Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՅՏՆԵՐԸ

Դեկտեմբեր 25,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասնչորսերորդ

ՀԱՆՐԱՀԱՅՏՆԵՐԸ

Էդ թվերին հեռուստացույցով ընդամենը մի քանի հոգի էին երգում՝ Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Նորայր Մնացականյանն ու շատ ջահել Ռուբեն Մաթեւոսյանը, եւ հետագայում նրանց միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ մանավանդ ջահելների համար ասեմ, որ էս Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովտաննիսյանի հետ որեւէ առնչություն չունի եւ էն թվերին միանգամայն հանկարծակի ու անհասկանալիորեն հայտնվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ժողգործիքների պետական անսամբլում, եւ ասում էին թե՝ էս երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան Հեռուստատեսության ու ռադիոյի պետական անսամբլում երգելը, բանտում է նստած եղել եւ բանտում օրենքով գողերի ու հեղինակությունների համար է երգել, եւ, փաստորեն, իր երգչական տաղանդի շնորհիվ բանտում իրեն նորմալ են վերաբերվել, բայց էդ ասեկոսեներն էնքան էլ համոզիչ չէին, որովհետեւ երգիչ Րաֆֆին առանձնապես ուժեղ չէր Նորագավիթցի Կկվից, որը նույնպես բանտում գողերի ու լավ տղերքի համար երգել ու արժանացել էր նրանց դրական վերաբերմունքին, բայց  Նորագավիթցի Կկվի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ բանտից դուրս գալուց հետո կարող է ժողգործիքների  պետական անսամբլում երգել, բայց ահա՝ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանին դա հաջողվել էր, եւ դա անհասկանալի ու անհավանական էր, եւ իր երգացանկից էս պահին մտքիս մեջ «Բաքու-Երեւան, Թիֆլիս ու Սեւան» երգն է, որի հաջորդ տողն էր՝ «ման սանա ղուրբան, շենի չիրիմե, ձեր հոգուն ղուրբան», եւ իմ տարեկիցներն ու ինձնից  տարիքովները կհաստատեն, որ դա առանձնապես մի երգ չէր, բայց ահա՝ էդ երգի կատարողը բանտից դուրս գալով՝ անմիջապես ընդունվել էր Ռադիոյի եւ հեռուստատեսության պետական համույթ, եւ Օֆելյա Համբարձումյանին, Նորայր Մնացականյանին ու շատ ջահել Ռուբեն Մաթեւոսյանին զուգահեռ ու համահավասար էդ խմբում երգում էր, եւ չնայած երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ տարիքով առանձնապես մեծ չէր, ինքը, ի տարբերություն Ռուբեն Մաթեւոսյանի ու էդ խմբի մյուս մենակատարների, չափազանց կարճ վայելեց ժողգործիքների պետական անսամբլի մենակատարի պաշտոնն ու հաստիքը, եւ էդ հաստիքը պաշտոն եմ անվանում, որովհետեւ էդ հաստիքը, փաստորեն, ցմահ պաշտոն էր՝ ինչպես էսօրվա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, եւ էդ հաստիքները զբաղեցնողները ցմահ հեռուստացույցով երգում ու ցմահ վայելում էին էդ հաստիքի ընձեռած արտոնություններն ու առավելությունները, եւ էդ առավելություններից հիմնականն ու թերեւս ամենակարեւորն էն էր, որ էդ հաստիքներն զբաղեցնողները մեր հանրապետության ամենաճանաչված ու ամենանշանավոր մարդիկ էին, մանավանդ որ՝ էդ թվերին Հայաստանում քաղաքական գործիչներ ու Սադոյաններ չկային, եւ, Շամշյաններ էլ չկային, եւ հանրապետության ամենահանրահայտ ու ամենանշանավոր մարդիկ արվեստագետներն էին, եւ հատկապես ու առանձնապես  դերասաններն ու երգիչները, եւ երգիչներից էլ՝ հատկապես ու առանձնապես  ռադիոյի  ու հեռուստատեսության էդ անսամբլի մենակատարները, որոնք ինչպես էլ երգեին՝ ժողովուրդը նրանց կատարումները հավանելու էր, որովհետեւ նրանցից բացի՝ ուրիշ ժողովրդական երգիչներ չկային ու գոյություն չունեին, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երգերն ու երգեցողությունն էլ քննարկման ենթակա  չէին, եւ եթե  որեւէ մեկը որեւէ մեկին Րաֆֆի Հովհաննիսյանից գերադասում էր, էդ գերադասվողը կամ Ռուբեն Մաթեւոսյանն էր լինում կամ էլ էդ անսամբլից մեկ ուրիշը, եւ սրանց հետ որեւէ մեկին որեւէ մեկը չէր համեմատում, եւ նույնիսկ ամենաժողովրդական երգչուհի Լուսիկ Քոշյանին սրանց հետ չէին համեմատում, որովհետեւ Լուսիկ Քոշյանը հեռուստատեսությամբ համարյա չէր երգում, այլ հիմնականում՝ ռադիոյով, եւ չնայած իր առանձնահատուկ  ու բացառիկ ձայնը մշտապես մեզ հետ էր, իրեն դեմքով շատ ավելի քիչ էին ճանաչում, քան՝ ժողգործիքների անսամբլի վերոնշյալ երգիչներին ու երգչուհիներին, որովհետեւ Լուսիկ Քոշյանին տեսնելու համար պիտի տոմս առնեիր ու գնայիր  ֆիլհարմոնիայի մեծ  դահլիճ՝ Թաթուլ Ալթունյանի երգի ու պարի անսամբլի համերգներին, եւ եթե ժամանակ առ ժամանակ Թաթուլ Ալթունյանի էդ համույթի ելույթները հեռուստացույցով ցույց էին տալիս, էդ համույթի երգիչներին եւ նույնիսկ մեներգիչներին   չափազանց հեռվից էին ցույց տալիս, ու էդ էր պատճառը, որ ժողովուրդը ռադիոյի ժողգործիքների անսամբլի մեներգիչներին դեմքով շատ ավելի լավ գիտեր, քան՝ Լուսիկ Քոշյանին եւ հատկապես իրեն՝ էդ համույթի ղեկավար Թաթուլ Ալթունյանին, իսկ ինչ վերաբերում է նույն էդ երգի-պարի անսամբլի մեներգիչ Ալբերտ Սարգսյանին, ժողովուրդը նրան դեմքով շատ լավ գիտեր, բայց ոչ թե երգի ու պարի անսամբլից, այլ՝ «Շիրակի մեղեդիները» երաժշտական ֆիլմից:

 

Շարունակությունը՝ եկող տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031