Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանին կատարվածը միայն սահմանին չի վերաբերում

Դեկտեմբեր 25,2015 12:00

Այս մտայնությամբ են գործում մի խումբ երիտասարդներ

Երեք երիտասարդներ` մասնագիտությամբ ծրագրավորող Հրայր Ավագյանը, դիվանագետ Երվանդ Բոգդանյանը եւ տնտեսագետ Սարգիս Ոսկանյանն այս տարվա սեպտեմբերին սահմանամերձ Բերդավանի վրա թշնամու կրակոցներից հետո, որոշեցին մեկնել գյուղ: Տղաները պատմեցին, որ ցանկանում էին աջակցել՝ ինչով կարող են, չնայած շեշտում են, որ բերդավանցիները հպարտ ու քաջ մարդիկ են, երբեք որեւէ մեկին չեն դիմի աջակցության համար: Երիտասարդները տեղեկացրին, որ առաջին անգամ գյուղ են տարել՝ ինչ պատահի, սկսած հագուստից, որովհետեւ դեռ չէին ճշտել կարիքները: Նրանք փորձել են նորոգել մանկապարտեզի խաղահրապարակը, ինչ-ինչ շինարարական աշխատանքներ արել:

Հրայր Ավագյանն ասում է, որ իրենց նախաձեռնությանը միացել են ոչ միայն մյուս ընկերները, այլեւ անծանոթ քաղաքացիներ, ովքեր մտահոգ են սահմանային լարվածությամբ եւ հայրենակիցների «մատից փուշ հանելու» ցանկություն ունեն, քանի որ սահմանին կատարվածը ողջ Հայաստանին է վերաբերում: Հրայրն ասում է՝ ուրախ են, որ իրենց գործը ճիշտ է ընկալվում, մարդիկ գիտակցում են, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է ինչ-որ բան անի:
Սարգիս Ոսկանյանի ձեւակերպմամբ, սահմանամերձ շրջաններում ապրողները մեղավոր չեն, որ այնտեղ են ծնվել ու իրենք են անմիջապես կրակի տակ. «Նույն հաջողությամբ ես կարող էի էնտեղ ապրել… Կրակոցների հենց առաջին գիշերը գնացինք Բերդավան, որտեղ նաեւ քաղաքացիական երկու զոհ կար: Մենք մեծ նյութական օգնություն չէինք կարող հասցնել, իրենք էլ հպարտ մարդիկ են եւ իսկական հայեր են»:

Երվանդ Բոգդանյանն այս մասին նշում է. «Իրենցից տեղեկացանք, որ անվադողերի խնդիր ունեն, դրանք օգտագործվում են պաշտպանական հարցեր լուծելու համար: Մեր առաջին այցից հետո մի տեսակ պարտավորված զգացինք, մոտ 600 անվադողեր գտանք, ուղարկեցինք 3 մեքենաներով: Եղանակային վատ պայմանների ու կրակոցների պատճառով վնասված տանիքներ կային, այդ հարցը եւս պետք էր լուծել»:

Սարգիսն էլ հիշում է. «Մենք գտանք մարդկանց, օրինակ, մեզ աջակցեց 154 դպրոցի տնօրեն տիկին Արշակյանը: Քանի որ իրենց տանիքը փոխել էին, տրամադրեց իրենց թիթեղները, որոնք տեղ հասցրինք: Մեզ աջակցեցին Անահիտ Բախշյանը, Էրեբունու եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարությունը: Նաեւ դպրոցի համար քարտեզներ են հասցրել: Մեր նախաձեռնությունը չի նայում՝ ով ինչով օգնեց: Եթե դու ցանկանում ես օգնել, օգնիր: Մեզ մոտ ընդամենը ինֆորմացիայի խնդիր կա, մենք տարածում ենք, որ կա նման բան: Մարդիկ էլ միանում են մեզ»:

Երիտասարդները Ֆեյսբուքում ստեղծել են «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» եւ «Երիտասարդ հայրենասերների սերունդ» խմբերը, որտեղ իրազեկման ու հաշվետվողականության աշխատանք են տանում:

Հրայրն ասում է, որ իրենց միանում են ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ տարածքից, ցանկանում են նաեւ դրամական միջոցներ ուղարկել, բայց իրենք առաջարկում են դրա փոխարեն ուղարկել այն, ինչ պետք է բերդավանցիներին, որովհետեւ դրամահավաքը վերջին շրջանում այլ ընկալում ունի հասարակության մեջ: Օրինակ, ԱՄՆ-ից իրենց ընկերներից մեկին գումար են ուղարկել, իրենք չեն էլ ստացել այդ գումարը, ուղղակի ընկերոջն առաջարկել են դեղորայք եւ առաջին բուժօգնության պարագաներ գնել եւ ուղարկել: Տղաները նպատակ ունեն ընդլայնել իրենց գործունեության աշխարհագրությունը, նույնը կոչ են անում ողջ հայությանը: Նրանք պատրաստվում են նաեւ հասարակական կազմակերպություն ստեղծել, որպեսզի, ինչպես Սարգիսն է ասում, հաշվետվությունը թղթի վրա լինի. «Մենք ոչ թե բացելու ենք, այլ ստեղծելու ենք հասարակական կազմակերպություն, ցավոք, այսօր Հայաստանում շատերը հասարակական կազմակերպությունը բացում են կրպակի կամ խանութի պես»: Մեր զրուցակիցները նաեւ շեշտում են՝ այսօր ազգային ոգին բարձրացնելու խնդիր կա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031