Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնականաբար սա խաղաղություն չէ, բայց պատերազմ էլ չէ». Շարմազանով

Դեկտեմբեր 24,2015 23:30

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նիստի քննարկման օրակարգը:

Նրա խոսքով, ամփոփել են տարին ու տարվա ձեռքբերումների կողքին առանձնացրել կորուստները:

Հիմնական կորուստը, ըստ պարոն Շարմազանովի,  սահմանային լարված իրավիճակն է.  «Մեր զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքերի կորուստները: Ես մեկ անգամ ևս ուզում եմ խոնարհվել այն ծնողների առջև, որ դաստիարակել են հայ զինվորների և այն տղաների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն ՀՀ-ի և Արցախի անվտանգության ամրապնդման: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունն ամենակարևորն է: Ունենք հարևաններ, որ փորձում են սրել իրավիճակը, և մենք այլ ճանապարհ չունենք, քան պաշտպանել մեր անկախությունը, անվտանգությունը և նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը»:

Նա անդրադարձավ նաեւ Բեռնում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու ասաց, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել. «Մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն  այլընտրանք չի կարող ունենալ: Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, ինչ ունի այսօր, իսկ փաստացի այսօր Արցախը անկախ հանրապետություն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մոսկվայում կայացած ՀԱՊԿ նիստին ՀՀ նախագահի ելույթին, պարոն Շարմազանովը շարունակեց. «ՀՀ նախագահի խոսքը նախևառաջ ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավարի խոսք էր, որը բխում էր ՀԱՊԿ-ի շահերից: Անհնար է լինել մի քաղաքական բլոկում և չտեսնելու տալ այն խնդիրները, հարվածները, կրակոցները, որոնք ուղղվում են քո դաշնակցի ուղղությամբ: Այդ ելույթը նաև ուղղված էր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում ընդունել են դիրքորոշում, որը չի բխել ՀԱՊԿ շահերից, պաշտպանել են այն երրորդ երկրներին, որոնք ՀԱՊԿ անդամ չեն և տարբեր կազմակերպություններում ընդունել են որոշումներ, որոնք չեն բխում բանակցային տրամաբանությունից, և հակասում են  Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին»:

Պարոն Շարմազանովը մեկնաբանեց նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, որ սահմանին այլևս ոչ թե հրադադարի խախտում է, այլ՝ պատերազմ: Նա ասաց՝ չի կարելի ասել, որ մենք պատերազմում ենք. «Բնականաբար սա խաղաղություն չէ, բայց պատերազմ էլ չէ: Պատերազմն այլ բան է, պատերազմ էր 1991, 92, 93, 94թթ-ին, մենք պետք է ձգտենք, որ խաղաղությունը հաղթի, հասնենք նրան, որ պատերազմ չլինի և պետք է հայացքներս ուղղենք անվտանգության ամրապնդմանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031