Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրքի հոտը ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի կարող փոխանցել»

Դեկտեմբեր 25,2015 11:30

Ինտերնետայի՞ն, թե՞ ավանդական գրքեր՝ մեր հարցախույզը

Այսօր համացանցը մեր կյանքի անբաժան մասն է կազմում, նույնիսկ գրքերը սկսել ենք ընթերցել համակարգչի միջոցով: Հարյուրավոր կայքեր նվիրված են տարբեր ազգերի գրականությանը, այստեղ կարող ես գտնել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ գրողների ստեղծագործությունները, մի խոսքով, ստացվում է այնպես, որ ինտերնետային գրքերը հետզհետե հետին պլան են մղում ավանդական գրքերին: Թե ինչ գրքերին են նախապատվությունը տալիս մեր համաքաղաքացիները, փորձեցինք պարզել պատահական անցորդներից:

Սոնան պատմում է, որ միանշանակ կողմ է ավանդական գրքերին, ասում է. «Գրքի հոտը ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի կարող փոխանցել: Ուրիշ է՝ էջերը թերթելով ու վայելելով գիրք կարդալը: Համակարգիչը նաեւ վնաս է տեսողությանը, երկար նայելու դեպքում ճառագայթները վնասում են աչքերը»:

Հայկն էլ նշեց, որ զբաղվածության եւ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում տպագիր գրքեր ընթերցել: Այդ իսկ պատճառով օգտվում է համացանցում առկա էլեկտրոնային գրադարաններից, ու այստեղ ամեն ինչ ավելի արագ է ստացվում:
Մեզ հետ զրուցած Մարիամի կարծիքով. «Տպագիր գրքի պակաս կա, երբեմն անհրաժեշտ գրականություն գտնելը շատ դժվար է լինում: Երբ փնտրում ենք այն եւ չենք գտնում գրախանութներում եւ գրադարաններում, ապա այդ ժամանակ, բնականաբար, օգնության է գալիս ինտերնետը»:

Թեմայի շուրջ խոսեցինք նաեւ բժշկուհի Արմինե Բագրատյանի հետ: Նա պնդում է, որ համակարգիչը չի վնասում աչքերը, եթե ամեն կես ժամը մեկ մի քանի րոպեով հանգստացնում ես: «21-րդ դարն է, առանց համակարգչի հնարավոր չէ: Պետք է օգտվել, իհարկե, նաեւ ավանդական գրքերից, սակայն ինտերնետային գրքերն էլ իրենց տեղն ունեն: Պարզապես պետք է ճիշտ օգտվել համակարգչից՝ աչքերի տեսողությունը պահպանելու համար: Կրել պաշտպանիչ ակնոց, կամ գոնե ամեն կես ժամը մեկ մի քանի րոպեով հանգստացնել աչքերը, դուրս գալ մաքուր օդ շնչելու» – նշեց բժշկուհին:

Ինտերնետայի՞ն, թե՞ ավանդական գրքեր, ի վերջո կարեւորն ընթերցելն է ու շարունակաբար ինքնակրթությամբ զբաղվելը: Մեզ հետ զրուցած երիտասարդները չեն «կիսում» այն կարծիքը, թե ընթերցանության ճգնաժամ կա, ասում են՝ պարզապես ընթերցելու եղանակներն են փոխվել:

ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Իսկ մագաղաթի հոտն ի՜նչ լավն էր: Բայց ո՞վ ա հիմա գնում Մատենադարան Խորենացի կարդա տենց:
    Օ ժամանակներ-օ բարքեր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031