«Քաղաքական տարին հագեցած էր, կային ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ կորուստներ»,- նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ հաջողություններից առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, Համահայկական հռչակագիրը. «Երկրորդ կարևորագույն իրադարձությունը ապրիլքսանչորսյան իրադարձությունն էր, երբ Երևան ժամանեցին տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում նաև 4 նախագահներ, որից երկուսը ՌԴ և Ֆրանսիայի նախագահն էին:
Կարողացանք ներկայացնել առաջադեմ մարդկությանը, որ ցեղասպանության դատապարտումը ժամանակ չի ճանաչում և 100-րդ տարելիցով չենք ավարտում մեր պայքարը՝ հանուն արդարության, հանուն ցեղասպանության դատապարտման: Սա նոր սկիզբ է, ժխտողականության պայքարի, սկիզբ է ավելի միասնական ուժերով դաշնակից երկրների հետ և բոլոր պրոգրեսիվ մարդկության հետ իրականացնենք մեր պայքարը»:
Նա տարվա ձեռքբերում համարեց այս տարի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը. «Բոլոր դժվարություններով հանդերձ մուտքը կարևոր էր ՀՀ-ի համար, գտնում ենք, որ այո՛, պետք է շարունակել օգտվել և իրացնել այդ պոտենցիալը: Ձեռքբերում էր նաեւ ԵՄ-ի հետ նոր բանակցությունների սկիզբը նոր փաստաթղթի շուրջ: Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը: Մեզ համար շատ կարևոր է շարունակել երկխոսությունը ԵՄ-ի հետ և արդեն իսկ այդ համագործակցության շնորհիվ իրականացրել ենք բազում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որի արդյունքում ՀՀ-ն դարձել է ավելի ժողովրդավար»:
Տարվա վերջին ու ձեռքբերումն, ըստ պարոն Շարմազանովի, սահմանադրական բարեփոխումներն էին. «ՀՀ-ն ապրում է բարեփոխված Սահմանադրությունով, ինը հնարավորություն է տալիս ավելի անվտանգ ու ժողովրդավարական երկրում ապրելու և քաղաքական պայքարը պայմանավորել ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ Հայաստանում ապահովված է քաղաքական բազմակարծությունը. «Այսօր բազմակարծությունն ապահովված է, դուր գա քաղաքական գործիչներին, թե՝ ոչ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ