հասած հարաբերություններն, ինչպես երեւում է, թեւակոխում են փաստորեն արդեն ավելի ջերմ փուլ` դեպի «եղբայրություն»:

Ավելի լավ, որ ՀՀ-ն չստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Հայաստանն, ինչպես հայտնի է, չստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշվել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում եւս մեկ տարով կմնա Նիկոլայ Բորդյուժան, եւ ըստ շրջանառվող տեղեկությունների` գագաթնաժողովի մասնակիցները հրաժարվել են ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչին նշանակելու մտադրությունից՝ որոշելով, որ ներկա պայմաններում այդպիսի նշանակումը կարող է մեկնաբանվել որպես Թուրքիայի հետ հարաբերությունը սրելու ցանկություն դաշինքի կողմից, ինչը չի ուզում անդամ պետությունների մեծամասնությունը:

Թուրքիայի հետ հարաբերությունների սրացումը եւ դրա անդրադարձը ԼՂ խնդրի վրա ամենաբացասական զարգացումն է նախեւառաջ Հայաստանի ու Արցախի համար: Եթե դրան էլ գումարենք Հայաստանով եւ Արցախով Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելու գայթակղության վտանգը, որին կարող է տրվել ՌԴ նախագահը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի չստանձնելն առավելապես դրական փաստ է, քան բացասական: Դրանից, համենայնդեպս, հազիվ թե դրական բան շահեինք, եթե ստիպված չլինեինք կորցնել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031