Լրահոս
Օրվա լրահոսը

Դասականի եւ շոու-բիզնեսի «պատվաստում»՝ Ազգային օպերային թատրոնում

Դեկտեմբեր 25,2015 12:30

Մեր իրականության մեջ առաջին անգամ դեկտեմբերի 27-ին Ազգային օպերային թատրոնում կայանալիք Ամանորյա տոնական համերգի ընթացքում հանդիսատեսը կհանդիպի եւ թատրոնի մեներգիչներին, եւ շոու-բիզնեսի դեմքերին: Ծրագրին կմասնակցեն վաստակաշատ օպերային երգիչներից մինչեւ երիտասարդ կատարողներ, այդ թվում՝ Անահիտ Մխիթարյանը, Մարինե Դեինյանը, Պերճ Քարազյանը, Առոլդ Քոչարյանը, Դավիթ Բաբայանցը, Լիպարիտ Ավետիսյանը, Աննա Մնացականյանը, Արծվիկ Դեմուրճյանը, Սոֆյա Թումանյանը ու շոու-բիզնեսի կատարողներից էլ Էմմա Պետրոսյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Արամոն, Ֆորշը, Էրիկ Կարապետյանը եւ այլն:

«Առավոտը» հանդիպեց համերգի պրոդյուսեր, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանի հետ: Նախկինում շոու-բիզնեսի ներկայացուցիչների եւ դասական արվեստի հետ շփումը տարբեր ձեւաչափերով իրականացվել են մեզ մոտ: Հենց Արմեն Մարտիրոսյանն էր, ով առաջինը 1990-ականների կեսերին Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ բեմ բարձրացրեց շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Էմմա Պետրոսյանին, Արամոյին, Արթուր Իսպիրյանին, Արթուր Գրիգորյանին, Գրիշա Աղախանյանին եւ մյուսներին: Ավելի ուշ իր ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի (1997-2010թթ.) եւ ժողգործիքների անսամբլի հետ համատեղ հանդես եկավ ծրագրով, ինչն արժանացավ նույնիսկ ամենաբծախնդիր քննադատների բարձր գնահատականին: Հետո արդեն Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց հոլիվուդյան ճանաչված ֆիլմերից երաժշտություն, ինչպես նաեւ նախագիծ՝ հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների:

Մեզ հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը չբացեց փակագծեր, նույնիսկ չասաց, թե կլինե՞ն փոփ ժանրի եւ էստրադային երգիչների համատեղ դուետներ, սակայն նշեց, որ միջոցառման բուն նպատակն ավելի լայն մասսաներին մերձեցնելն է դասական, մասնավորապես՝ օպերային արվեստին: «Հանդիսատեսը հնարավորություն կունենա այդ օրը տեսնել, ասենք, Ֆորշին եւ շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչներին անսովոր դերում»,- հավելեց կոմպոզիտորը: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը մի փոքրիկ գաղտնիք բացեց. «Երբ այս միջոցառման կապակցությամբ օպերային թատրոնից ստացա հրավեր, հասկացա, որ այս երեւույթը կարող է դառնալ սկիզբ՝ երկարատեւ ու արդյունավետ համագործակցության: Մեր օրերում համաշխարհային արվեստն ընդհանրապես սահմաններ չունի: Միակ չափանիշը եղել եւ մնում է տաղանդի գործոնը, եւ, փառք Աստծո, հայերս երբեք պակաս չենք զգացել: Մյուս կողմից՝ դասականի եւ փոփ արվեստի պատվաստումը, այսպես կոչված՝ ֆյուժեն, մոտեցումը, իմ ստեղծագործական կյանքում առաջնային է եղել: Եվ սա ստեղծագործողից պահանջում է նաեւ մեծ ռիսկ…»:

Ժամանակին Լուչիանո Պավարոտիի առաջին համատեղ համերգները շոու-բիզնեսի համաշխարհային աստղերի հետ արժանացան ոչ միայն հանդիսատեսի ուշադրությանը, այլեւ մեծահարուստների: Վերջիններս հասկացան, որ «օգտագործելով» Պավարոտիի տաղանդն ու անունը, սեփական բիզնեսը, կարճ ասած՝ կբարգավաճի: Հիմա կարելի է պատկերացնել, եթե մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանը ժամանակին իրականացներ համերգ մեր իրական աստղերի՝ Զառա Տոնիկյանի, Տաթեւիկ Հովհաննիսյանի եւ մյուսների հետ, հավանաբար կգտնվեին այն տարիների հարուստները, որոնք կաջակցեին նման ձեռնարկին: Իսկ գուցե ասվածի առիթով մտածի՞ Գեղամ Գրիգորյանը…

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եթե շարունակություն ունենա այս նախագիծը, գուցե հայտնվեն աջակիցներ: Իսկ կայանալիք համերգը, մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ դիրիժորներ Յուրի Դավթյանի, Ռուբեն Ասատրյանի, Հարություն Արզումանյանի եւ Աթանես Առաքելյանի, փաստորեն իրականացվում է միայն թատրոնի եղած սուղ միջոցներով:
Հետաքրքրվեցինք կոմպոզիտորի ստեղծագործական կյանքով ընդհանրապես, մանավանդ որ, նա ապրում եւ արարում է նաեւ Կանադայում:

«Իմ գործունեությունը միշտ կապված է եղել հայրենիքիս հետ: Այն հանգամանքը, որ ես անընդհատ տեղաշարժվում եմ, դա իմ ապրելակերպն է: Անկեղծ ասած, եթե դա չլինի, ապա կտուժի ոչ միայն իմ արվեստը, այլեւ պարզապես ինձ մոտ կլինի դեպրեսիվ վիճակ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Եվ որպես փաստեր հայտնեց. «Ամիսներ առաջ Նյու Յորքում ծանոթացա մի պրոդյուսերի հետ, որին ցույց տալով Գոռ Սուջյանի ձայնագրությունները, նա այնքան ոգեւորվեց, որ եկավ Երեւան, իմ գործիքավորմամբ Գոռի հեղինակած 10 երգի ձայնագրմանն աջակցեց եւ շատ շուտով մեր երգիչը պայմանագիր կկնքի հանրահայտ «Յունիվերսալի» հետ: 2011-12թթ. կազմակերպեցի հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների համերգները Կանադայի մեծ քաղաքներում: Վերջին շրջանում տարվել եմ կինոերաժշտությամբ: Անցյալ տարի երաժշտություն եմ գրել 5 ֆիլմերի համար, 4-ը՝ մոսկովյան, մեկը՝ ռեժիսոր Դավիթ Սահակյանցի «Անահիտ» անիմացիոն ֆիլմի»:

Մի մեծ գաղտնիք էլ բացեց մեր զրուցակիցը: «Շուտով երաժշտասերներին եւ, ինչու չէ, արվեստիս երկրպագուներին հնարավորություն կունենամ հրավիրել նորաստեղծ «Մաեստրո» սրահը: Սա կլինի իմ միկրո աշխարհը, ինչը հնարավորություն կստեղծի շփվել համախոհների, հարազատների, հանդիսատեսի հետ: Կհյուրընկալվեն մեր մշակույթի այլ ոլորտները ներկայացնող արվեստագետներ եւս»:

Նշենք նաեւ, որ Արմեն Մարտիրոսյանը «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի (տնօրեն՝ Մարինա Սուլթանյան) պրոդյուսերներից է ու իր գիտելիքներով աջակցում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031