Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, մամաս սաունա ունե՞ր»

Դեկտեմբեր 25,2015 13:30

«Նոր ակունքը» ջուրը կտրել է. բաժանորդի պարտքը հասել է 500 հազար դրամի

Արմավիրի բնակիչ Լիլի Մկրտչյանի ընտանիքը մոտ 500 հազար դրամի խմելու ջրի պարտք ունի: Առանց Մկրտչյանների գիտության ու ներկայության «Նոր Ակունք» ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություն մատուցող ընկերությունը, որի սպառողն ու բաժանորդն է հանդիսանում Լիլի Մկրտչյանի մայրը, եկել, ընտանիքի ջուրը կտրել է, Լիլի Մկրտչյանի խոսքերով՝ ջրի հաշվիչը հանել ու տարել:

Արդեն քանի օր է՝ ընտանիքն անջուր նստած է: «Առավոտի» հետ զրույցում Լիլի Մկրտչյանն ասաց, որ մայրը մահամերձ է, եղբայրն էլ զինծառայող հաշմանդամ է:
Նա նաեւ պնդում է, որ այդքան ջուր իրենք չեն սպառել, եւ որ պարտքն արհեստական է գոյացել. ջրմուղի աշխատակիցները ջրի ծախսերը ծածկելու համար իր նման բնակիչների վրա «ավելի գումարներ են գրում»:

«Երեք ամիս դուռը փակել՝ գնացել ենք: Իրավունք չունեն ջրի հաշվիչն առանց մեր գիտության հանեն՝ տանեն, պետք է տեղյակ պահեն, որ ջուրը կտրում են: Մենք այդքան ջուր չենք սպառել, երկու ամսում 400 հազար դրամ են գրել, սա այն դեպքում, որ Արմավիրում լիտրը 10 դրամով ջուրը գնում ենք: Ճիշտ է, այս ջրի որակը շատ կասկածելի է, եւ տեսնեք՝ մեր խմելու ջրից ինչ զիբիլներ են գալիս, բայց միեւնույն է՝ մարդիկ օգտագործում են: Եկել Նոր տարվա շեմին ջուրը կտրել են»:

Լիլի Մկրտչյանը դժգոհեց, որ ամռան ամիսներին ջրազրկվում են, քանի որ «ջրմուղը ջուրը բոստանչիներին է վաճառում»:

«Ամռանը՝ հուլիս, օգոստոս ամիսներին, ընդհանրապես ջուր չենք ունեցել շաբաթ-կիրակի, ջրմուղի աշխատակիցները հիմնարկում իրենց խալիներն են լվանում, այդ ինչի՞ հաշվին, ո՞ւմ միջոցներով: Գիշերվա ժամը երկուսին ենք լվացք անում, պոմպ ենք դրել, որ ջուր ունենանք: Բա ինչպես եղավ, որ 400 հազար դրամի ջուր սպառեցինք, ջրմուղից ասում են՝ ձեր պարտքը 400 հազար դրամից ավելի է, հասել է 500 հազարի: Մեր գործերն էլ ուղարկել են դատարան: Ինչի՞, մամաս սաունա ունե՞ր, որ այդքան ջուր է սպառել: Ես մինչեւ նախագահ պիտի բողոքեմ: Այս հարցն այսպես չեմ թողնելու»:

Լիլի Մկրտչյանը նաեւ պնդում է, որ իրենք ջրամատակարարման պայմանագիր չունեն «Նոր Ակունքի» հետ, հետեւաբար ինչ վարձ էլ որ գրել է ջրամատակարար ընկերությունը՝ ապօրինի է:
«Թող ինձ ապացուցեն, որ հաշվիչի թվերը պայմանագրով համընկնում են»,- ասում է բաժանորդը:

«Նոր Ակունք» ընկերության տնօրեն Արտավազդ Թորոսյանը, սակայն, «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչի հիման վրա են գումարներ գանձում, բաժանորդին դատի տալիս, եթե Մկրտչյանների հետ չունեն ջրամատակարարման պայմանագիր, ասաց, որ պայմանագրով իրենց բաժանորդը Լիլի Մկրտչյանի մայրն է. «Եթե ինքն իր օրինակը կորցրել է, չի նշանակում, որ պայմանագիր չկա:

Մենք չենք կարող բաժանորդին պարտադրել, որ պայմանագրի իր օրինակը պահի, բայց մեզ մոտ կա պայմանագիր»:

Ջրմուղի ղեկավարը հաստատեց, որ Մկրտչյանները 400 հազար դրամից ավելի պարտք ունեն սպառած ջրի դիմաց, սակայն ասաց, որ այդ գումարները գոյացել են ոչ թե երկու, երեք ամիսների ընթացքում, այլ տարիներ ի վեր. «Անցյալ տարի նորից այդ նույն խնդիրը եղավ, ասեցի՝ գոնե 30-40 հազար դրամ վճարեք, չի կարելի համակարգի նկատմամբ այդպես արհամարհական վերաբերվել, ասեցին, որ իրենք չեն վճարելու: Պարտքը կուտակված է ջրաչափով, ոչ թե շնչերի թվով, ոչ թե ջրի խողովակի կտրվածքով: Ջրաչափը նրա համար է, որ փաստացի ամրագրի, թե տվյալ բաժանորդը ինչքան է ծախսել: Նրանք պայմանագիր էլ ունեն, ջրաչափ էլ»:
Իսկ թե ինչու բաժանորդի ջուրը ավելի շուտ չեն անջատել, որպեսզի պարտքը չհասներ 500 հազար դրամի, Արտավազդ Թորոսյանն ասաց, որ «հարցին բարոյական կողմից են մոտեցել եւ ոչ թե օրենքներով»: Ըստ նրա. «Խնդրում են՝ միացնում ենք, բայց արդեն նրանց գործերը գնացել է դատարան, բռնագանձման վճիռ է կայացվել:

ՀՀ կառավարության 2004 թվականի 22 հունվարի 130-Ն որոշման պահանջներով, որտեղ ամրագրված են խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման կանոնները, պարտքը չվճարելու պատճառով ես անջատել եմ ջուրը: Նա ասում է՝ ես տանը չեմ եղել, բայց որ տանը չի եղել, ես ո՞ւմ զգուշացնեի: Հենց ջուրը ծախսելուն է հարցը վերաբերում, ասում են՝ տանը չեմ եղել, հենց ջուրը անջատելուն՝ ասում են՝ տա՞նն եմ եղել: Հատկապես իրենց թաղամասը ջրամատակարարման խնդիր ընդհանրապես չունի՝ ոչ ամռանը, ոչ ձմռանը: Եթե ինքը 5-րդ հարկի բնակիչ լիներ եւ ասեր, որ ջրի ճնշումը մի քիչ ընկել է, ես կհասկանայի, այլ խնդիր է, բայց ջուր չունենալու խնդիր չկա, քանի որ նրանցը առանձնատուն է»:

Արտավազդ Թորոսյանի խոսքերով՝ ի տարբերություն մյուս ջրմուղների, «Նոր Ակունքն ամբողջությամբ ջուրը վերցնում է ընդերքից՝ խորքային հորերից՝ էլեկտրաէներգիայի միջոցով, եւ իրենց ծախսերի գերակշիռ մասը կազմում է էլեկտրաէներգիան. «Ես որ չտամ էլէներգիայի ծախսը, կանջատեն, չէ՞, հոսանքը, իհարկե՝ կանջատեն, հետո ես ո՞նց ջուր մատակարարեմ բնակչությանը»:

Ինչ վերաբերում է ջրաչափի ցուցմունքին միջամտելուն, ապա պարոն Թորոսյանն ասաց, որ «Նոր Ակունքում» եւ արդեն մեկ տարի է՝ Շիրակում ու Լոռիում ներդրվել է այնպիսի համակարգ, որը բացառում է մարդկային գործոնը. «Որպեսզի խուսափենք տեսուչի, այսինքն՝ մարդկային գործոնի սխալմունքից, ասենք՝ մարդը սխալ տեսնի եւ թիվը սխալ արձանագրի եւ այլն, դրա համար ջրաչափը նկարվում է, եւ այդ նկարը մեկ վայրկյան հետո կպնում է մեր գլխավոր սերվերին՝ բաժանորդային տվյալներին՝ Երեւանի մեր գլխամասում: Թիվն ամրագրվում է, եւ դրանով ձեւավորվում է մարդու պարտքը: Մեկ ամիս առաջ այդ տան ջրաչափը նորից նկարվել է, եւ իրենք կատեգորիկ խուսափում են վճարել: Ծախսում են 2-3 հազար դրամի ջուր եւ մի հինգ ամիս հետո կարող է մի 500 դրամ վճարեն:

Պարտքը կուտակվել է տարիների ընթացքում: Այս խոսակցությունն այդ ընտանիքի հետ անընդհատ է, ամեն անգամ նրանց պարտքն ավելանում է»:

Ջրի որակի առնչությամբ էլ ջրմուղի տնօրենն ասաց, որ իրականում ջուրն անորակ չէ, պարզապես «մարդիկ իրենց այդպես տրամադրել են, որ այս ջուրը խմելու համար վտանգավոր է». «Երեւանում Գառնիի ջուր է մատակարարվում, որը լավ ջուր է, բայց մարդիկ կան, որ շշալցված ջուր են գնում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031