Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգման գործով իրականությանը համապատասխանող ցուցմունք տվողներին առաջադրվել են մեղադրանքներ

Դեկտեմբեր 25,2015 13:00

Հովհաննես Ղալթախչյանը, Գագիկ Ալավերդյանը, Սաշա Ղալթախչյանը, Արտակ Մանուչարյանն ու Արման Ամիրխանյանը, ըստ ՀՀ քննչական կոմիտեում առկա քրեական գործի, մեղադրվում են Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը օրեր առաջ դիմել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ.Հովհաննիսյանին, որպեսզի իր պաշտպանյալների՝ Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանների, Գագիկ Ալավերդյանի նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն անդրադարձել են Ղալթախչյաններին, երբ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի, նրա որդու՝ Հովհաննեսի նկատմամբ նախկինում իրականացվեցին սպանության փորձեր:

Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով, քրեական գործում դրվել են ենթադրություններ, ոչ թե փաստական հանգամանքներ, ցուցմունքներ: «Քրեական գործի ողջ ընթացքում, թե մեղադրյալները, ինչպես նաեւ հարցաքննված մյուս վկաները, որոնք 2015թ. հունվարի 17-ի իրադարձություններին ներկա են գտնվել, ցուցմունքներ չեն տվել, եղել է որոշակի համաձայնություն Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու կամ թեկուզ նրան ինչ-որ տեղ տանելու վերաբերյալ: Իսկ անձին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգելը նշանակում է, որ տվյալ հանցագործությանը մասնակցել են երկու կամ ավելի այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչեւ հանցագործությունը սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին»,- «Առավոտին» ասում է փաստաբանը:

Նրա տեղեկացմամբ, գործում առկա տվյալներից հետեւում է, որ 2015թ. հունվարի 17-ին, ժամը 15-16-ի սահմաններում, երբ Հովհաննես Ղալթախչյանը, Գագիկ Ալավերդյանը, Սաշա Ղալթախչյանը, Աշոտ Աբազյանը, Արթուր Մելիքբեկյանը եւ մյուսները գյուղամիջում կանգնած են եղել, նրանց մոտով մեքենայով անցել է Արտակ Մանուչարյանը, մեքենայում եղել է նաեւ Մեխակ Մելիքբեկյանը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ալավերդյանը բազմիցս նշել է, որ ինքը պատրաստ է Մեխակ Մելիքբեկյանին դեմ առ դեմ ասել, զրուցել, որ վերջինս է Ղալթախչյանների նկատմամբ Տ. Գասպարյանի հանձնարարությամբ կատարել մահափորձը, որոշել են Արտակ Մանուչարյանի ավտոմեքենայի հետեւից գնալ, որեւէ տեղ կանգնեցնել եւ Մեխակ Մելիքբեկյանի հետ զրուցել այդ թեմայով»:

Փաստաբանը վկայակոչում է Գ. Ալավերդյանի հայտնածը: Համաձայն նրա, գյուղամիջում հանդիպել է Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյաններին, իսկ հետո տեսել են Ա. Մանուչարյանին՝ ավտոմեքենայով գյուղի միջով անցնելիս, մեքենայի մեջ է եղել նաեւ Մեխակ Մելիքբեկյանը: Գ. Ալավերդյանն ասել էր, թե «հենց հիմա էլ պատրաստ է ամեն ինչ ասել Մեխակ Մելիքբեկյանի երեսին, եւ որոշել են գնալ եւ զրուցել նրա հետ: Նստել են մեքենան եւ գնացել են Մանուչարյանի հետեւից: Գագիկ Ալավերդյանը պնդել է, որ որեւէ համաձայնություն չի եղել, որպեսզի առեւանգեն Մեխակ Մելիքբեկյանին»:

Նմանօրինակ ցուցմունքներ են տվել Ս. Ղալթախչյանը, վկա Հ. Վարդապետյանը եւ Ա. Աբազյանը: Լիպարիտ Սիմոնյանն ասում է, որ այդ ցուցմունքներով հերքվում է մեղադրյալների կողմից Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալու փաստը:

Փաստաբանի դիտարկմամբ, այն անձինք, ովքեր նախաքննության փուլում «անհրաժեշտ» ցուցմունքներ են տվել, չեն ընդգրկվել «առեւանգող» խմբի կազմում, իսկ ովքեր տվել են իրականությանը համապատասխանող ցուցմունքներ՝ նրանց առաջադրվել են մեղադրանքներ: Գործում առկա Արտակ Մանուչարյանի, Արթուր Մելիքբեկյանի եւ մյուսների ցուցմունքները, որոնք ինչպես սույն գործը քննող քննչական խմբի կողմից, այնպես էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացված որոշումներով մինչ օրս հերքված չեն:
Առեւանգման վերաբերյալ գործով շահագրգռված անձ է հանդիսանում տուժող Մեխակ Մելիքբեկյանը:

Փաստաբանը քննիչին ուղղված միջնորդության մեջ մեջբերում է կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի Ս. Բալաբեկյանի վերաբերյալ ՎՔԲ-203/05 2005թ. հուլիսի 22-ի նախադեպային որոշումից: Համաձայն բարձրագույն դատարանի իրավական դիրքորոշման. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն համոզման, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել»:

Պաշտպանական կողմի դիտարկմամբ էլ, նշյալ անձանց կողմից հանցագործության մասին հաղորդումից եւ բացատրությունից ակնհայտ է դառնում, որ վերջիններս, ինչպես նաեւ Մեխակ Մելիքբեկյանը որոշել են պատրաստել եւ իրավապահ մարմիններին են ներկայացրել մի «սցենար», Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու, Աշոտ Աբազյանի տուն տանելու, միայն հաջորդ օրվա գիշերը տան աստիճաններին ընկած վիճակում հայտնաբերվելու մասին:
Փաստաբանն ասում է. «Ակնհայտ է, որ գիշերն էլ որոշվել է, որ պետք է իրավապահ մարմիններին ներկայացվի առեւանգման սցենար, այլապես Մեխակ Մելիքբեկյանը կդատապարտվեր առանձնապես ծանր հանցագործություններ` սպանության փորձեր կատարելու մեջ»: Նա քննիչի ուշադրությանն է հրավիրում տուժող Մ. Մելիքբեկյանի ցուցմունքները, «դրանց շինծու եւ արհեստական լինելու հանգամանքը»:

«Մասնավորապես, տուժողը նշել էր, որ «իրեն պարտադրել են խոստովանել ենթադրաբար իր կողմից կատարած ու Աչաջուր գյուղի բնակիչ Տաթեւ Գասպարյանի կողմից կազմակերպած մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում` 2013թ. սեպտեմբերի 22-ին Կամո Ղալթախչյանի նկատմամբ ավտոմեքենայի պայթեցման եղանակով կատարված սպանության փորձը»: Մեկ այլ ցուցմունքի համաձայն էլ, իբրեւ տուժողի նկատմամբ բռնություն է կիրառվել, սպառնացել են սպանել եւ վնասել, սպառնացել են սեռական ոտնձգությամբ. «որի պայմաններում ինքը ստիպված է եղել խոստովանել ենթադրաբար իր կողմից կատարած ու Աչաջուր գյուղի բնակիչ Տաթեւ Գասպարյանի կողմից կազմակերպած մի շարք ծանր հանցագործություններ, սակայն ինքը ոստիկանություն չի դիմել, այլ ոստիկաններն են իրեն հրավիրել ոստիկանության Իջեւանի բաժին, որտեղ եւ պատմել է տեղի ունեցածի մասին»: Կարծում եմ, եթե իրական լինեին ցուցմունքում նշված հանգամանքները, ըստ որի՝ ինքը իբր ստիպված է եղել խոստովանել իր եւ այլ անձանց կողմից առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը, ապա հենց դեպքի օրը կամ հաջորդ օրը կդիմեր իրավապահ մարմիններին եւ ոչ թե 5 օր անց ոստիկանները իրեն կհրավիրեին բաժին»,- ասում է փաստաբանը:

Փաստաբանի գնահատմամբ, Մեխակ Մելիքբեկյանի ցուցմունքները չեն կարող հիմք հանդիսանալ իր պաշտպանության տակ գտնվողների մեղքը հիմնավորելու համար, քանի որ դրանք ոչ միայն չեն հաստատվում, այլեւ հերքված են գործով ձեռք բերված այլ ապացույցներով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031